Ադենաուերին սպասելիս

Նույնն է նաև ԱՄՆ-ում, որտեղ այս օրերին ընթացող նախագահի հանրապետական թեկնածուների ընտրապայքարում ֆավորիտներից է կուսակցության թերևս ամենապահպանողական ներկայացուցիչը՝ նախկին սենատոր Րիք Սանթորումը: Նա ջերմեռանդ կաթոլիկ է, ավանդապաշտ, ամուր ընտանիքի ջատագով, որը կտրականապես դեմ է միասեռական ամուսնություններին, հղիության արհեստական ընդհատմանը և անգամ համաբեղմնավորիչներին: Զարմանալի է, բայց ԱՄՆ-ի նման ազատական և աշխարհիկ երկրում նման գաղափարներն ունեն լսարան: Միթ Ռոմնիի միլիոններին Սանթորումը հակադրում է հենց պահպանողական նվիրյալ քրիստոնյայի կերպարը, որոշ նահանգներում՝ բացառիկ հաջողությամբ:

Այս իրողությունները հերքում են մտայնությունը, թե Արևմտյան զարգացած ժողովրդավարություններում պահպանողականությունն ու քրիստոնեական արժեքները հոգեվարք են ապրում: Ընդհակառակը, դրանք պահանջարկված են և ակտիվորեն շրջանառվում են նաև քաղաքականության մեջ:

Հայ հասարակությունն անվիճելիորեն շատ ավելի պահպանողական է և կապված եկեղեցուն, քան ԱՄՆ-ի կամ Գերմանիայի քաղաքացիները: Ավանդույթն ու կարծրատիպերը այստեղ հաճախ ավելի հեղինակավոր են, քան ամենահնչեղ օրենքները, իսկ եկեղեցին հանրային կյանքում ներկայացվածությամբ չի զիջում պետական որևէ կառույցի: Այսպիսի միջավայրում բնական է ակնկալել քրիստոնեա-պահպանողական գաղափարների գերակայություն նաև քաղաքականությունում, սակայն որքան էլ տարօրինակ թվա, այդպիսի միտումներ չկան:

Իհարկե, կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են բարեպաշտ քրիստոնյայի կերպար ստեղծել, ինչպես ՀՀ վարչապետը, որը Հայաստանում տեղի ունեցող միջազգային տնտեսական համաժողովին մասնակցությանը նախընտրում է Սուրբ Սարգսի տոնակատարությունները, քահանայապետների հետ մասնակցում է Վարդանանց սրբերի եկեղեցական տոնին և ներդնում հոգևորականների կողմից բերքի օրհնման «գիտելիքահեն» տեխնոլոգիան:

Այնուամենայնիվ, դա ընդամենը վատ բեմադրված ներկայացում է։ Տիգրան Սարգսյանն իրականում «պետության վախճանի» և «հայկական ցանցային աշխարհի» նեոլիբերալիստական գաղափարախոսությունների ճարտարապետն է, իսկ նրան և Հայ առաքելական եկեղեցուն կապող թելերը քիչ այլ բնույթի են, քան զուտ հոգևորը…

Ստացվում է, որ մինչ արևմտյան մի շարք ազատական պետություններում կրոնն ու աջ հոսանքները քաղաքական մեծ պահանջարկ են վայելում, պահպանողական Հայաստանում, որտեղ եկեղեցին ազգային ինքնության մասն է, իսկ ավանդապահությունը՝ հանրային գիտակցության բաղադրիչ, դրանք ի սպառ բացակայում են քաղաքական դաշտից։

Իշխանությունները սիրում են խոսել մեծ գործերի մասին, մինչդեռ մեծ գործերը հնարավոր են միմիայն մեծ գաղափարի ներշնչմամբ, որն այսօր, ցավոք, չունենք։ Միգուցե արժե հրաժարվել տասնամյակներ առաջ կարծրացած և մերօրյա իրականությունից կտրված նժդեհականությունից ու մշակել նոր, հանրության նախասիրությունները արտացոլող ու իրական ազգային գաղափարախոսություն՝ քրիստոնեական արժեքների և պահպանողականության ինչ-որ սինթեզ։

Սակայն մեծ գաղափարները սփռելու համար պետք են մեծ մարդիկ, ինչպիսին է հայրենիքին անմնացորդ նվիրված Կոնրադ Ադենաուերը կամ էլ գոնե Րիք Սանթորումը, որն անկեղծորեն հավատում է իր սկզբունքներին։

Մեկնաբանել