Նվազած, բայց շահույթով

Ավտոապահովագրողների բյուրոյի այս տարվա առաջին երկու ամիսների ԱՊՊԱ ոլորտում ձևավորված առանձին տվյալների վերաբերյալ վիճակագրությունից երևում է, որ թեև և ԱՊՊԱ պայմանագրեր ավելի քիչ թվով վարորդներ են կնքել, և ԱՊՊԱ ոլորտում նվազել են հավաքագրումները, ձմռան ամիսներին կտրուկ աճել է պատահարների թիվը, ընկերությունների գործերն այդքան էլ վատ չեն եղել։

Անցած տարվա առաջին կիսամյակում (երկու ամիսների տվյալները բացակայում են) առկա էր 349 հազ. ԱՊՊԱ պայմանագիր, իսկ այս տարվա փետրվարի վերջին դրանց թիվը կազմել է 330 հազ. կամ 5,4%-ով պակաս։ Սա այն դեպքում, երբ անցած տարվա ընթացքում Հայաստանում ավտոմեքենաների թիվն ավելացել է 29,4 հազ-ով։ Ստացվում է, որ Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների առնվազն 10%-ը չունի ԱՊՊԱ պայմանագիր։ Իհարկե, սա չի բխում ապահովագրող ընկերությունների շահից, բայց նույնիսկ նման պայմաններում նրանք աշխատել են եկամուտով։

Մյուս խնդիրը, որն ի հայտ է եկել այս տարվա երկու ամիսներին, այն է, որ պարտադիր ապահովագրություն անցած ավտոմեքենաների թվի նվազմանը զուգահեռ կրճատվել է պայմանագրերի ժամկետայնությունը։ ԱՊՊԱ պայմանագրերի թվի 5,4% կրճատման պայմաններում ապահովագրական ընկերություններում հաշվեգրված ապահովագրավճարների ծավալն անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ կրճատվել է 36%-ով. փետրվարի վերջին ապահովագրավճարների ծավալը կազմել է Դ7,8 մլրդ։

Անցած տարվա առաջին կիսամյակում մեկ ԱՊՊԱ պայմանագրի միջին սակագինը կազմել էր Դ35 հազ., իսկ այս տարվա երկու ամիսներին՝ Դ23,5 հազ.: Ստացվում է, որ ապահովագրական ընկերություններում գերակշռել են կարճաժամկետ պայմանագրերը՝ մինչև մեկ տարի։ Նշենք, որ մեկ տարվա ԱՊՊԱ պայմանագրի նվազագույն սակագինը կազմում է Դ25 հազ. (ավտոմեքենայի շարժիչի հզորությունը՝ մինչև 80 ձիաուժ, վարորդի տարիքը՝ 23-ից ավելի, վարորդական փորձը՝ 3 տարուց ավելի)։

ԱՊՊԱ-ն պարտադիր է, և այդ կարճաժամկետ պայմանագրերը ենթակա են վերակնքման, ինչը նշանակում է, որ գալիք ամիսներին հավաքագրումների աճ է լինելու։ Կարճաժամկետ պայմանագրերը ապահովագրական ընկերություններին տարվա կտրվածքով ավելի շահ գումար են ապահովում, քան երկարաժամկետները։ Հանրագումարով՝ կարճաժամկետ պայմանագրերն ավելի թանկ են, քան մեկ տարվա պայմանագիրը։

Շահույթը պակասել է, բայց կա

Այս տարվա երկու ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների միջին ամսական ցուցանիշը կազմել է 3,2 հազ., ինչը 2011թ. առաջին կիսամյակի ցուցանիշի համեմատ երկու անգամ մեծ է։ Հատուցման դեպքերի ավելացման հետ մեկտեղ աճել է մեկ հատուցման միջին գումարը։ Անցած տարվա առաջին կիսամյակում մեկ պատահարի գծով հատուցման միջին գումարը կազմել էր Դ200 հազ., իսկ այս տարվա առաջին երկու ամիսներին այն կազմել է Դ212հազ.։

Ընդհանուր համակարգում կարճաժամկետ պայմանագրերի գերակշռությունը, ձմռան ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների աճը և որպես հետևանք՝ հատուցմանն ուղղվող գումարների ավելացումը հանգեցրել են նրան, որ ԱՊՊԱ համակարգում վնասաբերության գործակիցը անցած տարվա ցուցանիշի համեմատ ավելացել է մոտ 16-տոկոսային կետով։ Բայց նույնիսկ նման զարգացումների պայմաններում ԱՊՊԱ ոլորտում ձևավորված առանձին տվյալների վերաբերյալ վիճակագրությունից երևում է, որ ոլորտում վնասաբերությունը կազմել է մոտ 70%։

Սա նշանակում է, որ հավաքագրված յուրաքանչուր Դ100-ից ապահովագրական ընկերությունները Դ70-ը ուղղել են հատուցումներին։ Իհարկե, անցած տարի հատուցմանն ուղղվել էր Դ54, բայց պետք է հաշվի առնել, որ ԱՊՊԱ սակագնի հիմքում դրված է, որ հատուցմանը յուրաքանչյուր Դ100-ից պետք է ուղղվի Դ78-ը։

Մեկնաբանել