Տոնածառ ջան, տոնածառ…

Թերթերից մեկը երեկ, չես հասկանում, տեղեկացրել էր, թե մեկնաբանել. «Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը բյուջետային և սեփական միջոցները խնայելու ձև է մտածել: Նախարարության ամանորյա տոնածառը զարդարելու համար նա հանձնարարել է նախարարության բոլոր աշխատակիցներին տոնածառի երկուական խաղալիք բերել հետները:

Երբ զգացել են, որ աշխատողները դժգոհում են, ասել են՝ լավ չի՞ լինի, որ ձեր ձեռքով զարդարեք տոնածառը: Ֆիննախում կարծում են, որ իրենց տոնածառն աշխարհի ամենառաբիս տոնածառն է լինելու՝ տարբեր որակի, գույնի ու ձևի խաղալիքների պատճառով»։

Չէ՛, առաջին նախադասությունն այնուամենայնիվ հուշում է, որ ավելի շուտ մեկնաբանել էր։ Մեկնաբանությունն ու մեկնաբանության որակն է ուշադրության արժանի։

Դե, իհարկե, մեկ տոնածառը նախարարության ու նաև Հայաստանի, միգուցե Վաչե Գաբրիելյանի միջոցների խնայմանն էականորեն կաջակցեր։ Հետևաբար՝ ահռելի այդ միջոցների խնայումն ու փոխանցումը կառավարության պահուստային ֆոնդ պարզապես օրվա հրամայական է, չէ՞ որ քրեաօլիգարխիկ համակարգ է, իշխող կոալիցիան փլուզվում է, շուտով ազատ արդար ընտրություններ են, վարչապետը հարբած է, ի վերջո, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ փուլն է մոտենում։ Պատճառահետևանքային մտահանգումների դեղին այս շարանը կարող է շատ ավելի երկար ձգվել։

Իսկ լրատվության որակյալ ներկայացման խնդիրը նոր չէ, նոր կարող են լինել ընկալումները, թե ինչպիսին պետք է ու կարող է լինել ու վերջապես է որակյալ լրատվությունը հայաստանյան իրականությունում։

Իհարկե, նախարարությունում որևէ մեկը չէր կարող, առանց հետին մտքերի ու առանց պետության ֆինանսները խնայելու մասին խոր մտահոգության ու անհանգստության, պարզապես առաջարկել տոնածառ զարդարել ամբողջ նախարարությունով ու սեփական նախաձեռնությամբ ու սեփական գրպանից։

Դե, իհարկե, հասարակ մահկանացուներին բնորոշ նման գործողությունները հարիր չեն նախարարության շենքում հայտնվելուց հետո։ Իհարկե, այնտեղ միայն լուրջ գործերով է պետք զբաղվել ու լուրջ դեմքով, ի վերջո, շուտով ազատ ու արդար ընտրություններն են ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ փուլը։

Տոնածառի ռաբիսության մասով, իհարկե, շատ ավելի լուրջ ու հիմնավոր կասկածներ ունեմ. բոլորը գնալու էին ու ամենաթանկ խաղալիքներն էին առնելու ու ամենափայլունն ու ամենապլպլացողը ու փորձելու էին իրենց խաղալիքը տոնածառի ամենաերևացող մասում կախել։ Գագաթի իրավունքը, ենթադրում եմ, ընդհանրապես, միայն նախարարին էր վերապահվելու, չէ՛, միգուցե վարչապետին…

Ահա և վերջ։ Ստացվեց այն, ինչ սովորաբար ստացվում է։ Ոմանք սա ռաբիս են անվանում, ոմանք՝ մամուլ, ոմանց էլ հեչ վեջը չէ։

Հ.Գ. Ավելի ուշ նախարարությունից արձագանքեցին, թե «միասնական ամանորյա խորհուրդ ունեցող նախաձեռնությունը նախարարության մի քանի աշխատակիցների կողմից ընկալվեց, իսկ լրատվամիջոցների կողմից պիտակավորվեց Ամանորին ամենևին ոչ հարիր բարեսրտությամբ»։