Պարտքերը ցրեց աշխարհով

Ռուսաստանը $7 մլրդ-ի եվրոպարտատոմս է տեղաբաշխել

Ռուսական պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքները վկայում են՝ ՌԴ պարտքային պարտավորությունները ներդրողների շրջանում մեծ պահանջարկ են վայելում՝ երեք անգամ գերազանցելով առաջարկը, իսկ տեղաբաշխման աշխարհագրությունը շատ ավելի լայն է, քան ենթադրվում էր ռոուդ-շոուի արդյունքներով։

Ռուսաստանը նախօրեին $7 մլրդ-ի եվրոպարտատոմս է տեղաբաշխել երեք տրանշով։ Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով տեղաբաշխման կազմակերպմամբ զբաղվող ներդրումային բանկի իր աղբյուրները, հաղորդում է, որ 5 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 3,25%, 10 տարի մարման ժամկետով պարտատոմսերինը՝ 4,5%, 30 տարի մարման ժամկետով պարտատոմսերինը՝ 5,625%։ Ըստ բանկի ներկայացուցչի՝ 5-ամյա պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 3,325%, 10-ամյաներինը՝ 4,591%, և 30-ամյաներինը՝ 5,798%։

Պարտատոմսերի պահանջարկը զգալիորեն գերազանցել է տեղաբաշխման ենթակա ծավալը՝ կազմելով $25 մլրդ։ Բանկի ներկայացուցչի խոսքով՝ առավելագույն հայտը $500 մլն-ի է եղել, իսկ օտարերկրյա հիմնադրամներից մեկը $1,4 մլրդ ընդհանուր ծավալով հայտ է ներկայացրել բոլոր երեք տրանշներով։ Հիմնական ներդրողները Եվրոպայի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Իսրայելի, Ֆիլիպինների, Չինաստանի, Ճապոնիայի ներդրումային հիմնադրամներն են եղել։

Հիշեցնենք, որ ռուսական եվրոբոնդերի ռոուդ-շոուն ավարտվել է մարտի 27-ին։ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում այն մեկնարկել էր մարտի 19-ից։ Տեղաբաշխման կազմակերպիչներն են ֆրանսիական BNP Paribas, ամերիկյան Citigroup, գերմանական Deutsche Bank բանկերը, ինչպես նաև ռուսական «Տրոյկա դիալոգ» և «ՎՏԲ կապիտալ» ներդրումային ընկերությունները։

Ըստ աշխարհի խոշորագույն ներդրումային PIMCO հիմնադրամի ղեկավար Բիլ Գրոսի՝ ռուսական պարտքային պարտավորությունները ներդրողների համար շատ ավելի գրավիչ են, քան ԱՄՆ-ի 5-ամյա մարման ժամկետով պարտատոմսերը։ Այսպես՝ ԱՄՆ-ի գանձապետարանի 5-ամյա պարտատոմսերի սփրեդն այժմ 2,3% է, 10-ամյա պարտատոմսերինը՝ 2,4%, իսկ 30-ամյաներինը՝ 2,5%։

2011թ. Ռուսաստանը տեղաբաշխել է 90 մլրդ ռուբլու ($3,1 մլրդ) ռուբլային եվրոպարտատոմսեր։

Մեկնաբանել