Մեծ փողերը նախընտրում են Արևմուտքը, շատ մեծ փողերը՝ Ասիան

Արևելյան մուլտիմիլիոնատերերն առաջ են անցել արևմտյաններիցՆերկայում աշխարհում հաշվվում է $100 մլն և ավելի կարողություն ունեցող 63 հազ. մեծահարուստ, որոնք միասին տնօրինում են $39,9 տրլն կապիտալի։ 2006-ից ի վեր մուլտիմիլիոնատերերի թիվն աշխարհում ավելացել է 29%-ով։ Ակնկալվում է, որ առաջիկա հինգ տարում այն կաճի ևս 37%-ով։ Այսպիսի տվյալներ է պարունակում անշարժ գույքի ոլորտում մասնագիտացած բրիտանական Knight Frank խորհրդատվական ընկերության և CitiGroup միջազգային խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատի Global Wealth Report-2012 համատեղ զեկույցը։

Զարգացող երկրների մեծահարուստներն ուր որ է առաջ կանցնեն զարգացած երկրների իրենց գործընկերներից և՛ թվաքանակի, և՛ ընդհանուր հարստության, և՛ ծախսերի ցուցանիշով. ԱՄՆ-ի և Եվրոպայի տնտեսական խնդիրներն իրենց գործը փաստորեն արել են, նշում են զեկույցի հեղինակները։

ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում տարեցտարի կկրճատվի՝ 2050թ. կազմելով 18%՝ 2010թ. 41%-ի համեմատ, կանխատեսում են Citi-ի փորձագետները։ Միաժամանակ, զարգացող ասիական երկրների համապատասխան ցուցանիշը ներկայիս 27%-ից կաճի մինչև 49%։ Այժմ ձևավորվում է ոչ թե ծախսերի, այլ համաշխարհային հարստության նոր աշխարհագրություն, վստահեցնում են Citi-ում։

2011թ. տվյալների համաձայն՝ մուլտիմիլիոնատերերն ավելի շատ են Արևելքում (Հարավարևելյան Ասիա, Ճապոնիա և Չինաստան)՝ շուրջ 18 հազ.։ Միացյալ Նահանգներն այս ցուցանիշով երկրորդ տեղում է. այստեղ մեծահարուստների թիվը հազարով պակաս է, թեև զարգացած երկրների շարքում միլիոնատերերի թվով ԱՄՆ-ը շարունակում է առաջատար մնալ։

Ակնկալվում է, որ մինչև 2016թ. Արևելքում մեծահարուստների թիվը 5 հազ-ով կգերազանցի Հյուսիսային Ամերիկային (26 հազ. և 21 հազ. համապատասխանաբար), իսկ Չինաստանը, որտեղ միլիոնատերերի թիվը կկրկնապատկվի՝ հասնելով 14 հազ-ի, ցուցանիշով գրեթե կհավասարվի ԱՄՆ-ին։Ասիացի միլիոնատերերի հարստության աղբյուրը շարունակում է մնալ շինարարությունը, օգտակար հանածոների արդյունահանումը, վերամշակող արդյունաբերությունը։ Citi-ի փորձագետների կանխատեսմամբ՝ հետագայում դրանց թվին կավելանան կրթության ոլորտում կատարվող ներդրումները և մարդկային կապիտալը։ Ավելին՝ առաջիկա հինգ տարում Արևմտյան Եվրոպայում մուլտիմիլիոնատերերի թիվը կաճի հազարով։

Զարգացող երկրների աճի շարժիչ ուժը, զեկույցի հեղինակների համոզմամբ, կարող են դառնալ ներկայիս բավական աղքատ երկրները՝ Բանգլադեշը, Նիգերիան, Եգիպտոսը, Մոնղոլիան, Ինդոնեզիան, Իրաքը։

Որտե՞ղ են բնակվում մուլտիմիլիոնատերերըՄեծահարուստները բնակության համար դեռ նախընտրում են Լոնդոնը և Նյու Յորքը, որոնք շարունակում են մնալ մուլտիմիլիոնատերերի ամենասիրելի քաղաքները։ Նրանք վստահ են, որ առաջիկա տասը տարում Լոնդոնի և Նյու Յորքի ազդեցությունը չի նվազի, քանի որ աշխարհի որևէ այլ քաղաք չի կարողանա մրցակցել նրանց հետ ոչ միայն շքեղ գույքի և թանկարժեք խանութների թվով, այլև էլիտար կրթություն ստանալու հնարավորությամբ։

Առաջիկա տասը տարվա առավել ազդեցիկ քաղաքների վարկանիշի երրորդ տեղում Պեկինն է, որին կրկին ասիական քաղաքներ են հաջորդում՝ Շանհայ, Սինգապուր և Հոնգ Կոնգ։ Մեծահարուստների շրջանում մշտապես մեծ համբավ վայելող Փարիզն այս անգամ հայտնվել է յոթերորդ տեղում։

Զեկույցի հեղինակների կանխատեսմամբ՝ մինչև 2025թ. Չինաստանը կունենա ավելի քան 1 մլն բնակչությամբ 130 քաղաք։ Ընդ որում՝ սա ավելին է, քան ԱՄՆ-ն և և Եվրոպան միասին վերցված։ Չինական 130 քաղաքից 8-ում բնակչության թիվը կգերազանցի 10 մլն-ը։

Ի՞նչ են գնում մուլտիմիլիոնատերերըԱսիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լյուքս դասի ապրանքներն ավելի ու ավելի տարածված են դառնում։ Չինաստանում լյուքս դասի ապրանքների շուկան, օրինակ, տարեկան աճում է 35%-ով։

Պարտատոմսերի շուկայի ցածր տոկոսադրույքների և բաժնետոմսերի շուկայի բարձր անկայունության պայմաններում միլիոնատերերն ավելի հաճախ են սկսել գումարներ ներդնել անշարժ գույքում։ 2011թ. նրանց թիվը 23% էր, իսկ ահա պարտատոմսերում և բաժնետոմսերում ներդրում կատարած անձանց թիվը՝ միայն 21-ական տոկոս։ Ավելի ու ավելի տարածված են դառնում նաև ոչ ստանդարտ ներդրումները. միլիոնատերերի 37%-ը խոստովանել է, որ ներդրումներ է կատարում, օրինակ, գինու մեջ։Միլիոնատերերի 60%-ը նախընտրում է արվեստի գործեր գնել, 52%-ը՝ թանկարժեք իրեր, 39%-ը՝ նոր ընկերություններում ներդրումներ կատարել։ Հատկանշական է, որ մուլտիմիլիոնատերերը գումարներն ակտիվորեն օգտագործում են նաև բարեգործական նպատակներով. 2011թ. հանգանակությունների ծավալն աճել է 10%-ով։

Անհավասար եկամուտներ ու բողոքի շարժումներCiti-ի փորձագետները վստահ են՝ հաջորդ տասնամյակը բարդ է լինելու մեծահարուստների համար։ Գլխավոր սպառնալիքը սոցիալական արդարության համար մղվող շարժումներն են, ինչպես օրինակ՝ «Գրավի՛ր Ուոլ սթրիթը»։ Ըստ ամենայնի, ահրաժեշտ կլինի պետության, բիզնեսի և հասարակության միջև հարաբերությունների նոր համակարգ ձևավորել, կարծում են զեկույցի հեղինակները։ Այս ուղղությամբ կիրառվող առաջին քայլերը կլինեն բարձր եկամուտների հարկադրույքների բարձրացումը, ինչպես նաև օֆշորների և ցածր հարկեր ունեցող երկրների վրա ճնշում գործադրելու փորձերը։

Մեկնաբանել