Հայաստանն այս տարի ավելի շատ իրանցիների է սպասում

-Պարոն Ապրեսյան, անցած տարի այս օրերին Երևանի փողոցներում բազմաթիվ իրանցի զբոսաշրջիկների կարելի էր տեսնել: Այս տարի կարծես պատկերը քիչ այլ է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Եղանակով: Մի քանի օր ճանապարհները փակ էին Իրանում, և արդեն հոսքերը սկսել են վերականգնվել։ Մեզ տեղեկացրել են, որ ճանապարհներն արդեն բաց են, և ավտոբուսների երթևեկությունը թույլատրվել է։ Մյուս խնդիրը կարծես Իրանում արտարժույթով է պայմանավորված, որը մեր իրավասություններից դուրս է։ Մեր ունեցած տեղեկություններով՝ զբոսաշրջիկները դժվարությամբ են դոլար գնում: Բացի այդ՝ դոլարը թանկացել է, ինչն ազդում է զբոսաշրջիկների գնողունակության վրա։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ խնդիրը լուրջ ազդեցություն չի ունենա հոսքերի վրա։

Անցած տարի մարտին Հայաստան է այցելել շուրջ 25 հազ. իրանցի զբոսաշրջիկ, և այս տարի ակնկալում ենք, որ նրանք ավելի շատ են գալու։ Համենայն դեպս, մենք պատրաստ ենք ընդունելու իրանցի զբոսաշրջիկներին։ Եթե որևէ արտառոց բան չպատահի, զբոսաշրջիկների թիվը կաճի։ Թվերը կլինեն մի քանի ամիս անց, երբ ամփոփվեն արդյունքները։ Ընդհանուր առմամբ՝ 2010թ. նախորդ տարվա համեմատ Իրանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել էր 40%-ով, իսկ անցած տարի՝ մոտ 10%-ով։ Աճի տեմպը դանդաղել է, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ բացարձակ թիվն անցած տարի ավելի մեծ է եղել, քան տոկոսը։

-Կենտրոնական բանկի հետ արդյոք չե՞ք փորձել քննարկել, որ Հայաստանում հնարավոր լինի ազատ փոխանակել իրանական արժույթը։

-Հավատացե՛ք, որ մեր ԿԲ-ն և այլ իրավասու մարմիններ այդ խնդրին ուշադրություն դարձրած կլինեն։ Այդտեղ միայն զբոսաշրջային գործոնը չպետք է հաշվի առնել: Կարծում եմ՝ հնարավորության դեպքում այդ խնդրին լուծում կտրվի։ Ներկայում ունենք այն, ինչ ունենք:

-Պատրա՞ստ ենք դիմավորել մեծ հոսքերի։

-Մենք պատրաստ ենք դիմավորել այդ հոսքին, բայց արդեն զգում ենք ննջատեղերի պակաս։ Սա խնդիր է, որի մասին խոսելը թերևս հաճելի է, որովհետև այն լուծելի է։ Մենք արդեն տեսնում ենք այդ պահանջարկը բավարարելու մասնավորի ակտիվությունը. թե՛ Երևանում, թե՛ մարզերում նոր հյուրանոցներ ու հանգստյան տներ են կառուցվում։

Զբոսաշրջությունն այն ոլորտն է, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք բավարարել ավելի բարձր պահանջմունքները։ Այս շուկան բավական պահանջկոտ է, և գնալով զբոսաշրջիկի թե՛ ճաշակը, թե՛ պահանջները մեծանում են: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք արձագանքել այդ պահանջներին՝ պահպանելով մեր ազգային առանձնահատկությունն ու ինքնատիպությունը։ Փորձագիտական գնահատականներով՝ միջին զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է $1000։

-Ի՞նչ դժգոհություններ են լինում։

-Ամեն տարի մենք վերլուծում ենք խնդիրները, քննարկումներ ենք կազմակերպում մասնավոր հատվածի հետ, հարցումներ ենք կատարում զբոսաշրջիկների շրջանում։ Նրանց բարձրացած խնդիրները փորձում ենք լուծել մեր իրավասությունների շրջանակում։ Միջոցառումներ ենք ձեռնարկել, որպեսզի առաջարկենք ավելի բարենպաստ պայմաններ։ Կապի մեջ ենք մասնավոր հատվածի հետ և տեղեկանում ենք՝ ինչ է տեղի ունենում սահմանի վրա։ Անցած տարի մեծ հոսքի հետ կապված՝ զբոսաշրջիկները բողոքում էին, որ ստիպված էին երկար կանգնել սահմանային անցակետերում։

Ի պատիվ իրավասու մարմինների՝ այս տարի մասնավոր գործընկերները մեզ տեղեկացրին, որ սահմանային անցակետերում ավելի լավ և արագ են կազմակերպված գործընթացները, սպասարկումն ավելի բարվոք է, քան նախորդ տարիներին։ Բողոքներ եղել են ծառայությունների որակի հետ կապված։ Մենք ունեցել ենք քննարկումներ թե՛ հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների, թե՛ զբոսաշրջային օպերատորների հետ, և ես լիահույս եմ, որ մասնավոր հատվածն այս տարի ավելի բարձրորակ ծառայություններ կապահովի։

-ԱՎԾ-ի տվյալներով՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների 10%-ը կամ մոտ 75 հազ-ը բաժին է ընկնում Իրանին։ Հաշվի առնելով, որ միայն մարտին 25 հազ. հոգի է գալիս Իրանից, արդյոք ըստ ամիսների բաշխվածության խնդիր չի՞ առաջանում։

-2010թ. Հայաստանի սահմանը հատել է 120 հազ. Իրանի քաղաքացի, 2011թ.՝ մոտ 134 հազ.։ Սա նշանակում է, որ Իրանից Հայաստան այցելությունները ըստ եռամսյակների համաչափ են բաշխված։ Ամբողջ տարվա ընթացքում Իրանից Հայաստան այցելություններ կան։ Իրանից Հայաստան զբոսաշրջությունը նպաստել է նրան, որ մեզ մոտ զբոսաշրջային սեզոնն ավելի շուտ սկսվի։ Մինչ այդ Հայաստանում զբոսաշրջային սեզոնը սկսվում էր Զատիկի օրերին։

-Իրանի շուրջ աշխարհաքաղաքական խնդիրները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ երկրից Հայաստան զբոսաշրջային հոսքերի վրա։

-Զբոսաշրջությունը բավական զգայուն ոլորտ է աշխարհում տեղի ունեցող ցանկացած երևույթների նկատմամբ՝ լինի քաղաքական վիճակ, տնտեսական ճգնաժամ, համաճարակներ և այլն։

Մեկնաբանել