Փող խաղաղության դիմաց

Կահիրեին տրամադրվող ռազմական օգնության վերականգնման մասին Հիլարի Քլինթոնը հայտարարել է Կոնգրեսում։ Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ը վերսկսում է վճարումները Եգիպտոսին, քանի որ նա «ըստ էության կատարում է Իսրայելի հետ խաղաղության շուրջ իր պարտավորությունները»։ Սպիտակ տան այս քայլը կոնգրեսականներից շատերի դժգոհությունն է հարուցել։ Առավելևս, որ պետքարտուղարը նախընտրել է չհիշատակել Եգիպտոսում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների 43 աշխատակիցների, այդ թվում՝ 27 օտարերկրացիների դատական հետապնդման մասին։

Այս թեման շարունակում է մնալ ամերիկա-եգիպտական հարաբերությունների փորձաքարը, սակայն Վաշինգտոնում, երևում է, որոշել են, որ այժմ Կահիրեի հետ վիճելու ժամանակը չէ։ Արաբական աշխարհի հանգուցային այս պետության աջակցությունն ԱՄՆ-ի համար կարևոր է և՛ սիրիական, և՛ հավանական իրանյան հակամարտությունում։ Այդ իսկ պատճառով Բարաք Օբամայի վարչակազմը հասկացնում է, որ պատրաստ է աչք փակել եգիպտական ժողովրդավարության տարօրինակությունների վրա։

Հոսնի Մուբարաքի աշխարհիկ վարչակարգի տապալումից մեկ տարի անց Եգիպտոսի խորհրդարանական մանդատների բացարձակ մեծամասնությունը պատկանում է իսլամիստներին։ Իսլամիստական խոշոր շարժման՝ «Մուսուլման եղբայրներ»-ի թիրախում այժմ նախագահական աթոռն է։ «Եղբայրներ»-ի առաջնորդները հրաժարվել են պետության ղեկավարի պաշտոնին իրենց շարքերից թեկնածու չառաջադրելու խոստումից։ «Ներկա հավակնորդներից և ոչ մեկը մեր աջակցությանն արժանի չէ»,– բացատրել են շարժման առաջնորդները։

Այսօր «Մուսուլման եղբայրներ»-ը Եգիպտոսի ամենաազդեցիկ ուժն է։ Շարժման քաղաքական թևը՝ «Արդարություն և ազատություն» կուսակցությունը, համոզիչ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում։ Երկրորդ տեղը բաժին է ընկել «Ան Նուր» կուսակցությունը ներկայացնող առավել արմատական սալաֆիականներին։ Վերջիններիս ծայրահեղականությունն ու անհանդուրժողականությունը դրսևորվեց խորհրդարանի նիստում, երբ սալաֆի պատգամավորները հրաժարվեցին մեկ րոպե լռությամբ հարգել ղպտիների հոգևոր առաջնորդ Շենուդա 3-րդի հիշատակը։

Ամեն ինչ խոսում է այն բանի օգտին, որ առաջիկա նախագահական ընտրություններից հետո պետության բարձրագույն պաշտոնն էլ բաժին կհասնի իսլամիստներին։ Լիբերալ ու աշխարհիկ կուսակցությունները, որոնց համախոհները Կահիրեի «Թահրիր» հրապարակի ցուցարարների շրջանում մեծամասնություն էին կազմում, երկրի ղեկավարությունում ներկայացված չեն։ Չեզոք, չափավոր ու բոլորին ձեռնտու քաղաքական գործչի՝ նախագահ ընտրվելու գաղափարն իսլամիստները փաստացի թաղել են։

Երկիրը ժամանակավորապես կառավարող զինվորականները հազիվ թե առճակատման գնան «Մուսուլման եղբայրներ»-ի ու սալաֆիականների հետ՝ պաշտպանելով պետության աշխարհիկ մոդելը։ Նման պայմաններում Եգիպտոսի ամբողջական իսլամականացումը միայն ժամանակի հարց է։

Ըստ ամենայնի՝ սա հասկացել են նաև ամերիկացիները։ Փորձագետների կարծիքով՝ ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը Կահիրեին այսուհետ պայմանավորված է լինելու մեկ վճռորոշ հանգամանքով՝ Եգիպտոսը չպետք է չեղյալ հայտարարի 1979թ. խաղաղության համաձայնագիրը Իսրայելի հետ։

Այնուամենայնիվ, անգամ այս հարցում վստահություն չկա։ Երկու շաբաթ առաջ իսլամիստների կողմից վերահսկվող խորհրդարանը կոչ էր անում երկրից վտարել Իսրայելի դեսպանին ու դադարեցնել գազի մատակարարումները Եգիպտոսի գլխավոր թշնամի «սիոնիստական կազմավորմանը»։

Մեկնաբանել