Խաղ ՀԲ-ի փողերով

Էրդողանը Թուրքիան աշխարհի տասը տնտեսությունների շարքում է տեսնում2011թ. Թուրքիայի խորհրդարանական ընտրարշավին «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հանդես եկավ բավական հավակնոտ տնտեսական ծրագրով։ Շեշտելով, որ Թուրքիան Չինաստանից հետո երկրորդն է տնտեսության զարգացման տեմպերով, և որ առաջինն է դուրս եկել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից, կուսակցությունը գերխնդիր հռչակեց մինչև 2023թ. երկիրը դարձնել աշխարհի տասն ուժեղ տնտեսություններից մեկը։

Ըստ Էրդողանի ծրագրի՝ Թուրքիան դառնալու է աշխարհի ամենազարգացած գյուղատնտեսություն ունեցող 5-րդ երկիրը, զարկ է տրվելու ծանր արդյունաբերությանը, երկիրը սկսելու է արտադրել արբանյակներ, տանկեր, կառուցելու է երկու նոր քաղաք, ավելի քան 5000 կմ երկարությամբ ավտոճանապարհ, մի խոսքով՝ դառնալու է «Եվրասիայի արտադրական ռազմաբազան»։

Թվում է՝ անհավանական ծրագիր է, սակայն Թուրքիայի կառավարությանը հաջողվել է միջոցներ գտնել ծրագրերը կյանքի կոչելու համար։

Մարտի 28-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհրդի որոշմամբ 2012-2016 թթ. ընթացքում Թուրքիայի տնտեսության զարգացմանն ուղղվելու են $4,45 մլրդ-ի վարկային միջոցներ։ Վարկավորումն իրականացվելու է ՀԲ-ի՝ «Երկրի գործընկերության ռազմավարությունը» ծրագրի շրջանակում։

ՀԲ-ի և Թուրքիայի ռազմավարական համագործակցությունը նախատեսում է առաջին հերթին օժանդակություն Թուրքիայի համար առաջնային նշանակություն ունեցող ոլորտներին։ Հատկանշական է Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրության հատուկ շեշտադրումը, թե վարկային միջոցների հատկացումը նպատակ ունի աջակցել Թուրքիայի կառավարության ծրագրերին, մասնավորապես՝ ՀԲ-ն օժանդակելու է Թուրքիայի կառավարության՝ մինչև 2023թ., այսինքն՝ մինչև Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակը երկիրն աշխարհի տասը զարգացած տնտեսություններից մեկը դարձնելու ծրագրին։

Թուրքական մամուլը, անդրադառնալով թեմային, նշում է, որ ամենևին էլ պատահական չէ, որ վարկը հատկացվում է այն ժամանակ, երբ ըստ թուրք ընդդիմադիրների՝ Էրդողանը սկսել է «Ամերիկայի խաղը խաղալ»։

ՀԲ-ի Թուրքիայի գծով տնօրեն Մարտին Ռայզերը Էրդողանի կառավարության տնտեսական ծրագրերը անհավանական չի համարում՝ նշելով, որ Թուրքիան կարող է «հաջողության տասնամյակի» մեկնարկը տալ և բարձրացնել երկրի դերակատարումը համաշխարհային տնտեսության մեջ, ինչպես նաև բարձր կենսամակարդակ ապահովել բնակչության բոլոր շերտերի համար։

Նշենք, որ Համաշխարհային բանկի 2012թ. տարեկան զեկույցի համաձայն՝ տնտեսական երկարատև աճից հետո 2012թ. Թուրքիայի տնտեսությունը որոշակի անկում կապրի, տնտեսական աճը կնվազի մինչև 2,9%՝ անցած տարվա 8,2%-ի համեմատ, թեև 2013թ. կրկին կբարձրանա մինչև 4,2%։ Բացի այդ՝ ՀԲ-ն զգուշացնում է տնտեսական մի շարք ռիսկերի մասին, որոնք, առաջին հերթին, պայմանավորված են Թուրքիայի վճարային հաշվեկշռի դեֆիցիտով և եվրոգոտու պարտքային ճգնաժամից երկրի կախվածությամբ։

Մեկնաբանել