Մանարյանի հիմնադրած «Ագուլիս» մանկական թատրոնում երեխաներն օգնում են, որ բարին հաղթի, հարցեր են տալիս տիկնիկներին ու հուշում ճիշտը։ Այստեղ նրանք հեքիաթի հերոսներ են։ «Երեխան չգիտի, որ սա թատրոն է, նրա համար սա խոր իրականություն է։ Երեխա կա, որ լաց է լինում, թե ինչու խոզուկները գնացին,– ասում է Երվանդ Մանարյանը։- Երեխան էստեղ նստած բան է հարցնում, էնտեղ իրեն պատասխանում են. իրեն ոչ ոք չի թելադրում՝ ինչ հարցնի, ինքը զգում է այն իրականության հետ անմիջական կապը։
Դա շատ մեծ բան է՝ ո՛չ հեռուստացույցը, ո՛չ կինոն, ո՛չ էլ ուրիշ երևույթ այս տալ չի կարող։ Նրանք իրար կողքի նստած են, և տիկնիկը բան է հարցնում, երեխան պատասխանում է, հետո անդրադառնում է, որ ոչ միայն ինքը պատասխանեց, այլև բոլորը։ Ակամա ինքը հասկանում է, որ ինքը մենակ չի՝ այս երևույթը դատապարտելու հարցում իր կողքին ուրիշները կային, այս երևույթը իր հետ միասին ուրիշներն էլ են ընդունում ու գովերգում։ Այստեղ մարդ-քաղաքացին է ձևավորվում. թատրոնը դրանով է մեծ»։
Երվանդ Մանարյանը հիշեցնում է, որ հայերի համար դեռ հազարամյակներ առաջ թատրոնը գերակա նշանակություն է ունեցել. «Ամբողջովին հայ ազգային կենցաղի հետ ձուլված երևույթ էր թատրոնը, էր…։ Ինչպես Խորենացին է ասում՝ բամբիռը ուսած անցնեին փողոցներով և թատերս խաղային։ Ճիշտ է, այն ժամանակվա թատրոն հասկացությունն ու այսօրվա թատրոնն իրարից տարբերվում են, բայց տարբերվում է միայն արտաքին կազմակերպչական ձևը, բուն էությունը մնում է նույնը»։
Այսօրվա թատրոնը, սակայն, շատ է հեռացել իր հիմնական խնդրից. թատրոնն առաքելություն է եղել, իսկ հիմա դարձրել են զբաղմունք, զվարճավայր։ «Բարձրակարգ զվարճավայր է հիմնականում։ Չնայած խիստ ցածրակարգն էլ է լինում, բայց, բոլոր դեպքերում, զվարճավայր է, այլևս առաքելություն չէ։
Առաքելություն լինելու համար պետք է թատրոնը զբաղվի այն բուն խնդիրներով, որոնք հասարակության մեջ կան։ Բայց մարդն ինքը չի կարողանում դրանց պատասխանը տալ։ Էդ ամբողջ ծանր գործը թողնել կուսակցությունների վրա՝ չի կարելի։ Մեր կուսակցությունները բոլոր դեպքերում շատ սուր՝ դանակ-դանակով են գործ անում»,– նշում է նա։
Իր դերը կրում է միայն մանկական թատրոնը, որը, առանց գովազդի «էն անհաջող աֆիշներից բացի, որ փողոցի եզրին դրված են», գրավում-բերում է մանուկներին։ Հեքիաթի հանդիսատես-հերոսները դա ընկերներին են պատմում, հեքիաթ-աշխարհի մասին մարդիկ իրարից են իմանում, «ու գալիս են, որովհետև ծնողը և տատիկ-պապիկը երեխայի դաստիարակությամբ մտահոգ են ու նրան բերում են թատրոն։ Դա հայ ազգային ձևի արտահայտությունն է։ Այ էդ ձևը դեռ բնազդաբար ապրում է»։
Մանուկն այստեղ ընկնում է իր հոգսերի աշխարհը, օգնում է փրկել բարուն, հասնել հաղթանակի, պատժել չարին, իսկ երբ մեծանում է, ու այլ են խնդիրները, երբ պետք է իր նոր հարցերին պատասխանեն «մեծերի» թատրոնները, արդեն ոչինչ չի գտնում։ «Եվրոպական բարձրակարգ ներկայացումներ են՝ գեղագիտական առումով մեծ մասամբ անխոցելի, բայց ոչ մի արդիական հարցի չեն անդրադառնում»,– նշում է Երվանդ Մանարյանը։
«Եթե վաղը Սունդուկյանի թատրոնը այնպիսի մի ներկայացում դնի, որտեղ արտացոլվի այսօրվա մի հասարակական խնդիր՝ կրպակների խնդիրը, կրպակների խնդրից էլ առաջ էն, որ Բուզանդի փողոցն ավերեցին, պառավը իրա տան շեմքին մեռավ, չուզեց հեռանալ,– Մանարյանի հայացքում խտանում է արցունքը, ամիսներով հոգում շուռումուռ եկող ցավը դողդողում է նրա ձայնում,– դա ի՞նչ բան է, դա թատրոն է, չէ՞, ինքը՝ թատրոնն է դա…, և արտացոլում չգտավ։ Եթե դա թատրոնում արտացոլում գտներ, այս նեղ օրերին, երբ մարդը հաց գնելու փող չի գտնում, թատրոնի տոմս գնելու փող կգտներ, հերթ կկանգներ, տոմսը կառներ և կգնար։
Բայց մեզ չեն շահագրգռում էդ բաները։ Եվրոպական ինչ-որ գեղեցիկ բաներ են ցուցադրում, հեռուստացույցը քանի՞ ալիք ունի, ամբողջ աշխարհի հեռուստաալիքներն են բռնում։ Կնստի կնայի, էլի, դրանից ավելի լավը կնայի։ Ազգային ի՞նչ խնդիր է բարձրացնում թատրոնը, որ նրանք չեն տալիս։ Չկա էդ խնդիրը։ Եթե կբարձրացնես էդպիսի մի հարց, հանդիսատեսը կունենա շահագրգռվածություն, ինչպես մեր փոքրիկ հանդիսատեսն ու իր տատիկը»։
Եթե թատրոնն իր առաքելությունը վերագտնի, մանրիկ հարցերով մարդիկ հրապարակ չեն գա
Երվանդ Մանարյանը մասնակցում է գրեթե բոլոր հանրահավաքներին։ Նա այնտեղ շրջում է մարդկանց մեջ, հարթակից դիտում նրանց՝ իրենց հոգսերով, իրենց դժգոհություններով հրապարակ եկած մարդկանց։
Նա վստահ է, որ հարցերը պետք է բարձրացնել միասին. «Երբ դու թերությունը ցույց ես տալիս թեթևակի, կարող է լղոզեն-անցնեն, բայց երբ էդ թերությունը ցույց են տալիս շատերը՝ խոշորացույցով, արդեն դա շրջանցել հնարավոր չէ, պիտի դրան ուշադրություն դարձնել։ Երբեք չի կարելի ընդդիմությանը թշնամի դիտարկել, չկա մեր հասարակության մեջ այդ թշնամանքը՝ եթե ոչ էն դեպքերում, էդ ուրիշ բան, երբ ուզում ես քո հարցը լուծել, դուրս ես գալիս, տալիս մի տասը հոգի սպանում ես, պատասխանն էլ չես տալիս։
Սա արդեն ուրիշ խնդիր է։ Էդ խնդիրը մարդկությունը էն գլխից լուծելու ճանապարհը ցույց է տվել,– հավաստում է նա,– երկիրն ինչպե՞ս է շենանում, բոլոր ասպարեզներում ճիշտ գործելով, իսկ եթե մի ուղղությամբ միայն աշխատենք, համաչափ չի զարգանա, մի կողմի վրա կծռվի»։
Մանարյանի խոսքով՝ եթե թատրոնն իր առաքելությունը վերագտնի, մանրիկ հարցերով մարդիկ հրապարակ չեն գա, իսկ իրական խնդիրները միանգամից կմիավորեն մարդկանց։ Եթե թատրոնը վերագտնի իրեն, նա բեմից կպատասխանի մարդկանց հնչեցրած կամ նույնիսկ չձևակերպած, չգիտակցած հարցերին։
«Ինձ Աստված էս բաժինն է տվել՝ ծնողներս՝ թատերական գործիչներ, զավակներս՝ թատերական գործիչներ, մենք էս ճանապարհով ենք գնում»,– բարի-տխուր ժպտում է Երվանդ Մանարյանը, սեղմում իր երեքամյա հանդիսատեսի ձեռքը, որը փորձում է պապիկին շրջանցելով նայել վարագույրի հետևն ու կամացուկ ասում՝ գայլը ուր ա, ուր ա, վա՜յ, ցկա։