Խուսափել սերբական տարբերակից

Հստակ է նաև, որ արդեն տասներկու տարի մեր ռազմավարական գործընկեր այս երկրում իրական իշխանությունը պատկանում է Վլադիմիր Պուտինին՝ անկախ նրա զբաղեցրած պաշտոնից: ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ գործող վարչապետին «պաշտպանելու» հայտարարություններով հանդես եկան հայաստանյան տարբեր ուղղվածության քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ հաշվի չառնելով, որ առնվազն կոռեկտ չէ այլ երկրի ներքաղաքական կյանքին խառնվելը: Բնականաբար, նման հայտարարությունները ռևերանսներ էին հյուսիսային գերտերության իրական ղեկավարին:

Ռուսաստանի դերը այսօր Հայաստանի կյանքում բավական մեծ է: Դա արտահայտվում է թե՛ անվտանգության երաշխիքներով ու ռազմական ներկայությամբ, թե՛ կարևորագույն տնտեսական օբյեկտների հսկողությամբ, ինչպես նաև ՀՀ ներքաղաքական կյանքի վրա ազդելու լծակներով: Վերջինս, իհարկե, շատ վատ երևույթ է, սակայն պետք է խոստովանենք, որ այդ լծակները մենք ենք նվիրել Պուտինին՝ մեր քաղաքական ուժերի ռևերանսներով:

2008թ. հունվարին Սերբիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլում գործող նախագահ Բորիս Թադիչից առաջ էր անցել ազգայնական թեկնածու Տոմիսլավ Նիկոլիչը, որը հանդես էր գալիս Ռուսաստանի հետ դաշինքի կարգախոսով: ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների ենթարկված և ստորացված սերբերի մոտ ռուսամետ տրամադրությունները բավական բարձր էին, և Նիկոլիչը հաղթանակ տանելու իրական շանս ուներ:

Սակայն երկրորդ փուլից մի քանի օր առաջ եվրոպամետ Բորիս Թադիչն այցելեց Մոսկվա, հանդիպեց Պուտինին, Ռուսաստանին ձեռնտու պայմանագիր կնքեց՝ Սերբիայի գազաբաշխիչ համակարգերի վերաբերյալ: Պուտինի և Ռուսաստանի այլ ղեկավարների հետ հանդիպումը Թադիչին հաղթանակ պարգևեց, որի գինը, փաստորեն, բավական թանկ եղավ ֆինանսական առումով:

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որը հայ գործիչներին կարող է նման վարք թելադրել: Մեր բախտը բերում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում և Հայաստանում՝ մասնավորապես, միայն տնտեսական շահեր չի փնտրում:

Օրերս Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ նոր շտրիխներ է մտցնում հայաստանյան ներքաղաքական պայքարի մեջ՝ ի հիասթափություն Պուտինին «աջակցություն» հայտնած որոշ ուժերի: Ռուսաստանի դիրքորոշումն ավելի բացահայտ է դառնում այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանն իր մոսկովյան այցի ժամանակ թեև մասնակցեց Մեդվեդևի և Պուտինի կողմից ԵվրԱզԷՍ-ի նախագահների պատվին տրված ճաշին, բայց Պուտինի հետ երկկողմ հանդիպում չունեցավ:

Այս կամ այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների տարբեր բարձրաստիճան հանդիպումները կամ արտասահմանյան ուղերձներ պոկելը բոլորովին էլ դրսից տղա բերել չեն: Այս պրակտիկան տարածված է ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահի թեկնածուներն էլ են մեկնում, ասենք, Չինաստան: Սա ցույց է տալիս տվյալ թեկնածուի արտաքին-քաղաքական դիրքորոշումը:

Մնում է, որ մեզ մոտ էլ նման այցերն ու ուղերձներն ընդամենը արտաքին-քաղաքական կողմնորոշում ցույց տան, ոչ թե վերածվեն սերբական տարբերակի: