Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…

«Ես արդեն 16 ամիս է, ինչ ծառայում եմ բանակում» , – սա իրական կլիներ, եթե բախտս բերեր ու ունենայի լավ տեսողություն: Բախտս չի բերել, աչքերս լավ չեն տեսնում: Բանակում չեմ ծառայում:Թե՞ բախտս բերել է, թքած, որ մի քանի բան էլ պակաս եմ տեսնում: Չէ՞ որ ես կարող էի լինել 191-րդը, չգիտեմ որերորդ «ինքնասպանվածը»:

Մի անգամ դպրոցում ընկերներիցս մեկն ասաց` ես բանակում չեմ ծառայի: «Իսկ ո՞վ է պաշտպանելու մորդ ու քույրերիդ» ,- հարցրեց ուսուցիչներից մեկը: Այդ հարցը մեխվել էր ուղեղիս մեջ: Այդ օրվանից սպասում էի, որ կգա այդ օրը, ու ես էլ կգնայի մորս ու քույրերիս պաշտպանելու: Ու երբ իմացա, որ այդ օրը չի գալու ինձ համար մի տեսակ հպարտության «անկում» ունեցա, մի տեսակ ինձ մեղավոր էի զգում մորս, ընտանիքիս ու այն ընկերներիս մոտ, ովքեր գնում էին ծառայելու: Միգուցե այդ օրվան սպասել էին նաև այն տղաները, ովքեր մեռան, բայց ոչ իրենց մոր կյանքն ու հայրենիքը պաշտպանելու համար: Իսկ եթե գար այդ օրը ինձ համար, միգուցե մայրս էլ դառնար այն սևազգեստ կանանցից մեկը, ովքեր ամեն հինգշաբթի հավաքվում են Կառավարության շենքի մոտ` մեր կառավարիչներից պահանջելով մի քիչ արդարություն բանակում ոչ մարտական պայմաններում սպանված իրենց զավակների գործերի քննության մեջ:

Վերջին օրերի բանակային մղձավանջի բացատրությունները ես գտնում եմ բանակում ծառայող ընկերներիս պատմածների մեջ: Այն ընկերներիս, ում անունները երազում եմ չգտնել յուրաքանչյուր միջադեպից հետո ուղարկված մամլո հաղորդագրություններում:

Նրանք պատմում են այն «արժեքների» մասին, որ այսօր հարկի են բանակում, այն փոխհարաբերությունների մասին, որ երբեմն ստորացուցիչ են ցանկացած բանական էակի համար:

Ու ցավալին այն է, որ այդ արժեքներն ու փոխհարաբերությունները ընդունելի են դառնում այն տղաների համար, ովքեր դեռ մի տարի առաջ փորձում էին պայքարել այդ մթության դեմ:

Ընկերներիցս մեկը, ով ատում էր Կոնֆուցիոսին միայն մի մտքի համար` «ղեկավարը քամու նման է, իսկ ժողովուրդը` խոտի, ինչպես փչում է քամին, այդպես էլ պառկում է խոտը», այսօր խոստովանում է, որ բանակում անհնար է դառնում «չպառկել քամու ուղղությամբ»: Հավանաբար նրանք, ովքեր հանդգնում են չպառկել փչած քամուն համընթաց, պառկում են հավերժ:

Ես 16 ամիս առաջ պետք է գնայի բանակ: Ես չգնացի… Ես ապրում եմ …

Մեկնաբանել