ՏՏ-ն երեկ, այսօր ու վաղը

Ժամանակը չէ՞ արդյոք նոր՝ ավելի իրատեսական հայեցակարգ ունենալուԵրեկ Կառավարությունը բաշխեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին հատկացրած ֌80 մլն-ը: Պետական բյուջեից ընդամենը երկու ոլորտ է ֆինանսական ուղղակի աջակցություն ստանում՝ ՏՏ-ն ու զբոսաշրջությունը: Առաջին հայացքից՝ դժգոհելու առիթ չկա, թեև 2008թ. ոլորտին հատկացվում էր ֌200 մլն:

ՏՏ-ի հույսը այդ գումարները չեն, այլ ազատ տնտեսական գոտին, որ պետք է ստեղծվի այս տարվա ընթացքում «Մարս» գործարանի և Մերգելյան ինստիտուտի (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) բազայի վրա: Միայն այն բանից հետո, երբ «Սիտրոնիքս Արմենիա»-ն կհրապարակի ազատ տնտեսական գոտու բիզնես պլանը, պարզ կդառնա, թե ինչ իրական ակնկալիքներ կարելի է ունենալ այդ գոտուց: Իսկ մինչ այդ փորձենք գնահատել վերջին տարիների միտումները և առաջիկայի հնարավորությունները:

Որպես համեմատության բազիսային հիմք վերցնենք 2006-ը, իսկ որպես թիրախներ՝ «ՏՏ զարգացման հայեցակարգում» 2013թ. և 2018թ. համար նշված ցուցանիշները:

Ըստ պաշտոնական հրապարակման՝ 2011թ. Հայաստանում գործում է 300 ՏՏ ընկերություն՝ 2006թ. 200-ի համեմատ: Այսինքն՝ հինգ տարում ստեղծվել է 100 նոր ընկերություն՝ տարեկան 20 հատ: Ըստ հայեցակարգի՝ ՏՏ ընկերությունների թվաքանակը 2013թ. պետք է հասնի 400-ի, իսկ 2018թ.՝ 1000-ի: Այսինքն՝ սկսած 2012թ. պետք է առնվազն ստեղծվեն 100 ՏՏ նոր ըկերություններ, մի բան, որը քիչ հավանական է: Այս առումով զարգացման տեմպը անբավարար է:

2011թ. ոլորտում ներգրավված է մոտ 5500 մասնագետ: 2006թ. նրանց թիվը 5000 էր: 2013թ. ՏՏ ոլորտի մասնագետների թիվը պետք է հասնի 12 հազ-ի, իսկ 2018թ.՝ 20 հազ-ի: Առայժմ որևէ հիմք չկա հուսալու, որ երկու տարվա ընթացքում մասնագետների թիվը կկրկնապատկվի:

2011թ. ՏՏ ընկերությունների ընդհանուր հասույթը կազմել է $205 մլն՝ 2006թ. $85 մլն-ի համեմատ: Այստեղ աճն ավելի զգալի է, և 2013թ. համար նախատեսված $400 մլն-ը կամ 2018թ. $1 մլրդ-ը այնքան էլ անիրական չեն թվում, թեև բավական բարձր նիշեր են:ՏՏ ոլորտը հասցրել է գերազանցել մեկ աշխատողին բաժին ընկնող արտադրողականության ցուցանիշը: 2006թ. մեկ աշխատողի արտադրողականությունը եղել է $17 հազ., 2013թ. նախատեսվում էր այն հասցնել $25 հազ-ի (2018թ.՝ $50 հազ-ի): 2011թ. դրությամբ այդ ցուցանիշն արդեն գերազանցում է $37 հազ-ը:

Հայաստանն առաջ է գնացել տնային տնտեսությունների համակարգչային հագեցածության ցուցանիշով: 2006թ. այդ ցուցանիշը 20% էր, 2013թ. պետք է հասներ 50%-ի, սակայն ներկա դրությամբ այդ ցուցանիշն արդեն գերազանցված է:Լուծված կարելի է համարել նաև ինտերնետ հասանելիության զարգացման խնդիրը (ինտերնետ հասանելիությունը տվյալ դեպքում ներառում է ֆիզիկական, ֆինանսական, բովանդակային և լեզվական հասանելիությունը): 2006թ. ինտերնետ հասանելիությունը 15% էր, 2013թ. պետք է հասներ 70%-ի, իսկ 2018թ.՝ 90%-ի: 2011թ. վերաբերյալ ինտերնետ հասանելիության ցուցանիշ դեռ չի հրապարակվել, սակայն այն բավական մոտ է 70%-ին:

Այնուամենայնիվ, հայեցակարգում կան կետեր, որոնք դժվար թե իրագործելի դառնան առաջիկա տարիներին: Այսպես՝ տեխնոպարկերի ու ինկուբատորների թիվը 2013թ. պետք է հասնի հինգի: Հաշվի առնելով Գյումրիի տեխնոպարկի տխուր վիճակը՝ դա հազիվ թե իրականություն դառնա:

Առայժմ քիչ հավանական է թվում մինչև 2013թ. $100 մլն վենչուրային կապիտալ ներգրավելու գաղափարը: Սակայն եթե ազատ տնտեսական գոտին հաջողի, դա այնքան էլ անիրական չէ:

Առավել անիրական է տեղական բորսայում ՏՏ 30 ընկերությունների ցուցակումը 2013թ. (2018թ. դրանց թիվը պետք է գերազանցի 50-ը): Այս պահի դրությամբ բորսայում ՏՏ ընկերություն չկա, ու եթե նույնիսկ մեկն էլ հայտնվի, արդեն մեծ հաջողություն է: Առավել անիրական է միջազգային բորսաներում երկու տեղական ՏՏ ընկերությունների հայտնվելը, ինչպես գրված է հայեցակարգում:ՏՏ զարգացման հայեցակարգը գրվել է մինչև ճգնաժամը և հիմնվել է 2006թ. բազայի վրա: Հնարավոր է՝ այն լիարժեք հաշվի չի առել նորագույն զարգացումները: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ժամանակը չէ՞ արդյոք նոր, ավելի իրատեսական հայեցակարգ ունենալու: