Արթուր Ութմազյան – Ես դերասանական կրթություն չունեմ, ամեն ինչ սովորել եմ այս թատրոնում՝ Հրաչյա Ղափլանյանի ձեռքի տակ: Նա, 1968թ. հիմնելով թատրոնը, մի ամբողջ դերասանական սերունդ իր հետ թատերաշխարհ բերեց: Այսօր ուրախ եմ նշել, որ Հրաչ Նիկիտիչի նվաճումները պահպանվում են: Գեղարվեստական ղեկավարի դերը դժվար է գերագնահատել: Շուրջ 15 տարի է, ինչ Դրամատիկական թատրոնը ղեկավարում է Արմեն Խանդիկյանը: Նրան հաջողվում է ապահովել ոչ միայն գեղարվեստական, այլև հետկուլիսային մթնոլորտը, որը միշտ երևում է նաև բեմում: Թատրոնը նման է փլուզմանն անընդհատ ձգտող բուրգի, որը կանգուն է մնում միայն ղեկավարի շնորհիվ:
Ժամանակակից թատրոնի մասին
Հովհաննես Թեքգյոզյան – Այսօր արվեստների միջև կապը կտրվել է՝ առաջվա համախմբված բոհեմային վիճակն այլևս չկա։ Այնուամենայնիվ, թատերական կյանքը շարունակվում է: Այս տարի 20-25 ներկայացում եմ դիտել, ինչը քիչ չէ, և դրանցից շատերն ինձ պարզապես ցնցել են: Ամենահետաքրքիրը ավագ սերնդի դերասանների փոխակերպումներն էին: Վաղուց ծանոթ դերասանները հանդես էին գալիս 360 աստիճան պտտված կերպարներով: Եվ, իհարկե, մեծ հույս են ներշնչում երիտասարդ թատերական գործիչները: Բացի այդ՝ կուզենայի նշել Թատերական գործիչների միությունում բեմադրված «Քիթը»՝ ըստ Գոգոլի, «Ուրիշ մարդը»՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում:
Դրամատուրգիա և թատրոն կապի մասին
Հովհաննես Թեքգյոզյան – Առհասարակ դրամատուրգիայի ճգնաժամի մասին չափից շատ է խոսվում: Հայաստանում դրամատուրգիան և թատրոնն իրարից անկախ են՝ դրամատուրգները գրում են բեմադրման համար ոչ հարմար պիեսներ, իսկ թատրոնները ոչ թատերական նյութ են բեմադրում: Համաշխարհային փորձից պարզ է դառնում, որ թատրոնը կարող է գոյատևել առանց ժամանակակից դրամատուրգիայի:
Արթուր Ութմազյան – Դրամատուրգիան չի ծնվում թատրոնում, այլ թատրոնն է ծնվում դրամատուրգիայում: Այս միացությունն արդյունավետ կարող է լինել, միայն եթե թատրոնը գտնում է հեղինակին, հեղինակն էլ՝ թատրոնը:
Պետական աջակցության մասին
Արթուր Ութմազյան – Թատրոններին այսօր անհրաժեշտ է պետական աջակցությունը: Ես շատ եմ սիրում սպորտը՝ մեզանից յուրաքանչյուրը պարծանք է ապրում, երբ արտերկրում հնչում է մեր երկրի հիմնը, և հայկական դրոշն է ծածանվում: Թատերական փառատոների ժամանակ դրոշ չեն բարձրացնում, հիմն էլ չեն երգում, սակայն այդ մի քանի օրը մարդիկ խոսում են Հայաստանի, մեր մշակույթի մասին:
Հրավերների պակաս չունենք, սակայն անընդհատ բախվում ենք նյութականի խնդրին: Ռեպերտուարային թատրոնը մշտապես պետք է պետության հովանավորության տակ գտնվի, և ինչքան շատ լինեն այդպիսի թատրոններ, այնքան լավ, որովհետև միայն ռեպերտուարային թատրոնն է, որ դպրոց է երիտասարդների համար: Անտրեպրիզային թատրոնն էլ պիտի լինի, սակայն այն որակը պահպանողը չէ, քանի որ այլ խնդիրներ ունի՝ պիտի շահութաբեր լինի:
Խաղացանկի մասին
Հովհաննես Թեքգյոզյան – Մեր թատրոնի խաղացանկում մոտ քսան ներկայացում կա, և զարմանալի է՝ հանդիսատեսը գալիս է հիմնականում կատակերգային կամ շեքսպիրյան ներկայացումներին: Մինչդեռ կան ժամանակակից հայ, ամերիկացի և արևելաեվրոպացի դրամատուրգների պիեսների բեմադրություններ: Թատրոնն այսօր կարող է բավարարել ցանկացած հանդիսատեսի:
Արթուր Ութմազյան – Հաճախ եմ լսում՝ ժողովուրդը սա է պահանջում, ինչ ուզում են, այն էլ անում ենք: Մեր թատրոնի բեմից հաճախ է հնչել Սևակի այս ֆրազը՝ «Արվեստի մեջ առաջնորդվել ժողովրդի ճաշակով նշանակում է չծառայել ժողովրդին»: Արվեստը պիտի հղկի ժողովրդի ճաշակը և նոր ճաշակ ձևավորի: Ներկայացում դիտելը մարդուն կդաստիարակի, և նա կփոխվի, բայց վստահ եմ, որ կան կաթիլներ, որ հանդիսատեսն էլ չի հասկանում, թե որտեղ են ընկնում և հետագայում որտեղ են ծիլ տալիս:
Նոր ներկայացումների մասին
Հովհաննես Թեքգյոզյան – Այժմ Դրամատիկական թատրոնում մի քանի նոր ներկայացում է պատրաստվում: Հավանաբար մայիսին կներկայացնենք «Ֆրանսիական ընթրիք» կատակերգությունը՝ ըստ Մարկ Ամուլետի: Արմեն Խանդիկյանը կբեմադրի Պերճ Զեյթունցյանի նոր պիեսը, որը ԱՍԱԼԱ-ի չորս երիտասարդների մասին է: Թարգմանվել է Արթուր Միլերի «Շրջիկ գործակալի մահը», որի վրա ևս արդեն աշխատում են թատրոնում: Գրեթե բոլոր ներկայացումները կբեմադրեն նոր սերնդի ռեժիսորները: