SMS-email-Mario-ների հասարակություն

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը Mediamax.am-ում սյունակ ունի, որի տակ ժամանակ առ ժամանակ նոր գրառումներ են հայտնվում: Սյունակը խոսքի ազատության մասին է։ Այս առումով հատկանշական է հենց սյունակի գոյությունը։

Սյունակի վերջում անպայմանորեն նշվում է, որ Դավիթ Սարգսյանը ՀՀԿ անդամ է։ Չգիտես ինչու է նշվում, առավել ևս, որ նա նժդեհականությունից չի գրում, իսկ ինչ գրում է, բավական հեռու է անգամ նեոնժդեհականությունից, եթե այդպիսին կա, իհարկե։

Հայաստանյան իրականությունում շատերը նրան «վարչապետի թիմի» անդամ են համարում՝ ո՛չ կլանի, ո՛չ թայֆայի, ո՛չ մերձավորների, ո՛չ էլ խնամի-ծանոթ-բարեկամի, պարզապես թիմի։ Ելնելով սյունակի բնույթից՝ գաղափարները պիտի որ ինչ-որ առումով տարածում ունենան հենց այդ թիմի շրջանակում, պիտի որ խորթ չլինեն նույն այդ շրջանակում քննարկումներին։

Կարծիքների, տեսակետների, զարգացումների պատահական արտահոսքերի, կիսապաշտոնական հայտարարությունների մշակույթը հայաստանյան իրականությունում «դեղին լուրիկների» մակարդակում է դեռ։ Իսկ սյունակն այս առումով է հետաքրքիր նաև։

«Այս ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Պարզապես ամենօրյա աշխատանք։ Աշխատանք, որն ապահովում է «նոր» տնտեսության ձևավորում, աշխատանք, որն ապահովում է «նոր» հասարակության ձևավորում։ Դանդա՞ղ է… Ճի՛շտ ենք անում, որ ուզում ենք այսօ՛ր ու միանգամի՛ց»։

Սա սյունակի վերջին հատվածն է։ Երբ ամենօրյա աշխատանքից է խոսվում, ենթադրում եմ, որ այդ աշխատանքը հետևողական է ու ոչ ցաքուցրիվ, իրավիճակային։ Ինչպիսի տնտեսություն է այն ձևավորում, մասնագիտական վերլուծությունների կարիք ունի, գլխավորը, որ շարքային կամ «նոր հասարակության» հասարակ քաղաքացին սեփական կաշվի վրա զգա «նոր տնտեսության» բարիքները։

«Դանդաղի» դեպքում, իհարկե դանդաղ է։ Բայց ոչ նրա համար, որ «ուզում ենք այսօ՛ր ու միանգամի՛ց»։ Հասարակ քաղաքացիներից շատ քչերն են կամակոր երեխաներ, այն էլ՝ պահանջատեր։

Միևնույն է, դանդաղ է։ Իսկ դանդաղ է, որովհետև հասարակությունն իսկապես նոր է, ու այն ավելի ու ավելի է նորանալու։ Այն հասարակություն է, որը մեծացել է sms-ներ ու email-ներ ուղարկելով (երբ ընդամենը մի քանի վայրկյան հետո պարզ է՝ դրանք, տես, հասել են, թե ոչ)։

Այն հասարակություն է, որը մեծացել է համակարգչային խաղեր խաղալով, երբ յուրաքանչյուր կոճակի սեղմումը ինչ-որ գործողություն է ենթադրում խաղում, ու հենց արագությունից ու արագ կողմնորոշումից է կախված՝ ինչպիսին կլինի խաղի արդյունքը։ Հասարակություն, որը տեղեկացված լինելու խնդիր չունի, պարզապես ընտրում է, որտեղից՝ մամուլ, ինտերնետ, «Հ1» թե արբանյակային ալեհավաք։

Հասարակություն, որի համար գիտելիքը սահմանափակ չէ՝ էլեկտրոնային գրքերը շատ ավելի հասանելի են, քան երբևէ։ Իսկ այս ամենը սկիզբն է միայն։ Ստացվում է հասարակություն, որն արագ արձագանքի է սպասում, ինչպես sms-ի ու email-ի պարագայում, որն իր գործողությունների արդյունքի է սպասում, ինչպես համակարգչային խաղերի դեպքում։ Իհարկե, կասեք թե սա իրականություն է, համակարգչային խաղ չէ։

Ժամանակի, քայլերի, պատասխանատվության գիտակցումն ու արդյունավետ օգտագործումն ամենացավոտն է այս հասարակության մեջ։ Հոսնի Մուբարաքը երկրի խորհրդարանում վերջին ելույթներից մեկի ժամանակ կատակում էր՝ չլինի մտածում եք, թե պիտի թողնեմ ամեն ինչ ու փախչեմ երկրից, խելքի եկեք։ Ծիծաղում էին բոլորով…

Մեկնաբանել