Հայաստանը դու ես: Պնդումն ամենուրեք էր և է ու ամեն քայլափոխի: Այն պիտի որ ամփոփեր Երրորդ հանրապետության գոյության երկու տասնամյակի ամբողջ միգուցեև իմաստը, տրամաբանությունը, փիլիսոփայությունը, առաքելությունը և պաշտոնապես ու պետականորեն, Իր իսկ անունից ու Սեպտեմբերի 21-ին:
Ու պիտի հորդորվեր գնահատել, արժանին մատուցել, գիտակցել կարևորությունը՝ անկախ գոյության կարևորությունը: Գիտակցել ժամանակի մեջ, տեսնել ժամանակների միջև կապը ու մեկ անգամ ևս արժևորել անկախ ապրելու ու ապագա կառուցելու պատմական այն հնարավորությունը, որն ընձեռվեց, կերտվեց քսան տարի առաջ:
Պիտի պատգամվեին սերունդները՝ ներկա ու գալիք, պահպանել ու խնամել ու փոխանցել այս հնարավորությունը այս հողի վրա ու այս լեզվով: Պիտի գնահատվեին ու ամփոփվեին քսան տարիները, պիտի հաջողված ու ոչ այնքան, դժվարին ու հաղթանակների տարիներ հիշվեին, ու կառույցների ալիքը վերջապես Մատենադարանի նոր մասնաշենք ստեղծեր:
Հայաստանը դու ես. փաստորեն՝ նաև ես, միգուցե՝ ձեզանից յուրաքանչյուրը: Իսկ դու՝ ո՞վ: Միգուցե յուրաքանչյուր ոք, ով հայերեն կարդալ գիտի, ով հայերեն է հասկանում, ով Երրորդ հանրապետության քաղաքացի է, ում համար հայը նաև կրոնական ինքնագիտակցում է, կամ, ի վերջո, ով իրեն հայ է զգում:
Իսկ ինչո՞ւ խոսակցի դիտանկյունից. մի՞թե ինձ պիտի շնորհվի Հայաստան լինելու իրավունքը ու ո՞ւմ կողմից: Միգուցե ես դեռ պիտի նվաճե՞մ Հայաստան լինելու իրավունքը, միգուցե շնորհը ու ումի՞ց: Միգուցե պարտադրվում է ինձ Հայաստան լինել ու կրել Հայաստան լինելու պատասխանատվությունը, իրավունքը, ու ո՞վ է պարտադրում:
Ինչ-որ տարօրինակ գիտակցում է, անկախ գոյության իմաստի, տրամաբանության, փիլիսոփայության, առաքելության տարօրինակ գիտակցում: Տարօրինակ է մասնակցայնության ընկալման առումով:
Մի՞թե մեզանից յուրաքանչյուրի ցանկությունը, պատրաստակամությունը որոշումը չէ՝ լինել Հայաստան, Հայաստանի մի մասնիկը: Անձնական որոշո՞ւմ, թե՞ հանրության, համայնքի, հասարակության ու վերջապես, ինչ-որ մեծ, շատ մեծ ու կարևոր, անչափ կարևոր ու հնուց, շատ-շատ հնուց եկող իրադարձությունում ընդգրկված, անպայմանորեն ընդգրկված ու իրեն մասնիկ զգալու անհագուրդ ձգտում:
Հայաստանը ես եմ իհարկե, բայց միայն ոչ Սեպտեմբերի 21-ից Սեպտեմբերի 21: Սեպտեմբերի 21-ը խորհրդանիշ է, գործի խորհրդանիշ: Իսկ գործն ամենօրյա է՝ ամեն առավոտ, ամեն կեսօր ու ամեն երեկո:
Որքանո՞վ է մեզանից յուրաքանչյուրն իրեն այդ գործի ու իրադարձության մասնիկ զգում կամ իրեն մասնիկ զգալու ցանկություն ունի: Որքանո՞վ է մեզանից յուրաքանչյուրը նույն խանդավառությամբ հավատում «երկիրդ երկիր է»-ին, քան «չէ»-ին, և ուզում այսօր «երկիրդ երկիր» կառուցել: