Իսլամական ալիքին ընդառաջ

Քրիստոնեական համայնքների ճակատագրի շուրջ՝ արաբական փոփոխվող աշխարհումՀեղափոխությունները և ցնցումները ոչ միայն ազատության, այլև, օրինակ, Եգիպտոսում ղպտիների ջարդերի, Իրաքում քաղդեացիների հալածանքների ու նրանց եկեղեցիների թալանի և սրբապղծման աղբյուր են, գրում է լոնդոնյան արաբալեզու «Աշ Շարկ ալ Աուսատ» պարբերականը։

Անցած շաբաթ Եգիպտոսի խորհրդարանում սալաֆիական պատգամավորները հրաժարվեցին մեկ րոպե լռությամբ հարգել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Շենուդա 3-րդի հիշատակը։ Այս ամիս Սուդանի կառավարությունը քաղաքացիությունից զրկեց երկրի 500-700 հազ. քրիստոնյայի՝ պահանջելով նրանցից մինչև ապրիլի 8-ը հեռանալ երկրից և բնակություն հաստատել Հարավային Սուդանում։

Այս դրվագներն այն իրողությունների վկայությունն են, որոնց այսօր առերեսվում են արաբական աշխարհի քրիստոնյաները՝ իսլամական ալիքը մեծ թափ է հավաքում Մարոկկոյից, Թունիսից, Լիբիայից մինչև Սուդան ու Եգիպտոս։ Ավելին՝ ալիքը ցունամիի արագությամբ ընթանում է առաջ՝ դեպի Լևանտ։

Սիրիան ևս չի կարողանա խուսափել իսլամական ծայրահեղականների իշխանությունից, եթե Բաշար ալ Ասադին չհաջողվի պահպանել վարչակարգը։ Հորդանանում «Մուսուլման եղբայրներ»-ը բացահայտ մարտահրավեր են նետել թագավորին, արաբական շատ երկրներ ծայրահեղական «Համաս» շարժումը Գազայում պաղեստինյան լիիրավ իշխանություն են համարում, Եմենում ցույցերի և խռովությունների պայմաններում ձևավորվել է իսլամիստական «Իսլահ» կուսակցությունը։ Բացի այդ՝ մեծանում է «Հեզբոլլահ»-ի ազդեցությունը Լիբանանում, ինչպես նաև ֆունդամենտալ կուսակցությունների և դաշինքների ներկայությունը Իրաքի իշխող վերնախավում։

Տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը լուրջ սպառնալիք է սուննի-շիա մշտական պայքարը, թշնամությունն ու միջէթնիկական անհանդուրժողականությունը։ Ընդ որում՝ միջկրոնական պատերազմներում ներգրավված են ոչ միայն քրիստոնյաներն ու մուսուլմանները, այլև կրոնական մյուս փոքրամասնություններն ու համայնքները։ Հետևապես՝ ի՞նչ համագոյակցության, իրավահավասարության և քաղաքացիական հասարակության մասին է խոսքը ատելության և բռնությունների այսպիսի մթնոլորտում…Քրիստոնեական համայնքների վերաբերմունքն այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր արաբական աշխարհում, ևս միօրինակ չէ։ Եթե Շենուդա 3-րդը չեզոքության պահպանման և կրքերի հանդարտեցման կողմնակից էր, Լիբանանի մարոնիների հոգևոր առաջնորդ Բեշար Բուտրոս Ռայան չի թաքցնում մտահոգությունները «արաբական գարնան» շուրջ։Ռայայի կարծիքով՝ Ասադի վարչակարգի տապալումը Լևանտի քրիստոնյաների համար ողբերգական հետևանքներ կունենա, քրիստոնյաները չափազանց բարձր գին կվճարեն դրա դիմաց։ Մտահոգությունը պայմանավորված է նրանով, որ Սիրիայի և Լիբանանի սուննիների ցանկացած դաշինք կխարխլի Լիբանանի էթնոկոնֆեսիոնալ առանց այդ էլ բավական փխրուն հավասարակշռությունը՝ սրելով շիաների հետ նրանց հարաբերությունները։

Մտահոգությունները բխում են Մերձավոր Արևելքի պատմության դառը փորձից՝ քրիստոնյաների համար հարաբերական անվտանգություն է ապահովել բռնապետական պետությունը։ Հետևապես՝ նրանք աջակցում են հենց այդպիսի վարչակարգերին՝ պահպանելու համար նվազագույն իրավունքներն ու ազատությունները, որոնք ձեռք են բերել նախորդ տարիների ընթացքում։Քաղաքական իսլամը որևէ երաշխիք կամ խոստում չի տալիս։ Տպավորությունն այնպիսին է, որ իսլամիստները ինչ-որ բանի են սպասում։ Նրանք այսօր կարծես դեմ չեն հրապարակայնությանը, ազատություններին և բարեփոխումներին, որոնք ժողովրդավարական գործընթացների կարևոր բաղկացուցիչներ են, և կարծես չի մարում իսլամիստների շրջանում չափավոր հայացքների և տրամադրությունների ձևավորման հույսը։ Մյուս կողմից՝ արդեն զգալի են ազգայնական և պանարաբական տրամադրությունները։

Այդուհանդերձ, հենց «Մուսուլման եղբայրներ»-ը, սալաֆիականները և ջիհադականներն են մինչ այժմ հաղթանակ տոնել։ Միակ հույսը Եգիպտոսի, Թունիսի, Եմենի, Լիբիայի նախագահական գալիք ընտրություններն են, ինչպես նաև փոփոխությունները Եգիպտոսի Սահմանադրությունում։ Եգիպտոսը շարունակում է պահպանել արաբական ու մուսուլմանական աշխարհի առաջնորդի հավանականությունները, ուստի տարածաշրջանի մյուս պետություններում վերափոխման ու բարենորոգչական տրամադրությունները կախված կլինեն նրանից, թե ինչ ճակատագիր կունենա «Բուրգերի երկրի» ժողովրդավարությունը։