Պայքար ուղեղների համար

Ռուսական ազդեցության ձևափոխման հնարավորությունը

Այս շաբաթ Երևանում էր Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը: Այցի ընթացքում երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակից զատ քննարկվել է Երևանում Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) մասնաճյուղի հիման հնարավորությունը: Հայաստանի կրթական համակարգի համար նպատակահարմարության տեսակետից այն անհասկանալի է: Հայաստանում արդեն իսկ կա Ռուս-սլավոնական համալսարան, որտեղ ուսուցումը ռուսերենով է կազմակերպվում:

Բացի այդ՝ ՄՊՀ-ի մասնաճյուղը հիմնականում լինելու է ԵՊՀ-ի մրցակիցը, որն առանց այդ էլ խնդիրներ ունի ուսանողներով և որակյալ դասախոսական անձնակազմով համալրվելու առումով: ԵՊՀ-ի օգտին չեն լինելու նաև ֆինանսական հնարավորությունները և վերջին շրջանում մեր երկրում տարածված օտարամոլությունը:

Սակայն խնդիրը հետաքրքիր է այլ համատեքստում: Այս քայլով Ռուսաստանը մտնում է հայ երիտասարդների ուղեղների համար մղվող պայքարի մեջ, որում ակնհայտորեն զիջում է: Այս առումով պատահական չեն նաև այն քաղաքները, որտեղ ՄՊՀ-ն արդեն իսկ ունի մասնաճյուղեր՝ Աստանա, Բաքու, Տաշքենդ, Դուշանբե, Սևաստոպոլ:

Գերտերության հավակնություններ ունեցող ցանկացած պետություն փորձում է իր ազդեցությունը տարածել իր գնահատմամբ ռազմավարական կարևորություն ներկայացնող պետություններում: Նախկինում դա արվում էր «գաղութացման» միջոցով և սովորաբար ընդունում էր տարածքների նվաճման և այդ տարածքներից բնական ռեսուրսների արտահանման և սեփական ապրանքների համար սպառման շուկաների ապահովման տեսք:

Այսօր գաղութացումը փոխվում է ազդեցության տարածմամբ՝ սեփական ռազմաքաղաքական մոդելի գրավչության ավելացմամբ: Այն նախատեսում է նաև մշակութային մոդելի պարտադրում, որը «բարբարոսներին քաղաքակրթելու» գործառույթի ժամանակակից ձևափոխումն է:

Ընդ որում՝ գործելաոճը և մոդելները կարող են տարբեր ընտրվել: Պատմականորեն ընդունված է եղել տարանջատել երկու մոդել՝ բրիտանական և ֆրանսիական: Այսպես, օրինակ, Բրիտանական կայսրությունը վերահսկում էր իրավիճակը ռազմական կոնտինգենտի միջոցով, իսկ ամբողջ տեղական կառավարումը թողնում էր տեղացիներին:

Ֆրանսիացիներն իրենց «անդրծովյան տարածքները» վերահսկում էին ոչ միայն ռազմական, այլ նաև ֆրանսիացի քաղաքացիական ծառայողների միջոցով: Բացի այդ՝ Ֆրանսիան գաղութներում բացում էր ֆրանսիական դպրոցներ, որտեղ ֆրանսիացի ուսուցիչները դասավանդում էին ֆրանսիական դասագրքերով:

Ժամանակակից աշխարհում գործում են ազդեցության տարածման հիմնականում չինական և ամերիկյան մոդելները: Չինաստանը ներդրումային մեծ ծրագրեր է իրականացնում և հսկայական ֆինանսական միջոցներ անվերադարձ տրամադրում տարբեր երկրների: Ամերիկյան մոդելում ֆինանսական ներդրումները, իհարկե, զգալի են, սակայն շեշտը դրվում է էլիտայի «գաղափարական մշակման» վրա: Ամերիկյան կառավարությունը և բազմաթիվ կրթական հիմնադրամներ հսկայական չափերի հասնող դրամաշնորհներ են տրամադրում ԱՄՆ-ում սովորելու համար:

Սա անվանում են «ուղեղների լվացում», երբ նման բարենպաստ պայմաններում հայտնված անձնավորությունը կա՛մ անվերապահորեն որդեգրում է ամերիկյան արժեհամակարգը, կա՛մ էլ, երախտագիտությամբ լցվելով առ ԱՄՆ և վերադառնալով հայրենիք, դառնում ամերիկյան շահերի պաշտպանը և տարածողը: Ժամանակի ընթացքում այդ մարդիկ ձևավորում են նոր էլիտա, որը ձևակերպում է պետության համապատասխան քաղաքականությունը:

Ռուսական մոդելը մինչև վերջերս խարսխվում էր ռազմական ներկայության (ռազմաբազաների տեղակայում), ժողովրդագրական ճնշման (ՌԴ-ում աշխատող տարբեր երկրների քաղաքացիների երկրից վտարման սպառնալիք) և տնտեսական գերիշխանության հաստատման վրա (առանցքային տնտեսական հանգույցների սեփականաշնորհում և վերահսկողություն):

Կրթական ծրագրերին կամ դրամաշնորհներին գրեթե նշանակության չէր տրվում, ինչը զգալիորեն թուլացնում էր ռուսական կողմնորոշման հեռանկարը հայ երիտասարդության շրջանում: ՄՊՀ մասնաճյուղի բացումն աշխարհաքաղաքական առումով Ռուսաստանի համար ուժեղ ու լուրջ քայլ կլինի՝ ի տարբերություն զավեշտալի «Պուտին» ակումբի բացման:

Մեկնաբանել