Մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, իսլամական մի շարք երկրներ սկսում են նշել նոր տարվա՝ Նովրուզի տոնը, որը տևում է տասներեք օր: Արդեն մի քանի տարի է, ինչ հազարավոր իրանցիներ այդ տոնը նշելու համար ժամանում են Հայաստան (այս թեմայով կարդացե՛ք հարցազրույց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ, կարդացեք այստեղ): Իրանցի զբոսաշրջիկները ոչ միայն օգնում են, որ Հայաստանում սովորականից շուտ սկսվի տուրիստական սեզոնը, այլև նպաստում են ընդհանրապես հայաստանյան մանր ու միջին հյուրանոցների կայացմանն ու զարգացմանը:
Մեր պետությունն ու ժողովուրդը միանշանակ պետք է ողջունեն հարևան իրանցիների՝ Հայաստանում հանգստի անցկացումը: Դա հենց այն ճանապարհն է, որը թույլ կտա զարգացնել տնտեսության այդ ճյուղը և կնպաստի նաև այլ երկրներից զբոսաշրջային հոսքերի մեծացմանը:
Եթե կառավարությունը գիտակցում է զբոսաշրջության զարգացման կարևորությունը՝ թեկուզ կամ առնվազն հրապարակային հայտարարություններով, ապա հաճախ անհասկանալի է մեր որոշ հայրենակիցների անտրամաբանական քամահրանքը իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ՝ որպես օտար մշակույթի և կրոնի կրողների: «Վերք Հայաստանի» ժամանակներն անցել են, և այլատյացությունը առաջին հերթին վերք է պատճառում հենց այլատյացներին:
Ցանկացած զբոսաշրջիկ նաև ինֆորմացիայի կրող է, և կուտակվող բացասական ինֆորմացիան կարող է ի վերջո լրջագույն վնասներ պատճառել երկրին: Հետևապես՝ որքան շատ դրական ինֆորմացիա կուտակեն Հայաստան եկող զբոսաշրջիկները, այնքան մեծ կլինի դրա տնտեսական և ընդհանրապես քաղաքական հետագա էֆեկտը:
Հայ այլատյացներին նաև խորհուրդ է պետք տալ, որ ուրիշներին ատելուց առաջ հիշեն՝ հայ ժողովրդի երկու երրորդ մասը հայրենիքից դուրս է ապրում ու աշխատում, և փայտը երկու ծայր ունի:
Հուսանք, որ մարտի 20-ի գիշերը Երևանի «Ալեն-Էլեն» դիսկոյում տեղի ունեցած ռումբի պայթյունը, որի արդյունքում վնասվածքներ են ստացել Իրանի քաղաքացիներ, այլատյացության դրսևորում չէ: Իսկ եթե պարզվի՝ որ է, ապա պետությունը պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատժի չարագործին:
Հակառակ դեպքում Հայաստանում զբոսաշրջության զարգացման մասին խոսակցությունները կմնան միայն տեսական հարթությունում: