-Մայիսի 6-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են լինելու: Հանդիսանալով ԵՄ հատուկ ներկայացուցիչ՝ Դուք ներգրավված էիք 2007 և 2008 թթ. ընտրություններում: Կարծում եմ՝ շարունակում եք հետևել Հայաստանում զարգացումներին: Ի՞նչ կասեք առաջիկա ընտրությունների կարևորության մասին:
-Հայաստանը շատ ընտրություններ է ունեցել, որոնց ընթացքում այս կամ այն տեսքով խախտումներ կամ խնդիրներ են եղել: Հայաստանում առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր են: Դրանք կարևոր են Հայաստանի՝ ԵՄ-ի հետ ինտեգրման ջանքերի համատեքստում, և սրանք սոսկ խոսքեր չեն:
Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի նման երիտասարդ ժողովրդավարություններին, ապա յուրաքանչյուր ընտրություն էական քայլ է հանդիսանում: Այս դեպքում դրական փոփոխություններն ավելի կարևոր են, քան դա սովորաբար լինում է: Դա հատկապես կարևոր է դառնում այն դեպքում, երբ Հայաստանը գտնվում է ԵՄ-ի հետ իր հարաբերությունների որոշման փուլում և, ասեմ ավելին, աշխարհում իր դերի որոշման փուլում:
-Ի՞նչ եք ակնկալում այդ ընտրություններից: Դուք բավական լավ գիտեք ՀՀ իշխանություններին և ընդդիմությանը: Ի՞նչ եք կարծում, Հայաստանի քաղաքական ուժերը պատրա՞ստ են ներգրավվել մի այնպիսի ընտրական գործընթացում, որի արդյունքները կընդունվեն բոլորի կողմից: Հայաստանն այսօր ունի՞ այդ ներուժը:
– Ես չեմ հետևել ընտրություններին պատրաստվելու մանրամասներին և քաղաքական քննարկումներին: Սակայն վերջին խնդրահարույց ընտրություններից հետո, նրանից հետո, երբ «փոշին նստեց», քաղաքական ուժերը ժամանակ ունեին գնահատելու իրավիճակը և հասկանալու, որ Հայաստանը պետք է առաջ շարժվի: Կարծում եմ, որ ներկայում Հայաստանը հնարավորություն ունի դա անելու առաջիկա ընտրությունների միջոցով, և քաղաքական ուժերը կարծում են, որ դա հնարավոր է:
-Սրանք կլինեն մարտի 1-2-ի իրադարձություններից հետո առաջին ընտրությունները, և հոգեբանորեն շատ կարևոր է հասարակությանը ցույց տալ, որ Հայաստանում կարելի է խաղաղ ընտրություններ անցկացնել: Արդյոք դա կարո՞ղ է իշխանությունների համար լրացուցիչ խթան հանդիսանալ՝ գործընթացն օրենքի տառին և ոգուն համապատասխան անցկացնելու համար:
-Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները, կառավարությունը հստակ գիտակցում են ազատ և արդար ընտրությունների անցկացման կարևորությունը, որոնք կբացառեն բռնության որևէ դրսևորում: Կարծում եմ, որ նույն կարծիքն ունեն առավել ազդեցիկ ընդդիմադիր ուժերը, և ես այդ մոտեցումը դիտարկում էի բավական երկար ժամանակահատվածում: 2008թ. ընտրություններից հետո նրանք նույնպես համոզվեցին, որ իրենց ապագան այն է, որ բարեխղճորեն մասնակցեն քաղաքական և ընտրական գործընթացներին:
-2008թ. մարտի դեպքերը Ձեր օրակարգի կարևորագույն հարցերից էին՝ որպես ԵՄ հատուկ ներկայացուցիչ: ԵԽԽՎ համազեկուցողների վերջերս հրապարակած զեկույցում ասվում է, որ ՀՀ նախագահը ողջունել է մարտի 1-ի «հանրային լսումների» գաղափարը: Արդյոք կարո՞ղ է նման գաղափարը կյանքի կոչվել, թե՞ այն քաղաքական շահարկումների լրացուցիչ աղբյուր կդառնա:
-Դա կախված է երկրում տիրող տրամադրություններից, այդ գործընթացում ընդգրկված տարբեր ուժերի և կուսակցությունների հոգեբանությունից: Հուսով եմ, որ այդ իրադարձությունները մնացին անցյալում, և այսօր հարկ չկա դրանց մեջ նույն հուզական երանգները մտցնել, որոնք առկա էին 2008թ. մարտի դեպքերից հետո:
Ժամանակն է արդար գնահատական տալ կատարվածին, և ես կարծում եմ, որ դա կարող է օգտակար լինել բոլորի համար: Բայց բոլորը պետք է նույն մոտեցումն ունենան: Այդ իրադարձությունները չպետք է Հայաստանի այսօրվա քաղաքական օրակարգի մաս կազմեն, ինչպես դա եղավ 2008թ. մարտի դեպքերից անմիջապես հետո: Այսօր խոսքը հիմնականում պետք է վերաբերի այդ վերքի բուժմանը, որը ցավալի է բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են եղել:
-ՀՀ նախագահը և վարչապետը, այլ պաշտոնյաներ հայտարարություններ են արել անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաազատ և արդար ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Արդյոք կարո՞ղ է միջազգային հանրության, մասնավորապես ԵՄ-ի կողմից լուրջ արձագանք հետևել այն դեպքում, եթե իրականությունն այլ լինի:
-Չեմ ցանկանում պատասխանել հիպոթետիկ հարցերին: Կարող եմ կրկնել այն, ինչ արդեն ասացի: Հայաստանն անցյալում բավական շատ խնդրահարույց ընտրություններ է ունեցել: Շատ կարևոր է, որ այս ընտրություններն անցկացվեն խաղի կանոններին համապատասխան: Դրանք կարևոր են, որովհետև Հայաստանը, բանակցություններ վարելով Ասոցացման համաձայնագրի և այլ պայմանագրերի կնքման շուրջ, Եվրամիության հետ իր հարաբերությունների կարևոր փուլում է:
Եվրամիության և այլ գործընկերների կողմից մեծ ուշադրություն է լինելու ընտրությունների նկատմամբ: Իհարկե, այդ ընտրությունների գնահատականը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդհանուր կլիմայի կարևոր մաս է կազմելու:
Եթե ընտրությունները խնդրահարույց լինեն, և դրանց քննարկման հարկ լինի, ապա դա կշեղի ուշադրությունը Հայաստանի եվրոպական օրակարգի այլ հարցերից: Դա միանշանակ է: Կարծում եմ՝ էական հնարավորություններ կան Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների և ժողովրդավարական մշակույթի զարգացման հարցերում բեկման հասնելու համար:
-Ո՞րն է այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրը: Կան կոռուպցիայի, քաղաքական կլիմայի, ղարաբաղյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրները: Բոլոր այդ հարցերը փոխկապվա՞ծ են, թե՞ կարող եք առավել կարևոր խնդիր մատնանշել, որի լուծումը թույլ կտա առաջ գնալ:
-Յուրաքանչյուր խնդրահարույց հարց ազդում է ողջ իրավիճակի վրա: Կառավարությունը, եթե նայենք ներսից, կանգնած է մի քանի շատ կարևոր, անգամ կասեի՝ էքզիստենցիալ խնդիրների առջև: Հարցերը որոշակիորեն ազդում են միմյանց վրա, այդ թվում՝ միջազգային հարթակում: Հայաստանի առաջ ծառացած յուրաքանչյուր խնդրի լուծում միանշանակ կազդի իրավիճակի, կլիմայի և այն մթնոլորտի վրա, որոնցում դիտարկվում են մյուս խնդիրները: