Կղզուն ազատություն է պետք

Հռոմի պապն ամփոփեց այցը ԿուբաՀռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը քննադատել է Կուբայի նկատմամբ ամերիկյան առևտրային էմբարգոն և Ազատության կղզու քաղաքացիներին «անձնական ու սոցիալական կյանքի բարեփոխման» կոչ արել։ Այս հայտարարություններով նա հանդես է եկել Կուբա կատարած երկօրյա այցի ընթացքում, որի շրջանակում Հավանայում ելույթ է ունեցել 700-հազարանոց եկեղեցական համայնքի առջև ու հանդիպել Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին։

Այն, որ «Կուբային արտասահմանից պարտադրվող տնտեսական սահմանափակող միջոցառումներն» անարդար են ու բացասաբար են անդրադառնում կղզու բնակչության վրա, Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել է իր հրաժեշտի ելույթում մայրաքաղաքի «Խոսե Մարտի» օդնավակայանում։ Ընդ որում՝ նա Կուբայի կառավարությանը կոչ է արել մտածել երկրում մարդու իրավունքների ընդլայնման շուրջ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր ներդրումն ունենալ նոր ազատ հասարակության կառուցման գործում։

Այցի ընթացքում Պապը ավելի քան 700 հազ. մարդու մասնակցությամբ պատարագ է մատուցել Հավանայի Հեղափոխության հրապարակում, ուխտագնացություն կատարել Էլ Կոբրե, հանդիպել Կուբայի առաջնորդներ Ռաուլ և Ֆիդել Կաստրոների հետ։Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի խոսքով՝ Բենեդիկտոս 16-րդ-Ֆիդել Կաստրո զրույցն ընթացել է տարբեր թեմաների շուրջ՝ արդի աշխարհում Հռոմի պապի դերից մինչև մարդկության, գիտության, էկոլոգիայի ու մշակույթի գլոբալ խնդիրներ։ Ըստ Լոմբարդիի՝ 84-ամյա Բենեդիկտոս 16-րդն ու 85-ամյա Ֆիդել Կաստրոն կատակել են իրենց զառամյալ տարիքի շուրջ՝ միմյանց վստահեցնելով, որ լի են գործը մինչև վերջ հասցնելու ուժով և վճռականությամբ։

Հռոմի պապի՝ Կուբա այցն առանց սկանդալների չի անցել։ Մինչ այդ Ազատության կղզու իշխանությունները ձերբակալել էին «Սպիտակազգեստ կանանց» իրավապաշտպան շարժման մոտ 70 մասնակցի։ Ավելի ուշ նրանց ազատ էին արձակել՝ նախազգուշացնելով որևէ կերպ չփորձել գրավել Հռոմի պապի ուշադրությունը։ Այցի ընթացքում Բենեդիկտոս 16-րդն այդպես էլ չի հանդիպել Կուբայի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Ֆեդերիկո Լոմբարդիի խոսքով՝ պատճառը բացառապես Հռոմի պապի խիստ հագեցած գրաֆիկն է եղել։

Կուբան Հռոմի պապի՝ մարտի 23-ին մեկնարկած լատինամերիկյան շրջագայության վերջնակետն էր։

Մեկնաբանել