Չի հավատում ընտրողների թվին

Tert.am-ի հետ զրույցում Սաֆարյանն ասել է. «Քանի որ ԱՄՆ-ի դեսպանը հորդորել է բոլորիս՝ մեզ հասած տեղեկությունները փոխանցել առաջին հերթին դատախազությանը և նաև իրենց, վարվելու եմ այդպես: Ինքս անձամբ իմ անունից այդ տվյալները ներկայացնելու եմ»։

Պատգամավորի կասկածների հիմքը Ոստիկանության կայքում տեղադրված բոլոր 41 ընտրական տարածքների տեղամասերի ընտրողների թվի ընդհանուր գումարն է, որը, ըստ նրա, «2,5- 2,6 միլիոնի արանքում» է:

Երեկ Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտարարություն տեղադրելուց հետո Սաֆարյանը, իր խոսքով, արտերկրում բնակվող հայրենակիցներից ստացել է բազմաթիվ մտահոգիչ նամակներ: «Նամակներում մարդիկ նշում են, որ իրենք տարիներով Հայաստանում չեն, իրենց հարևանները, բարեկամները տարիներով Հայաստանում չեն, և նրանցից շատերի անուն-ազգանունները իրենք հայտնաբերել են ցուցակներում»,– ասել է նա՝ հիշեցնելով, որ Ոստիկանության հայտարարության համաձայն՝ այս մարդիկ գրանցվել են վերջերս, այսինքն՝ 2008-ից հետո:

Սաֆարյանը Facebook–ի իր էջում մասնավորապես գրել է. «Ոստիկանությունը հայտարարել է ընտրողների թիվը՝ ավելի քան 2,5 մլն: Այս խայտառակությունը հրապարակելուց առաջ իշխանությունները գոնե մի բան իրենց հաշիվ տային. եթե վերջին տարում Հայաստան եկողների ու Հայաստանից մեկնողների սալդոն բացասական է, ինչպե՞ս կարող էր ընտրողների թիվն աննախադեպ աճել:

Սա ընդամենը մի ակնառու փաստ է, եթե չհիշեցնեմ վերջին տասնամյակներում չդադարող արտագաղթը, այդ խորապատկերին մարդահամարի տվյալների անարժանահավատությունը և այլն: Հայաստանում հազիվ այդքան մարդ լինի, բայց այդ դեպքում ստացվում է, որ ՀՀ բնակչությունը բացառապես կազմված է 18 տարեկանից բարձր մարդկանցից: Թե քանի հարյուր հազար գոյություն չունեցող մարդու է իշխանությունը լցոնել ցուցակներում, թողնում եմ ձեր եզրահանգմանը»:

Մեկնաբանել