Ես սպանում եմ. ես կամ

«Ահաբեկիչների և ահաբեկչության պատճառների դեմ պետք է պայքարել նույն վճռականությամբ». այս բանաձևը, որը 2011թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո առաջ քաշվեց միմյանցից շատ տարբեր այնպիսի առաջնորդների կողմից, ինչպիսիք են Խավիեր Սոլանան՝ ՆԱՏՕ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղարը, և ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը, Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած սպանությունների ֆոնին նույնքան արդիական է:

Թեև ֆրանսիական պետությունը կարճ ժամանակամիջոցում կարողացավ գտնել և «վնասազերծել» ահաբեկչին, երկու հարց դեռ պատասխանի են սպասում՝ մի՞թե հնարավոր չէ նրան ավելի վաղ ձերբակալել և մի՞թե անհնար էր նրան կենդանի վերցնել: Այժմ հարկավոր է, որ ֆրանսիական պետությունն առաջ շարժվի: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Մոհամեդ Մերային իրավացիորեն «հրեշ» անվանեց: Սակայն նա մեր հրեշն էր: Նա ծնվել և մեծացել էր Ֆրանսիայում, և այստեղ էին խեղվել նրա հայացքները, այնպես, ինչպես 2005թ. հուլիսին Լոնդոնի մետրոպոլիտենի վրա հարձակում կատարած ահաբեկիչներն էին բրիտանական հասարակության պտուղները:

Սա հրամայական է ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ աշխարհի համար՝ գիտակցելու, թե միայնակ մարդը մենակ ինչպես կարողացավ մի ամբողջ երկիր պատանդ պահել գրեթե մեկ շաբաթ: Թվում է՝ միակ ուղին, որով Մերան կարող էր իմաստ գտնել իր կյանքում, զինվորներ և հրեա երեխաներ սպանելն էր: Սպանելը, ընդ որում՝ աներևակայելի սառնասիրտ կերպով, նրա համար նշանակում էր փաստել սեփական գոյությունը:

Սկզբում շատ ֆրանսիացիներ թերևս հոգու խորքում վստահ էին, որ այն, ինչ տեղի ունեցավ Թուլուզում, Օսլոյում և հարակից կղզում, 2011թ. տեղի ունեցած հարձակումների կրկնությունն է, այսինքն՝ ահաբեկիչը աջ ծայրահեղականության արդյունքն է: Մերան պնդում էր, թե գործում է հանուն իսլամական ֆունդամենտալիզմի. իրականում նա արյունալի և այլամերժ աղանդի պտուղն էր: Ինչպե՞ս կարող էր անկարևոր երիտասարդ հանցագործը՝ ֆրանսիացի ժողովրդի կորուսյալ մի զավակ, ահաբեկչական որևէ տեսակի ատելության ծուղակն ընկնել:

Հարավարևմտյան Ֆրանսիայում տեղի ունեցած սպանությունները վեր են հանում երեք հիմնական գործոն: Առաջինը Մերձավոր Արևելքի ռազմադաշտն է, որն ընդարձակվել և հասել է Աֆղանստան ու Պակիստան: Դա թուլուզյան հարձակումների ուղղակի պատճառը չէ, սակայն ոչ էլ զուտ պատրվակ է:Նախապաշարմունքների մթության մեջ գտնվող այդ տարածաշրջանի խնդիրները առանձնակի վտանգավոր խորհրդատուի դեր են խաղում Ֆրանսիայում օտարյալ մուսուլման երիտասարդության համար:

Երկրորդ՝ ֆրանսիացի շատ մուսուլմանների համար օտարումն իրականությունն է: Այն է՛լ ավելի է խորացնում տնտեսական ճգնաժամը, որը երիտասարդների շրջանում գործազրկության շատ բարձր մակարդակի է հանգեցրել: Եվ սա իրենց սեփական մաշկի վրա զգում են հատկապես երիտասարդ մուսուլման տղամարդիկ, ինչը դանդաղեցնում է ֆրանսիական հանրապետությանը նրանց ինտեգրումը:

Վերջապես, գուցե Ֆրանսիայում ինքնության հաստատման հոսանքը լուրջ չափերի է հասնում: Արդյոք պարզապես զուգադիպությո՞ւն էր, որ ծագումով ալժիրցի Մերան իր գործողությունների համար ընտրել էր հենց այն պահը, երբ Ֆրանսիան և Ալժիրը նշում էին Ալժիրի անկախության 50-ամյակը:

Հավանաբար, Մերան իրեն ո՛չ ֆրանսիացի էր զգում, ո՛չ էլ ալժիրցի: Նա ընտրեց այն, ինչ իրեն փոխանցվել էր որպես մուսուլման ինքնություն: Սակայն դա իսլամի այլասերված, ծայրահեղական, աղանդավորական տարբերակն էր: Հավանաբար նրա ինքնության շեղմանը նպաստել էին անձնական խնդիրները, օրինակ՝ հոր և կուռ ընտանիքի բացակայությունը: Նա փնտրում էր մի մոդել, որը կարող էր իր կյանքը որոշակիորեն կանոնավորել, և չկարողացավ գտնել այն, մինչև գտավ ահաբեկչության մոդելը:

Առերեսվելով Մերայի գործողությունների սարսափին՝ ֆրանսիացի ժողովուրդը ցույց տվեց իր միասնականությունը: Որպես թիրախ ընտրելով մուսուլման և քրիստոնյա զինվորների, ինչպես նաև հրեա երեխաների՝ Մերան ամրապնդեց համերաշխությունն այն երկրի, որը ցանկանում էր մասնատել: Սակայն այս միասնականությունն անկայուն է: Ֆրանսիական պետությունը պետք է հետ բերի իր կորցրած ամենակարևոր բանը՝ ներգաղթյալ ընտանիքների օտարված ու խոցելի երիտասարդներին:

Այս ողբերգությունն անհերքելիորեն նպաստել է Սարկոզիի նախընտրական արշավին, որով նա մտադիր է երկրորդ անգամ հաղթել ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում: Որպես նախագահ՝ Սարկոզին գործեց վճռորոշ ու ամենայն պատասխանատվությամբ: Առնվազն կարճաժամկետ հեռանկարում երկրի քաղաքական օրակարգում գլխավոր խնդիր է դարձել անվտանգությունը, ոլորտ, որտեղ Սարկոզին առավելություն ունի նախագահական ընտրություններում իր մրցակից, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի նկատմամբ: Սակայն տեղին է հիշել Բրիտանիայի նախկին վարչապետ Հարոլդ Ուիլսոնի հայտնի խոսքը. «Քաղաքականությունում մեկ շաբաթը երկար ժամանակ է»:

Մերայի վայրագությունը դառը հիշեցում է այն մասին, որ ահաբեկչության ուրվականը դեռ թափառում է շատ հասարակություններում: Անվտանգության ուժեղացմանը զուգահեռ՝ պետք է զբաղվել ահաբեկչության պատճառների վերացմամբ: Շուտով հայտնի կդառնա՝ արդյոք ահաբեկչության այս նոպան պարզապես հերթական ողբերգությո՞ւնն էր, թե՞ շրջադարձային կետ:

Մեկնաբանել