Սիրիայի տագնապը

Երեք հիմնական պատճառ, որ պիտի մտահոգեն Հայաստանին ու ՍփյուռքինՍիրիայի իրադարձությունները, որոնք միջազգային լրատվամիջոցներում լուսաբանվում են խիստ միակողմանի (ի վնաս գործող իշխանությունների ու նախագահ Բաշար Ասադի), Հայաստանին ու Սփյուռքին պետք է մտահոգեն երեք հիմնական պատճառներով:Առաջինը մարդկային կորուստներն են:

Սիրիայում սպանվում են ու վիրավորվում մարդիկ, որոնց թվում՝ հայեր: Ի տարբերություն Թունիսի, Եգիպտոսի, Եմենի ու Լիբիայի, որտեղ «արաբական գարունը» տապալել է այդ երկրների նախկին առաջնորդներին, Սիրիայում ներքաղաքական պատերազմը երկարաձգվելու ակնհայտ միտումներ ունի: Միջազգային հանրությունը, փոխանակ ճնշումներ բանեցնի նախագահ Ասադի վրա, որպեսզի վերջինս երկրի ներսում լուրջ քաղաքական բարեփոխումներ կատարի (այս պահին նախագահ Ասադը պատրաստ է գնալ լրջագույն զիջումների), պահանջում է Սիրիայի առաջնորդի հրաժարականը:

Բնականաբար, նախագահ Ասադը հրաժարական չի տալիս: Դժվար է կանխատեսել, թե ինչպիսի հանգուցալուծում կունենան սիրիական իրադարձությունները: Հավանական է, որ արյունահեղությունը շարունակվի, ինչպես շարունակվում է արդեն մեկ տարի: Թուրքիայի տարածքում հաստատված սիրիական ընդդիմությունը քաջալերում է, որ զինյալ ապստամբները պայքար մղեն նախագահ Ասադի կառավարական ուժերի դեմ: Բախումների ընթացքում արյուն է թափվում, սպանվում են նաև հազարավոր խաղաղ բնակիչներ:

Տուժածների մեջ կան նաև հայեր: Սիրիահայությունը, որ հիմնականում կենտրոնացած է Հալեպի, Ղամիշլիի, Լաթաքիայի, Քեսաբի ու Դամասկոսի շրջաններում, փորձում է պահպանել չեզոքություն: Նման կեցվածքը, անկասկած, արդարացված է: Ավելին՝ դա է չարյաց փոքրագույնը: Սակայն չեզոքություն պահպանելը դեռ բավարար պայման չէ, որպեսզի սիրիահայությունը խուսափի զոհերից ու վիրավորներից:

Շուրջ 80 հազարի հասնող սիրիահայության ներկա կացությունն ու ապագան պետք է մտահոգեն ինչպես Հայաստանի Հանրապետությանը, այնպես էլ Սփյուռքին: Բարեբախտաբար, հայաշատ շրջանները չեն դարձել կառավարություն-ընդդիմություն զինված պայքարի հիմնական վայրերը, թեև իրավիճակը մայրաքաղաք Դամասկոսում ու մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպում, հատկապես վերջին շաբաթներին, հեռու է խաղաղ ու հանգիստ լինելուց:

Երկրորդ՝ Սիրիայում ներքաղաքական պատերազմի ու արյունահեղության շարունակականությունը սիրիահայությանը կստիպեն ավելի ապահով վայրեր գտնել: Մարդկայնորեն հասկանալի է, որ սիրիահայությունը պետք է մտահոգվի իր ֆիզիկական անվտանգության խնդիրներով: Ի տարբերություն Սփյուռքի այլ հայաշատ վայրերի՝ Սիրիան ու Լիբանանը առանցքային դերակատարություն ունեն ողջ հայկական աշխարհի համար: Հալեպը և Բեյրութը տասնամյակներ եղել են և շարունակում են մնալ շտեմարան՝ հայ աշխարհին տալով բազմաթիվ հոգևորականներ, մտավորականներ, ուսուցիչներ ու ազգապահպանության համար կարևոր այլ դերակատարներ:

Ավստրալիայի, Ամերիկայի ու Եվրոպայի հայկականության ոգին պահպանողը տասնամյակներ եղել են հիմնականում Հալեպը և Բեյրութը թողած հայորդիները: Նրանք թողել են Հալեպն ու Բեյրութը, բայց իրենց հետ հայ աշխարհին են տարել հայկական ոգին: Հայկական սփյուռքի հարատևությունն ու հայկական ոգու պահպանումը ուղղակիորեն կապված են Հալեպի ու Բեյրութի հետ:Երրորդը Հայաստանի Հանրապետության շահն է:

Ակնհայտ է, որ Արևմուտքի համար արաբական աշխարհի ժողովրդավարացումը պատրվակ է: Եթե Արևմուտքին մտահոգում է մարդու իրավունքների և մյուս հիմնարար ազատությունների հարգումը, ապա առաջինը պետք է տապալվեին Սաուդյան Արաբիայի, Կատարի ու Բահրեյնի բռնապետական վարչակարգերը: Հակառակը, հենց նրանք են վայելում Արևմուտքի աջակցությունը՝ ընդդեմ շիաների: Գրեթե կասկած չկա, որ Արևմուտքը փորձում է արաբական աշխարհում և մուսուլմանական արևելքում սահմանափակել շիաների իշխանությունը: Սիրիայում «հաջողության» հասնելու դեպքում հերթը հավանաբար կհասնի «Հեզբոլլահ»-ին Լիբանանում և Իրանին:

«Հեզբոլլահ»-ն այսօր լուրջ ուժ է Լիբանանում: Նրա դեմ պատերազմը նշանակում է հերթական անհանգստությունը պատճառել լիբանանահայությանը: Լիբանանում նոր պատերազմի դեպքում այդ երկրի վերջին հիսուն հազար հայերի մի մասը (եթե ոչ զգալի մասը) ևս կարտագաղթի: Իսկ ամենամտահոգիչը Իրանի դեպքն է: Իսլամական հանրապետության դեմ պատերազմը կամ ռազմական հարվածները Հայաստանին կկանգնեցնի անելանելի ընտրության առաջ: Այնպես որ՝ Բաշար Ասադի հաջողությունը, ասել է թե՝ սիրիական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը, անուղղակիորեն բխում է նաև Հայաստանի և հայ աշխարհի շահերից: