Հոսքի մեջ կորում է պրոֆմեդիան

Բովանդակություն ստեղծել, ավելի շուտ՝ արտադրել, հասու է այսօր յուրաքանչյուրին, ով մի փոքր էլ համաքայլ է իրողություններին: Թվային բովանդակություն: Սա նման է անընդհատ հոսքի, որն ամեն ինչ վերածում է մեդիայի: Մեդիան հոսքում յուրաքանչյուր մեկն է, ով կամ որը հրապարակելու հնարավորություն է ստացել: Ու քանի որ ամեն ինչ մեդիա է, ավանդական, պրոֆեսիոնալ մեդիան ավելի ու ավելի աննշան է դառնում ու նվազ հետաքրքիր: Յուրաքանչյուր ոք այսօր և՛ հեռուստատեսություն է, և՛ օրաթերթ: Ընդ որում՝ ցանկացած ճաշակի ու նախընտրության:

Հոսքը շատ է ու կրկնվող: Հոսքը ծանր է անհատականացնելու, ընկալելու առումով: Հոսքում կորում է անհատը, անհատը՝ որպես անհատականություն: Կորում է անհատականության արժեքը: Հոսքում ամեն ինչ նույնն է թվում: Հոսքը ժամանակի հետ սկսում է ընկալվել որպես աղմուկ. «Մի՞թե դուք էլ եք նույն կերպ մտածում, թե ինձ է թվում, թե դուք էլ եք նույն կերպ մտածում»: Անընդհատ, չընդհատվող աղմուկ, որը ոչինչ չի արթնացնում: Միմյանց հաջորդող փոթորիկներ, պայթյուններ, պատերազմներ, վթարներ, մարդկային կյանքեր, վիճակագրություն,  ու այս ամենը կյանքի առանցքի վրա ու իմ, ձեր կյանքի առանցքի շուրջ: Ոչինչ չգիտենալը, ավելի շուտ՝ չկողմնորոշվելն ու խարխափելը, հոսքի մեջ դեռ արդիական է՝ չնայած պնդումներին, թե ժամանակներն այլ են: Ժամանակներն այլ են միայն սեփական կամ խմբային ընկալման մեջ:

Ո՞ւր կտանի հոսքը, ինչո՞ւ են բոլորը կամովին հայտնվում հոսքում, մի՞թե բնազդային է: Մի՞թե մարդիկ հոսքում իրենց են փնտրում, իրենց նմաններին: Մի՞թե սպառվելու է միայն այն, ինչ քեզ է հիշեցնելու կամ քեզ նմանների մասին է:

Մեդիան հոսքում ուզում է այն, ինչ «ավանդականը»՝ ուշադրություն: Ահա թե ինչու են մարդիկ աշխարհին հանկարծ որոշում հայտնել, թե որտեղ են, ինչ են նախընտրում ընթրիքին, հրապարակայնորեն հասու դարձնում ընտանեկան լուսանկարները: Մի՞թե այս ամենն ինչ-որ արժեք ունի, հասարակական արժեք:

Այսպիսի մեդիան ընձեռվող հնարավորությունների ամենահասարակ օգտագործումն է՝ կառքեր կրկնօրինակող մեքենաների պես, թեև ամենազանգվածայինը:

Մեդիան այսօր ինչ-որ բան հրապարակելու հնարավորությունն է: Հրապարակումը՝ սոցիալականացվելու հնարավոր այլ եղանակներից մեկը: Ահա թե ինչու հրապարակում ես այն, ինչ պարզապես ունես, ինչ պարզապես կարող ես, երբեմն՝ ինչ ուզում ես կամ ինչպիսին ուզում ես: Հրապարակումը՝ հասանելի ու նկատելի մնալու, չկորելու, անհատականացվելու եղանակներից մեկը, չընդհատվող հոսքը սոցիալական կապերով անհատական կամ խմբային գիտակցմանն ընկալելի դարձնելու փորձն է: Ահա թե ինչու՝ սոցցանց, բլոգ, մեկնաբանություն, պատ, մտքիդ ինչ կա…