Անշուշտ, ցանկացած օգնություն գյուղացու համար կարևոր է: Բայց չմոռանանք, որ գյուղացին այդ «ցանկացած օգնությանը» հատուցում է տասնապատիկ չափով: Պատահական չէ, որ այլ երկրներում հսկայական գումարներ են ծախսում գյուղատնտեսությանն աջակցելու նպատակով: Ընդ որում՝ աջակցության մեխանիզմները բազմազան են՝ սկսած սուբսիդիաներից, վերջացրած պրոտեկցիոնիզմով: Նման քաղաքականությունն այս կամ այն չափով հատուկ է և՛ զարգացած, և՛ զարգացող երկրներին:
Հայաստանն անցավ գյուղատնտեսության աջակցության ընդլայնմանը, քանի որ այլընտրանք չուներ: Վերջին հինգ տարիներին գյուղատնտեսական ցանքատարածություններն անընդհատ նվազում են՝ ուղղակի վկայություն «պասիվ» քաղաքականության անարդյունավետության: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում 2007թ. մշակվել է 306 հազ. հա ցանքատարածություն, 2011թ.՝ 286,7 հազ. հա:
Այդ նույն ժամանակահատվածում հացահատիկային ցանքատարածությունները 176 հազ. հա-ից իջել են մինչև 157 հազ. հա, կարտոֆիլինը՝ 31,6 հազ. հա-ից մինչև 28,6 հազ. հա, բանջարանոցային կուլտուրաներինը՝ 25,6 հազ. հա-ից մինչև 25 հազ. հա, պտղինը՝ 38 հազ. հա-ից մինչև 37 հազ. հա: Միայն խաղողի ցանքատարածություններն են, որ 1000 հա-ով աճել են՝ հասնելով 16,7 հազ. հա-ի: Սակայն հազիվ թե դա սփոփանք հանդիսանա գյուղատնտեսության պատասխանատուների համար:
Գյուղատնտեսությունն ու ազգային անվտանգությունը
Ընդհանուր առմամբ՝ հանրապետությունում վարելահողերի մեկ երրորդն ըստ նպատակի չի օգտագործվում, իսկ դա Հայաստանի նման սակավահող երկրում չափազանց մեծ շռայլություն է: Բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական նշանակության հողերը Հայաստանում կազմում են 0,65 հա, իսկ վարելահողերը՝ ընդամենը 0,14 հա, հետևաբար՝ գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործումը թիվ մեկ հիմնախնդիրներից է:
Իրավիճակը կարևորվում է նաև այլ տեսանկյունից: Աշխարհը ժամանակ առ ժամանակ բախվում է պարենային ճգնաժամի, որի բացասական հետևանքները կարելի է նվազագույնի հասցնել միայն գյուղմթերքի ինքնաբավության շնորհիվ: Այսինքն՝ գյուղատնտեսությունը պետք է տնտեսական ու ազգային անվտանգության հարցեր լուծի:
Սակայն Կառավարությունը միայն 2011թ. գյուղատնտեսությունը ճանաչեց որպես զարգացման գերակա ճյուղ և ընդամենը մեկ տարի հետո արդեն մոռացավ դրա մասին: Ներկայում գյուղմթերքի ինքնաբավության աստիճանը, պաշտոնական տվյալներով, գնահատվում է մոտ 60%, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ չի գերազանցում 50%-ը: Բոլոր դեպքերում՝ ինքնաբավության մակարդակի բարձրացման ռեսուրսը բավական մեծ է:
Չպետք է մոռանալ, որ գյուղատնտեսությունը նաև տարածաշրջանային մրցակցության ամենակարևոր առանցքներից մեկն է: Հայաստանի բոլոր հարևան պետությունները հսկայական ուշադրություն են դարձնում գյուղատնտեսության զարգացմանը: Չոր կլիմա ու կտրտված տեղանք ունեցող Հայաստանի համեմատ Թուրքիան ու Ադրբեջանն ամենանպաստավոր բնակլիմայական պայմաններն ունեն գյուղատնտեսության զարգացման համար, սակայն պետական աջակցությունից հրաժարվել չեն ցանկանում:
Թուրքիան, որը հասել է պարենի առումով գրեթե 100% ինքնաբավության, շարունակում է հսկայական աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսությանը: Օրինակ, եթե գյուղացին մշակում է 1 հա հողատարածք, ապա նա սուբսիդավորվում է $90-ով, ևս շուրջ $14 ստանում է դիզելային վառելիքի գծով ծախսերի փոխհատուցման համար: Սուբսիդիայից օգտվում են տնտեսությունների 90%-ից ավելին:
Ադրբեջանի պետական բյուջեից 1 հա-ի հաշվով գյուղատնտեսական նպատակներով ծախսվում է $192 (Հայաստանի պարագայում՝ մոտ $75): Ադրբեջանը 2012թ. պետական բյուջեում $600 մլն է նախատեսել գյուղատնտեսության ֆինանսավորման նպատակով (Հայաստանի $23 մլն-ի համեմատ): Ադրբեջանում գյուղատնտեսությունն ամբողջովին ազատված է հարկերից, նույնիսկ հողահարկից:
Վրաստանը գյուղատնտեսության աջակցության ծրագրեր իրականացնում է ԱՄՆ-ի և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ՝ տարեկան մոտ $270 մլն-ի:
Սակայն Հայաստանի հարևաններից այդ առումով ամենակտրուկ քայլեր իրականացնում է Իրանը: Սուբսիդիայի ծավալը հասցվել է տարեկան գրեթե $1 մլրդ-ի, 50 տարով արգելվել է բոլոր տեսակի մրգերի ներմուծումը, պետական աջակցություն է ցուցաբերվում արտահանմանը: Երկիրը հասել է նրան, որ ցորենի ու կարտոֆիլի պահանջարկն ամբողջովին բավարարվում է տեղական արտադրության հաշվին, իսկ սկսած 2010-ից՝ ցորենը նաև արտահանվում է (այդ թվում՝ Հայաստան):
Այս համեմատություններն ակնառու ցույց են տալիս, թե գյուղատնտեսության աջակցության հայաստանյան ծրագրերը որչափ ուշացած են ու ոչ լիարժեք: