Կարս և Անի վերադառնալու հույս

2012թ. փետրվարի 23-25-ը Անթիլիասում՝ հովանավորությամբ և մասնակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կայացած միջազգային խորհրդաժողովը՝ «Հայոց ցեղասպանություն. ճանաչումից հատուցում», վեր հանեց այն իրականությունը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին հայկական պահանջատիրության թղթածրար գոյություն չունի: Ինչո՞ւ գոյություն չունի: Գուցե հիմնական պատճառն այն է, որ հայությունը չի՞ հավատում, որ հնարավոր է Թուրքիայից որևէ բան ստանալ՝ ո՛չ բարոյական-քաղաքական (Հայոց ցեղասպանության ճանաչում և զղջում), ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ հողային:

Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայերը գիտեն, որ թուրքերից ու Թուրքիայից պահանջելիք բան ունենք, բայց դժվար թե որևէ մեկը կարողանա հստակ սահմանել, թե ինչ: Հայաստանի Առաջին հանրապետության խորհրդայնացումից հետո և Խորհրդային Հայաստանի 70-ամյա գոյության տարիներին հայության մոտ երբեք չի մարել կորսված հողերը հետ վերադարձնելու հույսը: Սփյուռքը տասնամյակներ շարունակ ապրում է հենց Արևմտյան Հայաստան վերադարձի հույսով ու գաղափարախոսությամբ:

1945թ. գարնանը Խորհրդային Միությունը չեղյալ համարեց 1925թ. դեկտեմբերի 17-ին կնքված ԽՍՀՄ-Թուրքիա պայմանագիրը՝ հայտարարելով, որ «Երկրորդ աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած խոր փոփոխությունների արդյունքում այդ պայմանագիրն այլևս չի համապատասխանում նոր իրավիճակին և կարիք ունի լուրջ բարելավման»: Արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Սելիմ Սարպերին տեղեկացրեց, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ԽՍՀՄ-Թուրքիա սահմանում և Բոսֆորի ու Դարդանելի իրավական կարգավիճակի հարցում:

Երբ Սարպերը հարցրեց, թե «որոշ փոփոխությունները» Թուրքիայի արևելյան սահմաններին՝ Կարսին ու Արդահանի՞ն են վերաբերում, ԽՍՀՄ արտգործնախարարը հաստատեց. «Այո՛, նկատի ունեմ նախկին անարդարությունների վերացումը»: Թուրք դեսպանը հիշեցրեց, որ 1921թ. Մոսկվայի պայմանագիրը Խորհրդային Ռուսաստանին չի պարտադրվել:

1921թ. մարտի 16-ի Մոսկվայի, ապա նույն տարվա հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով Հայաստանը զրկվեց ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Սուրմալուի գավառից (Արաքսի աջ ափի բարեբեր Արարատյան դաշտավայրից և հայ ժողովրդի խորհրդանիշ Մասիս սարից), Կարսի ու Արդահանի մարզերից: Արդահանի հյուսիսային հատվածի նկատմամբ հավակնություններ ուներ Խորհրդային Վրաստանը:

Թե երբ է Իոսիֆ Ստալինի մոտ ծագել Դարդանելի նեղուցում ռազմակայան ունենալու և Կարսն ու Արդահանը պահանջելու ցանկությունը, հստակ չէ: Արդյոք խորհրդային ղեկավարությանը հետաքրքրո՞ւմ էր Թուրքիային անցած Արևելյան Հայաստանի տարածքների մի մասը հետ բերելը, թե՞ նման պահանջներով Մոսկվան ձգտում էր գոնե ստանալ նեղուցներում ռազմական ներկայության հնարավորություն: Արևմտյան մամուլը Խորհրդային Միության՝ Թուրքիայից տարածքային պահանջները համարում էր ընդամենը ճնշման միջոց՝ ջիղերի պատերազմ, որով Ստալինը փորձում էր հօգուտ ԽՍՀՄ-ի վերանայել նեղուցների կարգավիճակի հարցը:

Որոշ փաստաթղթերում նշվում է, որ Կարսի և Արդահանի հարցը քննարկվել է դեռ 1940թ. նոյեմբերին, երբ Մոլոտովն այցելեց Գերմանիա և հանդիպեց Հիտլերի հետ: Ֆյուրերը հայտնել էր, որ Գերմանիան շահագրգռված չէ Դարդանելի վրա Թուրքիայի տիրապետությամբ, և համակրանքով էր արձագանքել նեղուցների վրա խորհրդային ռազմակայան հաստատելու, և Կարսն ու Արդահանը վերստանալու հարցին:

1945թ. ապրիլին Մոսկվա հրավիրվեցին Խորհրդային Հայաստանի առաջնորդ Գրիգոր Հարությունյանն ու արտգործնախարար Սահակ Կարապետյանը: Այդ ընթացքում՝ ապրիլի 17-ին, ԽՍՀՄ արտգործնախարարի տեղակալ Քավթարաձեն «խիստ գաղտնի» գրությամբ նամակ է հղել Խորհրդային Հայաստանի արտգործնախարարին՝ հանձնարարելով մանրամասն զեկույց ներկայացնել Թուրքիային անցած նախկին հայկական տարածքների, ինչպես նաև արտասահմանում բնակվող հայերի՝ հայրենքի վերադարձի հնարավորությունների մասին:

Կարսը և Արդահանը պահանջելով՝ Ստալինին անհրաժեշտ էր հիմնավորում, թե ինչու է անծայրածիր Խորհրդային Միության համար այդքան կենսական այդ շրջանների կցումը Խորհրդային Հայաստանին, այսինքն՝ ԽՍՀՄ-ին: Հավանաբար դա էր պատճառը նաև, որ տարածքային պահանջների հետ միաժամանակ օրակարգ էր բերվում հայերի հայրենադարձության խնդիրը:

Մայիսի 3-ին Կարապետյանը պատասխանում գրում է, թե քանի որ «նախկին հայկական տարածքները Խորհրդային Միությանը վերադարձնելու հարցը կապվելու է նեղուցների խնդրի հետ», նպատակահարմար է տարածքների վերադարձի հարցը դնել մի քանի տարբերակով: Կարապետյանը շարադրում է երեք տարբերակ: Առաջին՝ ԽՍՀՄ-ին վերադարձնել Կարսի մարզը, Արդահանը և Սուրմալուի գավառը, այլ խոսքով՝ վերականգնել 1914թ. ռուս-թուրքական պետական սահմանը:

Երկրորդ՝ վերականգնել 1878թ. Սան Ստեֆանոյի պայմանագրով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հաստատված սահմանները, այսինքն՝ բացի Կարսի մարզից՝ Խորհրդային Հայաստանին վերադարձնել Ալաշկերտի հովիտը՝ Բայազետ քաղաքով: Երրորդ՝ Կարսի մարզից, Սուրմալուի գավառից ու Ալաշկերտի հովտից բացի՝ վերադարձնել հայկական վեց վիլայեթներից երեքը՝ Կարինը, Վանը և Բիթլիսը:

Խորհրդային Հայաստանը այնքան էր հավատում Կրեմլին ու Ստալինին, որ Անտոն Քոչինյանին, ով հետագայում դարձավ Խորհրդային Հայաստանի առաջնորդը, 1945թ. գարնանը նշանակել էր Կարսի մարզային կոմիտեի քարտուղար:

Թուրքիայի նկատմամբ ճնշումները մի քանի ուղղությամբ էին ընթանում: Առաջին՝ ԽՍՀՄ ղեկավարությունը փորձում էր ստանալ իր դաշնակիցներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցությունը Թուրքիայից պահանջների հարցում: Երկրորդ՝ սփյուռքահայությունը դիմում էր ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ իրենց երկրների ղեկավարությանը: Երրորդ՝ հայ եկեղեցին խնդրագրերով դիմում էր զանազան հասցեներով, որտեղից հնարավոր էր աջակցություն:

Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանցի վախճանվելուց հետո Մայր Աթոռի կաթողիկոսական տեղապահը Գևորգ Արքեպիսկոպոս Չորեքչյանն էր, որը 1945թ. ապրիլին Մոսկվայում հանդիպեց Ստալինի հետ և թույլտվություն ստացավ պատերազմի ավարտից հետո կազմակերպել կաթողիկոսի ընտրություն: 1945թ. հունիսի 16-ին Էջմիածնի հոգևոր ճեմարանի շենքում բացվեց և մինչև հունիսի 22-ը շարունակվեց Հայ եկեղեցական ժողովը, որը հրավիրվել էր Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրելու և Հայ եկեղեցու սահմանադրությունն ընդունելու նպատակով:

Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ Զ Չորեքչյանը: Ժողովի ավարտից հետո Ստալինի անունով նամակ ուղարկվեց, որում Խորհրդային Միության ղեկավարությանը խնդրում էին Թուրքիային մաս կազմող հայկական հողերը միացնել Խորհրդային Հայաստանին, ինչպես նաև կազմակերպել սփյուռքահայերի ներգաղթ: Նամակը ստորագրել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Զ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա-ն, Երուսաղեմի Հայոց պատրիարք Կյուրեղ Բ-ն:

Խորհրդային Հայաստանում, հատկապես նախկին արևմտահայերի ու Կարսի մարզի և Սուրմալուի բնակիչների մոտ, ովքեր ընդամենը երկուսուկես տասնամյակ առաջ էին կորցրել հայրենի հողը, տունդարձի հույսեր արթնացան: Այս օրերին թերթերում բազմաթիվ նամակներ հրապարակվեցին, որոնցում ընթերցողները խանդավառությամբ էին արտահայտվում Կարսի՝ Խորհրդային Հայաստանին սպասվելիք վերամիավորման և սփյուռքահայության հայրենադարձության մասին:

Հակահիտլերյան դաշնակիցների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի երրորդ և վերջին խորհրդաժողովի՝ Պոտսդամի հանդիպման (1945թ. հուլիս-օգոստոս) նախօրեին սփյուռքահայությունը դիմեց Երկրորդ աշխարհամարտում հաղթած երեք երկրների առաջնորդներին: ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի՝ Ստալինի, Թրումենի և Չերչիլի անունով հղած հուշագրում առաջարկվում էր «Խորհրդային Հայաստանին կցել ոչ միայն Կարսի ու Արդահանի շրջանները, այլև Թուրքահայաստանը, որը դաշնակից պետությունների առաջարկով սահմանվել է նախագահ Վիլսոնի կողմից»:

1946թ. սկզբին Հայաստանի առաջնորդ Գրիգոր Հարությունյանը հայտարարեց, որ Թուրքիայի կողմից հայկական հողերի վերադարձը արդարացի է՝ ընդգծելով, որ տասնյակ-հազարավոր սփյուռքահայեր ցանկություն են հայտնել վերադառնալ հայրենիք: Հարությունյանի խոսքով՝ Հայաստանը կարող է 350-450 հազար մարդ ընդունել, հետևաբար՝ մնացած ավելի քան կես միլիոն հայերի համար հարց էր դրվում, որ «Խորհրդային Հայաստանին վերադարձվեն Թուրքիայի կողմից զավթված հայկական հողերը»:

Երկրորդ աշխարհամարտից հետո մի քանի տարի հայերը և վրացիները հավատում էին, որ հնարավոր է հետ վերադարձնել Կարսը, Արդահանն ու Սև ծովին հարակից մի շարք տարածքներ, որոնց նկատմամբ հավակնություններ ուներ Վրաստանը: Անգամ հայերի ու վրացիների միջև սկսվեց վեճ, թե ով որքան է ստանալու: Հայերն ակնկալում էին ստանալ 20,5 հազ. ք. կմ տարածք՝ Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, մինչդեռ վրացիներին պիտի բաժին հասներ ընդամենը 5,5 հազ. ք. կմ: Սակայն Վրաստանի արտգործնախարար Կիկնաձեն դա անարդար էր համարում. 12.760 ք. կմ պետք է ստանար Վրաստանը, իսկ 13,190 ք. կմ՝ Հայաստանը:

Թուրքերը պայթեցրին կամուրջը

Թուրքիան և թուրքական մամուլը մտահոգված էին: Ռուս-թուրքական պատերազմներից մի քանիսը, այդ թվում՝ վերջինը Առաջին աշխարհամարտի տարիներին, ծավալվել էին նաև Արևմտյան ու Արևելյան Հայաստանում: Հիմա, երբ Խորհրդային Միությունը ծնկի էր բերել Գերմանիային և դարձել Եվրոպայի  հզորագույն պետությունը, Թուրքիան անհանգստանալու բոլոր պատճառներն ուներ: 1945թ. մայիսի 30-ին թուրքերը պայթեցրին Խորհրդային Հայաստանը և Թուրքիան միմյանց կապող Մարգարայի կամուրջը:

Նախագահ Ինոնյուն 1945թ. նոյեմբերի 1-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց. «Թուրքական հողերից (Կարս, Արդահան) ու իրավունքներից (նեղուցներ) ոչ ոքի պարտք չունենք տալու»: Նեղուցների և տարածքային պահանջների հարցին անդրադառնալով՝ Քյազիմ Կարաբեքիրը 1945թ. դեկտեմբերի 20-ին խորհրդարանի ելույթում ասաց. «Նեղուցները Թուրքիայի կոկորդն է, իսկ Կարսը՝ ողնաշարը»:

Երբ սկսվեց «սառը պատերազմը», Արևմուտքը կանգնեց Թուրքիայի կողքին և անընդունելի համարեց Խորհրդային Միության տարածքային պահանջները: 1952թ. Թուրքիան անդամակցեց ՆԱՏՕ-ին: Չնայած Արևմուտքի հետ մերձեցմանը՝ թուրքերը միշտ էլ երկյուղ ունեին ԽՍՀՄ-ից:

Պատահական չէ, որ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի՝ շուրջ յոթ տասնամյակների հարաբերությունների ընթացքում տեղի ունեցած երկկողմ այցերի, փաստաթղթերի ստորագրման արարողությունների ընթացքում, Անկարայի պնդումով, երբեմն՝ պահանջով, կողմերը բանավոր կամ հուշագրով վերահաստատել են երկու պետությունների «տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները»:

Մեկնաբանել