Որտե՞ղ է քցված ժողովուրդը

Պաշտոնավարման առաջին օրվանից դու խոսում ես հրապարակայնության և թափանցիկ աշխատանքի անհրաժեշտության մասին։ Բոլորը քեզ դեմքով գիտեն։ Գիտեն նաև, որ ամեն ինչի պատասխանատուն ես, երդվել ես Աստվածաշնչի և Սահմանադրության վրա։ Այսինքն՝ տեղյակ են, թե ով է այն «առաջին ձեռքը», որը գիտի իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանը, և հույս ունեն, որ այդ «ձեռքը» պատասխանը կտա՝ մարդկանց աչքերի մեջ նայելով։ Եվ որպես բանասիրական կրթություն ստացած ղեկավար՝ կարող է հաշիվ տալ կիրթ և հատկապես իր բառերով, ոչ թե ռեֆերենտների գրած տեքստերով։

Մարդիկ տեղյակ են, որ ունես կառավարություն, որի ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հանդիպում են լրագրողներին (ես, իհարկե, չեմ հիշում, որ կառավարության որևէ անդամ երբևէ որևէ բան ասած լինի ըստ էության)։ Բայց նրանք բոլորը այս կամ այն չափով ձախողում են ինչ-որ ծրագրեր։ Իսկ հայտնի է, որ կառավարությունն աշխատում է քո՝ երկրի ղեկավարիդ նախընտրական ծրագրով։ Ու դեռ հավակնում ես ժողովրդից ձայն պոկել նոր նախընտրական ծրագրով։

Կարգախոսդ էլ՝ «Հավատանք, որ փոխենք», միայն հարցեր է առաջացնում։ Այդ «առաջին ձեռքը» նաև «վերջին ձեռքն» է, ում պետք է դիմի ժողովուրդը, երբ բոլորից հուսահատվում է։ Իսկ այդ ձեռքը չկա։ Կարելի է ասել՝ ոչ մի լրագրող, ընդհուպ պատասխանատու հեռուստաընկերություններից, նրան հարցեր ուղղելու իրավունք չունի։

Որտե՞ղ է քցված ժողովուրդը։ Նախ ժողովուրդը քցված է բարոյական հարթության մեջ։ Նա լսում է միայն կարգախոսներ և հրամայականներ։ Ինքը դեմքով գիտի իր խնդիրների՝ բոլոր ուղղակի պատասխանատուներին՝ նախարարներին, քաղաքապետներին, վարչությունների պետերին և այլն։ Ինքը գիտի Սահմանադրություն, որը սահմանում է քաղաքացուն մարդատեղ դնելու բոլոր հրամայականները։ Հիմա, երբ այդ հրամայականները մեկիկ-մեկիկ տանուլ են տրված, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար։

Ո՞վ պետք է իր հեղինակավոր խոսքով առանց ամբիոններ մաշելու շարքային քաղաքացուն բացատրի, թե ինչո՞ւ։ Հասկանո՞ւմ եք, մարդիկ հեռանում են երկրից առանց հոդաբաշխ բացատրությունների։ Եվ ծիծաղելի է, երբ մի ստվար մասը հեռանում է, իսկ սփյուռքի նախարարը երկրեերկիր «իրականացնում» է «Արի տուն» անհեթեթագույն և հակաէթիկական ծրագիրը։

Ինչո՞ւ է շփումը միակողմանի, և ինչո՞ւ է ձեզ թվում, թե միայն դուք ասելիք ունեք հասարակությանը։ Մի՞գուցե նրանք էլ ձեզ ասելիք ունեն։ Միգուցե իրենց քցվա՞ծ են զգում։ Երկրում դեռ մարդիկ կան։ Ճիշտ է, հուսահատ են, բայց ահաբեկիչ չեն։ Չե՞ք վստահում լրագրողներին, վստահե՛ք նրանց։ Հանդիպե՛ք, և թող ձեզ ասեն՝ ինչ մտածում են։ Հասկանո՞ւմ եք, նրանք արդեն այն մարդիկ են, ովքեր ձեր հրաժարականը պահանջելու ուժ չունեն։ Գոնե լսե՛ք նրանց, միգուցե հընթացս նաև սիրեն ձեզ։

Մեկնաբանել