Դամասկոսի բաղդադյան հռչակագիրը

Արաբական երկրները անանյան խաղաղության կողմնակից ենԲաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթաժողովի գլխավոր արդյունքը, թերևս, Սիրիայի վերաբերյալ բանաձևն է՝ «Բաղդադյան հռչակագիրը», որը համաձայնեցվել էր կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նախօրեի հանդիպման ընթացքում։ Փաստաթղթում Սիրիայի իշխանություններին և ընդդիմությանը կոչ է արվում ճգնաժամի հաղթահարման համար լուրջ և կառուցողական երկխոսություն սկսել։

ԱՊԼ-ն, քննադատելով բռնությունների գործադրումը, կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը և ջանքեր գործադրել ճգնաժամին օտարերկրյա միջամտությունը կանխելու ուղղությամբ։ Բանաձևը, ըստ էության, նոր նախաձեռնություններ չի պարունակում։ Հիմնական շեշտը դրված է խնդրի խաղաղ կարգավորման, ինչպես նաև ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի միջնորդական ջանքերին և ծրագրին աջակցելու վրա։ Վեց կետից բաղկացած այս ծրագիրը Սիրիայում հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը, քաղաքական երկխոսություն սկսել ու մարդասիրական կազմակերպություններին երկրում գործունեության հնարավորություն տալ։

Հատկանշական է, որ արաբական երկրների առաջնորդները չեն պահանջել Բաշար ալ Ասադի հրաժարականը։ Ըստ Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զեբարիի՝ սիրիացիներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը, և ով պետք է լինի երկրի ղեկավարը։ «Ո՛չ ԱՊԼ-ն, ո՛չ էլ որևէ այլ կառույց իրավունք չունի թելադրել նրանց՝ ինչ ընտրություն կատարել»,– ասել է Զեբարին։Ըստ փորձագետների՝ Արևմուտքն Ասադի լեգիտիմության հարցն այժմ առաջնահերթ չի համարում և աջակցում է Անանի ծրագրին, ինչը Ասադի վարչակարգի նկատմամբ ճնշման որոշակի նվազման մասին է վկայում։ ԱՊԼ բանաձևը, փորձագետների կարծիքով, վկայում է նաև սիրիական ճգնաժամի նկատմամբ արաբական երկրների դիրքորոշման հնարավոր կտրուկ փոփոխության և Իրաքի՝ արաբական աշխարհում առաջատարի դիրքերի վերականգնման մասին։

Չնայած ԱՊԼ-ում խնդրի վերաբերյալ երեք հիմնական տեսակետների առկայության՝ բանաձևի հիմքում, ընդհանուր առմամբ, Իրաքի մոտեցումն է, որին աջակցում են Լիբանան ու Ալժիրը։ Այս երկրները օտարերկրյա միջամտությունը կանխելու և խնդիրը խաղաղ կարգավորելու կողմնակիցներն են, մինչդեռ Սաուդյան Արաբիան և Կատարը չեն բացառում նաև ռազմական միջամտության հավանականությունը։

Եգիպտոսը, դեմ լինելով օտարերկրյա միջամտությանը, չի աջակցում նաև Սիրիայի իշխանություններին։Պաշտոնական Դամասկոսը, թեև հայտարարել է, որ չի բանակցելու ԱՊԼ-ի հետ՝ պայմանավորված կառույցում անդամության դադարեցմամբ, սակայն ընդունել է Անանի ծրագիրը։ Նշենք, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարն իր առաքելության ընթացքում հանդիպել է նաև սիրիական ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ Սիրիայի ազգային խորհրդի և «Սիրիայի ազատ բանակ»-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ծրագրի վերաբերյալ նրանց մոտեցումները։ Դրանք պետք է ներկայացվեն նաև ապրիլի 1-ին Ստամբուլում կայանալիք «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը։

Ըստ Քոֆի Անանի մամուլի քարտուղար Ահմեդ Ֆաուզիի՝ քննարկումների ընթացքում էթնիկական և կրոնական տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև խոր տարաձայնություններ են ի հայտ եկել։ Քրդական կուսակցությունները պնդել են ապագա պետության կազմում իրենց ինքնավարության ամրապնդման կարևորությունը։ Հատկանշական է, որ օրերս Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ռազմական թևի ղեկավար Մուրատ Քարայիլանը Անկարային պատերազմով էր սպառնացել՝ թուրքական զորքերի Սիրիայի քրդաբնակ տարածքներ մուտք գործելու դեպքում։ Փորձագետների կարծիքով՝ սա վկայում է PKK-Դամասկոս հնարավոր դաշինքի մասին։

Ավելին՝ Ասադը փորձում է քրդական խաղաքարտը որպես ճնշալծակ օգտագործել, ինչը, իր հերթին, կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը՝ հաշվի առնելով Թուրքիայում, Իրաքում և Իրանում քրդական հարցի սրությունը։Ինչ վերաբերում է ապրիլի 1-ի ստամբուլյան հանդիպմանը, հիմնական նպատակը, ըստ France 24-ի, Դամասկոսի կողմից Անանի ծրագրի քննարկումն է։ Սակայն մի շարք փորձագետների կարծիքով՝ հանդիպման իրական նպատակը ներկայում տրոհված սիրիական ընդդիմությանը քաղաքական իրական ուժ վերածելն է ու ճգնաժամին օտարերկրյա միջամտության հարթակի նախապատրաստումը։

Մեկնաբանել