Վերջին տարիներին ավելացել է այն ընկերությունների թիվը, որոնք աշխատակիցներին թույլ են տալիս գրասենյակներում ավելի քիչ ժամանակ անցկացնել, ինչը, սակայն, իր բացասական կողմերն ունի։ Հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների շնորհիվ այդ դեպքում աշխատանքը դառնում է շուրջօրյա։
Հարվարդի բիզնես դպրոցի՝ վեց երկրներում անցկացրած հարցման տվյալները վկայում են, որ մենեջերներին այդքան էլ չի գոհացնում գրասենյակից դուրս աշխատելու հնարավորությունը, որն առաջին հայացքից բավական «շռայլ» առաջարկ է թվում։ Ղեկավար պաշտոններ զբաղեցնողներն այդ դեպքում լիովին հանգստանալու հնարավորություն չեն ունենում։
«Եթե հեռախոսավարը գրասենյակից դուրս գալուց հետո կարող է արդեն ոչ մի բանի մասին չանհանգստանալ, պատասխանատու պաշտոն զբաղեցնողներն իրականում աշխատում են շաբաթվա բոլոր օրերին՝ 24-ժամյա գրաֆիկով»,– մասնակցի խոսքը մեջբերում է հարցումն ամփոփող զեկույցը։ Ըստ հարցման մասնակից մենեջերներից շատերի՝ գրասենյակից դուրս աշխատանքը մշտական սթրեսի պատճառ է։
Մյուս կողմից՝ դժվար կյանքից անընդհատ դժգոհող թոփ մենեջերներն իրականում այդքան էլ դժբախտ, առավել ևս աղքատ չեն։ Բացի այդ՝ անգամ ամենաբարձր պաշտոնները զբաղեցնողներին ոգևորում է բավական վաղ տարիքում կենսաթոշակի անցնելու գաղափարը, որը երիտասարդ տարիներին շուրջօրյա գրաֆիկով աշխատանքի դիմաց յուրատեսակ փոխհատուցում է։ Շատերի համար նման գրաֆիկով աշխատելու խթան է աշխատանքի հետաքրքիր լինելը, նշվում է զեկույցում։