Հետադարձ հայացք նետելով, թե որ լրատվամիջոցներն են հիմնականում ուշադրություն դարձրել նրա վերջին տարիների գործունեությանը՝ տեսնում ենք, որ իշխանամետ լրատվամիջոցներից բացի՝ ուրիշ ոչ ոք: 2010թ. «Հայլուր»-ը նրա հետ լրագրողներ էր գործուղում մարզեր, որպեսզի լուսաբանեին հայ-թուրքական արձանագրությունների օգտին նրա ակտիվ քարոզչությունը: Հայտնի չէ ներքին քաղաքականության վերաբերյալ Թևան Պողոսյանի հայտնած որևէ միտք:
Խոսել է հիմնականում բոլոր այն թեմաներից, որոնք որևէ կերպ չեն անհանգստացնում իշխանություններին: Մի առիթով իր կենտրոնի մասին ասել է. «ՄԶՄԿ-ն ամեն ինչ անում է, որ պատվով պահի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենակոմպետենտ «ուղեղային կենտրոններից» մեկի կարգավիճակը»:
Ինչո՞ւ է «Ժառանգության» համամասնական ցուցակը գրվել ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետում. որովհետև այս ֆակուլտետում ամբիոնի վարիչը Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն է: Այս ամբիոնում որպես դասախոս է աշխատում «Ժառանգություն»-ից խայտառակ ձևով հեռացված Վարդան Խաչատրյանը: Կուսակցությունում նրա մոտ հայտնաբերել էին իշխանությունների հետ մերձեցման ձգտումներ, որն էլ պատճառ էր դարձել պարոն Խաչատրյանից տարանջատվելու:
Ի՞նչ է այսօր կատարվում «Ժառանգություն»-ում: «Ժառանգություն»-ը թերևս հոգնել է ընդդիմություն լինելուց: Այսօր այդ կուսակցությունից իշխանության համար ըստ էության խնդիրներ կարող է առաջացնել միայն Զարուհի Փոստանջյանը: Իսկ Թևան Պողոսյանի և Վարդան Խաչատրյանի վերադարձը «Ժառանգություն» հուշում է, որ այդ կուսակցությունը քաղաքական դաշտ է փոխում:
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը իր կուսակցության համագումարում խոսում է մեկ բանի մասին՝ «Ժառանգություն»-ը հեռու է ներհայաստանյան քաղաքական և սոցիալական խնդիրներից նույնքան, որքան երկրի այսօրվա իշխանությունները: Այսօր նրանք միմյանց գտել են այնպես, ինչպես երկվորյակներն են գտնում տարիների բաժանումից հետո:
Երբ ցուցակի անցողիկ տեղում գտնվող «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցչին (ներողություն, զրույցը հրապարակման ենթակա չէր) հարցնում եմ, թե Ձեզ դո՞ւր է եկել Ձեր միասնական ցուցակը, բորբոքվում է. «Ուֆ, ի՞նչ անեմ, գնացեք Րաֆֆիին հարցրեք, թե ինչո՞ւ է Թևան Պողոսյանը մտել ցուցակ»: Այսինքն՝ գիտի միասնական ցուցակի խոցելի տեղը: Գիտի նաև, թե որտեղից է եկել հրահանգը նրան ցուցակի խիստ անցողիկ տեղում տեղավորելու համար:
Այսինքն՝ գիտեն նաև, որ իշխանություններն իրենց համար այս ընտրություններում որոշակի տոկոսներ են նախատեսել: Այլապես «Ժառանգության» ինչի՞ն էր պետք թարմացնել առանց այն էլ վերջին չորս տարում քննություն բռնած ցուցակը և Արմեն Մարտիրոսյանի ու Լարիսա Ալավերդյանի համար նախատեսել ոչ անցողիկ տեղեր, իսկ Թևան Պողոսյանին և իշխանամետ բլոգերներից մեկին, նաև հասարակությանն անհայտ նախկին փոխոստիկանապետին բերել անցողիկ տեղեր: