Հեղափոխությունը տրոհման արահետին

Տրիպոլիում Ազգային անցումային խորհրդից անկախ գործում են զինված մի շարք խմբավորումներ, որոնք հիմնականում հեղափոխական նախկին ջոկատներն են։ Դրանցից ամենաազդեցիկները Միսուրատայից կամ Զինտանայից են։

Ակտիվ գործում են նաև ոչ ժողովրդական ընտրյալները՝ ԱԱԽ-ի ինքնահռչակ անդամները։ Թեև նրանք ժամանակ առ ժամանակ լիբիացիներին ներկայացնում են ԱԱԽ-ի որոշումները, նրանց հետ կապ հաստատելը գրեթե անհնար է, նրանք անգամ մամուլի գրասենյակ չունեն։ Բացի այդ՝ չկա որևէ մարմին, որը կտա հարցի պատասխանը՝ ինչպես կամ որտեղ են ծախսվում նավթային եկամուտները։

Սակայն բոլորից առաջ են անցել Կիրենաիկայի ավագներն ու քաղաքական առաջնորդները։ Օրերս Բենղազիի արվարձաններից մեկում նրանք միակողմանիորեն այս տարածաշրջանը կիսանկախ են հռչակել։ Ավագները հայտարարել են, թե մտադիր են Կիրենաիկայում անկախ նախարարություններ, այդ թվում՝ ներքին գործերի և նավթի նախարարություն ստեղծել, ինչպես նաև իրենց վերահսկողության տակ վերցնել կրթական գործընթացն ու կոմունալ սպասարկումը:

Այս քայլով «Կիրենաիկայի ժողովրդի կոնգրեսմենները» որոշել են վերականգնել ոչ միայն նախակադաֆիական եռագույն դրոշը (Կադաֆի կառավարման ընթացքում Լիբիայի դրոշը միատոն կանաչ էր), այլև դաշնային վարչակարգը:

1951թ. Լիբիայի թագավոր Իդրիսը անգլիացիների և ֆրանսիացիների խորհրդով Լիբիայի պատմական երեք շրջանները՝ Տրիպոլիտանիան, Կիրենաիկան և Ֆեզանը, միավորեց մեկ թագավորության կազմում: Բենղազին, Տրիպոլիին զուգահեռ, երկրորդ մայրաքաղաքի կարգավիճակ ստացավ: Սակայն Մուամար Կադաֆիի իշխանության գալուց հետո շրջանի ինքնավար կարգավիճակը վերացվեց, Տրիպոլին դարձավ երկրի միակ մայրաքաղաքը, իսկ Բենղազին ստացավ շրջկենտրոնի կարգավիճակ:

Կադաֆիի կառավարման երկարատև տարիներին արևելյան ցեղախմբերին այդպես էլ չհաջողվեց համտեսել նավթադոլարներից ստացված եկամուտները: Հետևապես զարմանալի չէ, որ Կադաֆիի դեմ ապստամբությունը սկսվեց հենց Բենղազիից։

Սակայն Կիրենաիկայի բնակիչները, ամենայն հավանականությամբ, ցանկանում են վերականգնել ոչ միայն այս շրջանի ինքնավար կարգավիճակը, այլև երբեմնի միապետությունը: Ուստի պատահական չէ, որ «Կիրենաիկայի ժողովրդի կոնգրես»-ի ղեկավար է ընտրվել ԱԱԽ-ի անդամ, Իդրիս թագավորի ուղղակի ժառանգորդ, երբեմնի այլախոհ, Սախարովի անվան մրցանակակիր Ահմադ ազ Զուբայր աշ Շարիֆ աս Սենուսին, որն ԱԱԽ-ում իր անդամության և նոր պաշտոնի միջև որևէ հակասություն չի տեսնում:

Սակայն Լիբիան դաշնության վերածելու գաղափարին աջակցում են Կիրենաիկայի, ինչպես նաև երկրի ոչ բոլոր բնակիչները: Շատ լիբիացիներ փողոց դուրս եկան՝ բողոքելով այս նախաձեռնության դեմ և այն անվանելով «երկրի փլուզման ծրագիր»:

Գաղափարը դուր չեկավ նաև Լիբիայի հարևաններ Թունիսին և Եգիպտոսին, որոնք արդեն հասցրել են արտահայտել իրենց դժգոհությունը: ԱԱԽ-ի ղեկավար Մուստաֆա Աբդ ալ Ջալիլը, որին ժողովուրդն անվանում է Մուստաֆա Աբդ ալ ՆԱՏՕ, Կիրենաիկայի ավագունուն պատերազմով սպառնաց՝ մեղադրելով նրանց Արևմուտքի հետ համագործակցության մեջ:

Հատկանշական է, որ դեռ մեկ տարի առաջ Ջալիլը Բենղազիի ապստամբներին համարում էր «ազգի գույն» և «հեղափոխության առյուծներ»։ Ներկայում Ջալիլը դրանք փոխարինել է «նենգ դավաճաններով» և «դավադրության մասնակիցներով»՝ գիտակցելով, որ Տրիպոլին այս պայմաններում կարող է առանց նավթի մնալ։

Անշուշտ, ցանկացած իրադարձություն կարելի է մեկնաբանել դավադիր համաձայնության դիտակետից:

Այսպես՝ նավթի մոլուցքով տարված Արևմուտքը զինել է ապստամբներին և այժմ մտադիր է տրոհել Լիբիան՝ նավթով հարուստ Կիրենաիկայում միապետության ստեղծմամբ՝ Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Պարսից ծոցի այլ միապետությունների նմանությամբ: Այս տարբերակի օգտին է խոսում նաև այն, որ Բենղազիում սկսել են գործել արևմտյան շատ ընկերությունների մասնաճյուղեր, ինչպես նաև տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ:

Մյուս կողմից՝ չպետք է բացառել, որ Լիբիայի տրոհումը՝ արևմուտքի և արևելքի, բնական գործընթաց է, ինչին ականատես կլինենք շատ այլ երկրներում, որոնց սահմանները գաղութատիրական տերությունները արհեստականորեն են գծել։ Օրինակ՝ Սուդանը, որը ևս նավթային վիճելի խնդիր ունի, բաժանման ճանապարհով է գնացել, քանի որ քրիստոնեաբնակ հարավը մուսուլմանաբնակ հյուսիսի հետ իրեն մեկ ազգ չէր համարում և ձգտում էր անկախության։ Էլ չասած Եվրոպան, որտեղ անկախության են ձգտում ֆլամանդացիները, բասկերը և շոտլանդացիները։

Եթե Լիբիան փոքր-ինչ նման լիներ Բելգիային կամ Մեծ Բրիտանիային, կարելի էր հուսալ, որ երկրի շրջաններից յուրաքանչյուրը կկարողանա իր հետհեղափոխական կյանքը կազմակերպել միասնական և անկախ պետության կազմում՝ հուրախություն արաբական աշխարհի։ Սակայն երկրում, որտեղ անգամ հեղափոխությունից հետո այլ կարծիք ունեցողների հետ խոսում են զենքի կամ արցունքաբեր գազի միջոցով, քիչ հավանական է, որ ներքին սահմանների գծումը խելամիտ որոշում է։

Մեծ է հավանականությունը, որ Կիրենաիկայում ինքնավարության ստեղծմանը զուգահեռ՝ մնացած ցեղախմբերը և զինյալ հեղափոխականները կփորձեն լիբիացի «շոտլանդացիների» վրա ազդել ոչ խաղաղ միջոցներով։ Այս դեպքում կրկին արյուն կհեղվի, կրկին կդադարեցվեն նավթի մատակարարումները, երկիրը կրկին քաոսում կհայտնվի, իսկ Կադաֆիի ժամանակները ուղղակի դրախտային կթվան։

Չնայած իր բավական դաժան մահին՝ Կադաֆին ինչ-որ տեղ բախտավոր էր. նա չտեսավ լիբիացիներին մեկ միասնական Լիբիական Ջամահիրիայի կազմում միավորելու իր երազանքի վերջնական տապալումը։

Մեկնաբանել