Հիշողությունը՝ արհամարհված

Աշխարհում մեծ տեղ է հատկացվում կոլեկտիվ հիշողությանը: Հատկապես այն ժողովուրդները, որոնք անցել են պատերազմների ու ցեղասպանությունների միջով, հսկայական հուշահամալիրներ ունեն, որոնք նաև երիտասարդ սերնդի դաստիարակության կարևոր վայրեր են: Արցախյան պատերազմի ավարտից գրեթե երկու տասնամյակ է անցել, եկել է նոր սերունդ, որը պատերազմը չի հիշում, և որին պատշաճ չենք ներկայացնում ոչ վաղ անցյալի պատմությունը:

Տարիներ առաջ ընկերներով գնացել էինք Ֆրանսիայի Էլզասի շրջանի Շիրմեկ ավանում գտնվող «Էլզաս-Մոզել» հիշատակի թանգարան, որտեղ հավաքել էին նացիստական Գերմանիայի կողմից այս տարածքների վրա հարձակմանը վերաբերող ցուցանմուշներ, զոհվածների լուսանկարներ, ցուցադրվում էին ֆիլմեր, առանձին սենյակներում կային պատերազմի իմիտացիաներ՝ վառվող տներ, կրակոցներ և այլն: Կենդանի մի թանգարան, որը միանգամից քեզ տեղափոխում է անցած դարի 40-ական թթ. սկիզբ:

Գնացինք նաև շրջանում գտնվող թանգարանի վերածված համակենտրոնացման ճամբարներ, որտեղ ժամանակին դատապարտվել էին Էլզասում և Լոթարինգիայում բնակված բազմաթիվ հրեաներ: Այս ամենը բավական տպավորիչ էր և հուզիչ: Եվրոպական տարբեր կառույցներ խրախուսում են կոլեկտիվ հիշողությանը, հատկապես Հոլոքոստը հիշելուն ուղղված զանազան ծրագրեր, որոնց միջոցով եվրոպական աշակերտությունն ու երիտասարդությունը համոզվում են ֆաշիզմի անթույլատրելիության մասին պնդումների մեջ:

Ստեփանակերտի Զոհված ազատամարտիկների թանգարանում տպավորում են արցախյան պատերազմում զոհված տղաների՝ պատերից նայող նկարները: Ավելի հուզիչ են նրանց հետ կապված պատմությունները: Պատերազմում մենք կորցրեցինք սերունդ, որոնց բացակայությունը ճակատագրորեն է անդրադառնում մեր զարգացման վրա: Նվիրումի, անձնազոհության այս պատմությունները պետք է դառնան երիտասարդ սերնդին, և ոչ միայն նրանց, կրթելու եղանակ, ցույց տան, որ ձեռք բերածը այնքա՜ն մեծ կորուստների արդյունք է:

Ստեփանակերտի կենտրոնական շենքերից մեկի առաջին հարկում է տեղավորված Զոհված ազատամարտիկների թանգարանը: Փոքրիկ տարածք՝ նույնիսկ եղած ցուցանմուշները ցուցադրելու համար: Նման վերաբերմունքը կոլեկտիվ հիշողությանը ոչ միայն անարգանք է զոհվածների հիշատակի հանդեպ, այլև անփույթ վերաբերմունք դեպի ապագան: Մեծ ու հզոր թանգարան չկառուցելու որևէ հիմնավորում արդարացված չէ:

Արցախում մինչ այսօր էլ կան ավերված բնակավայրեր ու պատերազմի ժամանակ շարքից դուրս եկած մեծաքանակ ռազմական տեխնիկա: Այս ամենը պետք է հավաքվի մի տեղ, նույնպես դառնա կենդանի թանգարան՝ այցելուների համար տպավորիչ դարձնելով պատերազմի այս կամ այն դրվագը:

Պատերազմի ավարտից երկու տասնամյակ էլ չի անցել: Միգուցե քի՞չ ժամանակ է կոլեկտիվ հիշողությանն անդրադառնալու համար: Միգուցե անփո՞ւյթ ենք, որովհետև զոհվածները դեռ կենդանի են ու հուշ չեն դարձել: Չէ՞ որ մոնումենտալ գործերը ծնվում են իրադարձություններից տասնամյակներ անց: Միգուցե: Սակայն պատերազմի ավարտից հետո ծնվածներն արդեն ուսանող են դառնում…