Գերմանացիները տարեկան 6,7 մլն տ սննդամթերք են դեն նետում
Գերմանիայի Շտուտգարտի համալսարանի փորձագետների ուսումնասիրության համաձայն՝ գերմանացիները տարեկան 6,7 մլն տ սննդամթերք են դեն նետում։ Այսպես՝ յուրաքանչյուր գերմանացի տարեկան 81,6 կգ սննդամթերք աղբամանն է նետում։ Ընդ որում՝ այս ցուցանիշը չի ներառում ռեստորանների և սրճարանների, ինչպես նաև սննդի արդյունաբերության պարենային մնացուկները։ Դրանց հաշվարկման դեպքում դեն նետված սննդամթերքի իրական ծավալը Գերմանիայում կկազմի մոտ 11 մլն տ, գրում է գերմանական Die Welt պարբերականը։
Գերմանացիների անհավանական և անընդունելի «շռայլության» խնդրին անդրադարձել է նաև երկրի Սպառման նախարար Իլզե Այգները։ Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է սննդի ռացիոնալ ընտրություն կատարեն ինչպես տնտեսական և էկոլոգիական, այնպես էլ բարոյական տեսանկյունից։
Փորձագետների գնահատմամբ՝ ներկայում աշխարհում սովի է մատնված մոտ 900 մլն մարդ, մոտ 80 մլն եվրոպացի աղքատության շեմին է, նրանցից 18 մլն-ը ստանում է պարենային օգնություն։ Ընդհանուր առմամբ՝ Եվրոպայի բնակչությունը տարեկան մոտ 90 մլն տ սննդամթերք է աղբարկղ նետում, հաղորդում է գերմանական NTV հեռուստաընկերությունը։
Ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, ապա, Այգների կարծիքով, իրենք մանրածախ առևտրի ցանցերի հետ միասին քաղաքացիների շրջանում բացատրական աշխատանք պետք է տանեն, թե ժամկետը լրանալուց հետո անգամ որոշ ապրանքատեսակներ դեռ պիտանի են օգտագործման համար։
Ըստ Այգների՝ արտադրողներն ու վաճառողները սպառողին հաճախ հարկադրում են ավելի շատ սննդամթերք գնել, քան անհրաժեշտ է։ «Հարկադրման» այդ միջոցների թվում, օրինակ, սննդամթերքի ավելի մեծ չափաբաժիններով փաթեթավորումն է, ինչը համեմատաբար էժան է, չնայած հետո մթերքի կեսը հայտնվում է աղբամանում։
Նշենք, որ անցած տարի Եվրահանձնաժողովը կոչ էր արել մինչև 2020թ. կրկնակի կրճատել դեն նետված սննդամթերքի ծավալը։