Google-ը կհասկանա մարդու պես

Ընկերությունն արմատապես փոխում է որոնողական համակարգը

Google ինտերնետային հսկան մտադիր է առաջիկա ամիսներին արմատապես փոխել և արդիականացնել իր որոնողական համակարգը, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը։ Նորարարության արդյունքում որոնման շեշտը հանգուցային բառերից կդրվի հարցման իմաստի վրա։ Փոփոխությունները կանդրադառնան միլիոնավոր բիզնես կայքերի վրա, որոնց համար կարևոր է որոնողական թոփում հայտնվելը։ Նորարարությունը Google-ին ավելի շատ գովազդ վաճառելու հնարավորություն կտա։

«Իմաստային որոնումը» որոնողական համակարգին թույլ կտա հարցումը հասկանալ այնպես, ինչպես այն կհասկանային մարդիկ»,– WSJ-ին պարզաբանել է Google-ի թոփ մենեջեր Ամիտ Սինգհալը՝ հավելելով, որ այդ նպատակով հարցումը կզտվի գիտելիքների այն բազայում, որը տեղեկություններ է պարունակում միլիոնավոր սուբյեկտների՝ մարդկանց, կազմակերպությունների, տեղանունների և այլնի մասին։ Տեղեկատվական այս բազան Google-ն առանց ավելորդ աղմուկի ժողովել է վերջին երկու տարում։

Օրինակ՝ «Բայկալ լիճ» հարցման ժամանակ Google-ն իր որոնման արդյունքների ցուցակի առաջին տեղում կբերի լճի հիմնական բնութագրերը՝ խորություն, աշխարհագրական դիրք և այլն։ «Մոլորակի 10 խոշորագույն լճերը» հարցման դեպքում համակարգն անմիջապես կբերի դրանց ամբողջական ցանկը, և հնարավոր է, որ օգտագործողն այլևս անցում չկատարի գտնված կայքերից և ոչ մեկը։ Եթե ուղղակի պատասխանը չգտնվի Google-ի տեղեկատվական բազայում, ապա որոնողական համակարգն արդյունքները կդասավորի ոչ միայն ըստ հանգուցային բառերի, այլև ըստ կայքում գտնված տեղեկությունների կարևորության։ «Նորացված Google-ը կդառնա նոր սերնդի որոնողական համակարգը»,– հավելել է Սինգհալը։

Որոնման նոր ալգորիթմն առաջընթաց է ենթադրում ոչ միայն Google-ի, այլև ամբողջ ինտերնետ միջավայրի համար, ամփոփում է WSJ-ը։

Նշենք, որ Google-ը զբաղեցնում է ինտերնետային որոնման շուկայի 66%-ը և ստանում այս շուկայում գովազդային հասույթի 75%-ը՝ այդպիսով շարունակելով մի քանի քայլ առաջ մնալ իր գլխավոր մրցակիցներից՝ Microsoft-ի Bing-ից և Apple-ի Siri-ից։ Նշենք նաև, որ նորարարությունը Google-ին թույլ կտա օգտագործողի՝ իր էջում գտնվելու ժամանակը մոտեցնել Facebook-ի և Twitter-ի համապատասխան ցուցանիշին, ինչը կօգնի բարձրացնել կոնտեքստային գովազդի գինը։

Փորձագետների կարծիքով՝ «իմաստային որոնման» համակարգը 2010թ. Google-ի գնած Metaweb Technologies-ի մասնագետների մշակումն է։

Մեկնաբանել