Ինչպե՞ս կորցնել իշխանությունը

1990թ. Հայաստանի կոմունիստական իշխանություններն էին կտրվել ժողովրդից, հասարակության մեջ առաջացած պահանջները և գործընթացները հաճախ օտար էին նրանց, անկարող էին հասկանալ կատարված փոփոխությունները, ամեն օր սխալ քայլեր էին անում և ժողովրդից հեռացնող հայտարարություններ: Արդյունքում զիջեցին իշխանությունը: Բարեբախտաբար՝ խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով:

Անցած տարի արաբական երկրներում ծայր առած շարժումներին տեղի ավտորիտար ռեժիմներն արձագանքեցին գրեթե անլրջորեն՝ վարվելով մի եղանակով, որը իրենց դեմ ելած զանգվածին այլընտրանք չթողեց, քան կենաց և մահու պայքարը: Նույն կերպ էր վարվել նաև Խորհրդային Ադրբեջանը Ղարաբաղի դեպքում:

Չլինեին Սումգայիթի կոտորածները, Բաքվի ի սկզբանե ագրեսիվ կեցվածքը, գուցե Ղարաբաղյան շարժման առաջնորդներն անհաջողության մատնվեին: Սակայն ադրբեջանական ագրեսիան հայությանը ստիպեց գնալ պայքարի, քանզի դրա այլընտրանքը մահն էր: Արդյունքում Ադրբեջանը կորցրեց իր իշխանությունը Արցախի վրա:

Վերջերս ադրբեջանական Ղուբա քաղաքի բնակիչների բողոքի ակցիաները կարող էին այլ ընթացք ունենալ, եթե Ալիևն այնքան հիմար լիներ, ինչքան մենք էինք կարծում: Սակայն Բաքվի իշխող կլանն արագ տիրապետեց իրավիճակին, չգնաց ընդդեմ ժողովրդի, ազատեց Ղուբայի շրջանային ղեկավարին: Ավտորիտարիզմի այս տեսակը, երբ տանելի են տարբեր պաշտոնյաների դեմ բողոքի ակցիաները, եթե դրանք ուղղված չեն ամենաբարձր պաշտոնյային և նրա ընտանիքին, որպես կանոն ավելի երկարակյաց են, քան որևէ բողոքի ցույց չհանդուրժող ռեժիմները:

Ժողովրդավարական երկրներում ժողովրդից կտրվելու «բնավորություն» ունեն երկար ժամանակ իշխանության մեջ գտնվող ուժերը:

Հայաստանում նույնպես իշխանությունները, քաղաքական ուժերի մեծ մասը ժողովրդի զարկերակը լսելու ունակություն չունեն: Չնայած ժամանակ առ ժամանակ բողոքի հուժկու դրսևորումներին՝ որոշում ընդունողները չեն փորձում ընդառաջ գնալ խնդիրների լուծմանը, այլ ձեռնամուխ են լինում բողոքը կենտրոնացնողներին «ոչնչացնելուն»:

ՀՀ իշխանությունների և իշխող ՀՀԿ-ի համար նոր փորձաքար է թափ առնող բնապահպանական շարժումը՝ Թեղուտով, Քաջարանով և Մաշտոցի պուրակով: Եթե իշխանությունները Թեղուտից հարյուր միլիոնավոր դոլարների եկամուտներ են ակնկալում և հանուն դրա պատրաստ են հասարակության հետ «կենաց ու մահու» պայքարի, ապա Մաշտոցի այգին վաճառատարածքի չվերածելը նման զոհողություններ չի պահանջում, և իշխանությունները կարող են ընդառաջել հասարակության արդարացի պահանջներին:

Սակայն պարզվում է՝ իշխանությունները դա չեն հասկանում: Ապացույցը՝ Ոստիկանության՝ պուրակը հսկող բնապահպանների դեմ «օպերացիաները»: Հենց այս դասական սխեմայով էլ իշխանություններն օտարանում են հասարակությունից՝ մոտենալով իշխանությունը կորցնելու տրամաբանական ավարտին:

Մեկնաբանել