«Միջուկային ահաբեկչությունը շարունակում է մնալ միջազգային անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը։ Այս սպառնալիքի նկատմամբ հաղթանակը պահանջում է վճռական քայլեր ազգային մակարդակով և միջազգային համագործակցություն՝ հաշվի առնելով նրա պոտենցիալ գլոբալ, քաղաքական, տնտեսական, սոցիալական ու հոգեբանական հետևանքները»,– ասված է փաստաթղթում։
Կոմյունիկեն ընդհանուր բնույթ է կրում և «չորս տարվա ընթացքում բոլոր խոցելի միջուկային նյութերի նկատմամբ վերահսկողություն ապահովելու» կոչ է պարունակում։
Գագաթաժողովի մասնակիցների կարծիքով՝ միջուկային էներգիա օգտագործող երկրները 2013թ. վերջին պետք է հայտարարեն բարձր հարստացված ուրանի օգտագործումը նվազագույնի հասցնելու ուղղությամբ հստակ գործողությունների ձեռնարկման մասին։ «Մենք կոչ ենք անում պետություններին միջոցներ ձեռնարկել՝ նվազագույնի հասցնելու բարձր հարստացված ուրանի օգտագործումը, այդ թվում՝ անցում կատարել ռեակտորներում ցածր հարստացված ուրանային վառելիքի օգտագործմանը, որտեղ դա տեխնոլոգիապես հնարավոր է և տնտեսապես արդարացված»,– ասված է կոմյունիկեում։
Զարգացող երկրներն ընդդիմացել են բարձր հարստացված ուրանից ցածր հարստացված ուրանի անցմանը, քանի որ այն թանկարժեք գործընթաց է։
Չինաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումների տարբերությունների պատճառով Սեուլի գագաթաժողովում չեն քննարկվել տարածաշրջանային խնդիրները, անգամ՝ Իրանի միջուկային ծրագիրը։
Միջուկային անվտանգության հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա Նիդեռլանդներում 2014թ.։