Կըմբոստանա՞նք մենք արդյոք…

Ստեֆան Հեսսելն իր «Ըմբոստացեք»-ում (բնօրինակով՝ INDIGNEZ VOUS!) նախ առաջարկում է ըմբոստանալ ու հետո բացատրում, որ ըմբոստությունը ծնվում է զայրույթից, զայրույթը՝ հուսահատությունից, հուսահատությունը՝ ամեն ինչ փոխելու պարզ ու մարդկային, երեխայական ու բնազդային ուզենալուց, ոչ անգամ ցանկանալուց։ Մոտավորապես ծծկեր երեխայի լացի տրամաբանությամբ, պարզապես լացի գործիքին հասուն տարիքում այլընտրանքի շատ ավելի մեծ հնարավորություններ են առաջարկվում։

Հեսսելն իր «Ըմբոստացեք»-ը Դիմադրության շարժման սեփական օրինակով էր պատմում։ Նա նախ նացիստական համակենտրոնացման ճամբարների բանտարկյալ էր, հետո՝ Դիմադրության ակտիվ մասնակիցներից, հետո՝ 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կազմողներից։

Նա բոլորին, չնայած հիմնականում երիտասարդներին, կոչ էր անում ըմբոստանալ, ինչ-որ մի բան անել, չնստել ու չսպասել, շարժվել, փոխել։ Խրատական տոնով չէր կոչ անում… Չէ՛, կոչն ավելի նուրբ էր ու ավելի խորը։ Մոտավորապես՝ ժամանակին ֆաշիզմն էր, այն բոլորի աչքի առջև էր, շատ ավելի հեշտ էր Դիմադրության շարժումը տեղ հասցնել, որովհետև կարելի էր շոշափել, թե ինչին էին ընդդիմանալու ի վերջո։

Հիմա շատ ավելի բարդ է ու խճճված ու ոչ այնքան միանշանակ, բայց թե դրանից դիմադրության արժանի երևույթները չեն անհայտանում, դրանք պարզապես այլ են բնույթով, ինչպես և այլ են պետությունները, հասարակությունները, ի վերջո՝ մարդիկ, որոնք էլ պիտի ըմբոստանան։

Այլ են նաև էլիտաները, որոնք և ստեղծում են ըմբոստության արժանի երևույթները։ Հենց դրանց ներկայացման մեջ էր փոքրիկ այս գրքույկի ամբողջ «չամիչը»։ Այն եվրոպական էր, ավելի շուտ՝ «ֆրանս-գերմանա-եվրոպական»։

Կարդում ես ու հասկանում, որ մարդիկ «օդի մեջ» չեն գրում, գրում են այն, ինչով ապրում են, ինչով ուզում են ապրել, ինչն իրոք ուզում են փոխել, որովհետև իրենց են ուզում, իրենց կյանքն են ուզում, իրենց ապագան ու իրենց երեխաների ապագան են ուզում փոխված տեսնել։ Հետո էլ՝ ամբողջ մարդկության ապագան։

Ամբողջ մարդկությանը մի կողմ թողնենք, ես, միգուցե, «ֆրանս-գերմանա-եվրոպական» չեմ ուզում։ Ես ուզում եմ այն, ինչ ես եմ ուզում, որպես երեխա եմ ուզում, ես «ֆրանս-գերմանա-եվրոպական» չեմ մեծացել։ Սրա շուրջ արժե մտածել, թե չէ «ինտեգրվել կամ որդեգրել, կամ ընդունել, կամ տեղայնացնել, կամ… եվրոպական արժեքներ» հաստատ կհասցնենք, եթե այն ինձ «միսիոներների» կողմից որպես «միսիոներություն» չի քարոզվում։

Հեսսելն ուրիշ բան էր առաջարկում, իհարկե, նա դա «ֆրանս-գերմանա-եվրոպական» էր պիտակում, բայց թե այն համամարդկային, ավելի շուտ մարդկային-գիտակցված-բնազդային է։ Ապրել այնպես, որ արժանավայել լինի, արժանավայել քեզ և ուրիշների համար, ապրել ինքդ քո հաշվին, ոչ ուրիշների, խաղաղ ապրել՝ հոգում ու նյութական աշխարհում, առանց բռնության ըմբոստանալ ու աշխարհն ավելի լավը դարձնել։

Կհարցնեք, իհարկե, պիտի հարցնեք, իսկ ինչո՞ւ ըմբոստանալ, ինչի՞ վրա զայրանալ։

Հեսսելն ասում էր՝ պտտվեք ու նայեք աջ ու ձախ ու փնտրեք, հաստատ կգտնեք։ Դե որ կգտնենք, դա՝ հաստատ, բայց կզայրանա՞նք արդյոք, կուզենա՞նք ըմբոստանալ, կուզենա՞ մեզանից յուրաքանչյուրը աշխարհն ու իր շրջապատը ավելի լավը դարձնել…

Մեկնաբանել