Սուքիասյանին չգրանցեցին

ԸԸՀ նախագահ Սամվել Յազրյանը նշել է, որ մերժման համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ Խաչատուր Սուքիասյանի՝ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թերի են: Հանձնաժողովը հիմք է ընդունել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության մարտի 15-ի այն գրությունը, որ Սուքիասյանը վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում: Հաշվի առնելով ոստիկանության այս գրությունը՝ ԸԸՀ-ն որոշել է, որ Խաչատուր Սուքիասյանը մշտական բնակության մասին տեղեկանք չի ներկայացրել, և հետևաբար նրա փաստաթղթերը թերի են:

Ավելի վաղ՝ մարտի 3-ին, Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության անձնագրային բաժինը տեղեկանք էր տրամադրել Սուքիասյանին, ըստ որի՝ նա վերջին հինգ տարիներին բնակվել է Հայաստանում: Սակայն ավելի ուշ ԸԸՀ-ն ստացել է Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գրությունը, որով խնդրել են Էրեբունու բաժանմունքի կողմից տրամադրված տեղեկանքում առկա տեղեկատվության փոխարեն հիմք ընդունել մյուս տեղեկանքը, որի համաձայն՝ Սուքիասյանը վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվող չի հանդիսացել:

Մեկնաբանել