Քաղաքացին ու ընտրողը

Նախ մտածում էի՝ «յէլնիմ էրթամ, հերիք էղավ, մեկ է՝ հույս չկա, յէրկիրն էլ թող յէրկիր դառնա, բայց առանձ ընձի՝ շնորհակալ եմ պատվի համար»։ Բայց հետո ՀՀԿ համագումարը կտրուկ փոխեց իմ ու շատերի կյանքը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորաթափանց ու աշխարհընկալային հիմքեր փոփոխող ու կյանքի նոր ուղենիշներ առաջարկող ելույթը թույլ տվեց երկրին նայել որպես երկրի ու փոխել իմ որոշումը։ Մնում եմ, փառք ու պատիվ նեոնժդեհականությանը…

Ավելի լուրջ՝ խրոնիկ հիվանդությունները սրացման սովորություն ունեն։ Եվ լավ է, որ ունեն, բոլոր ախտանիշներն ավելի ցայտուն են դրսևորվում, խորքային ու ճնշված չեն մնում, բացահայտ են ու աչքի առաջ։

Նախընտրական այս շրջանը հենց այդպիսի սրացման շրջան է։ Իսկ սրացումը գնալով բարդանում է, մի քանիսը հաստատ մինչև վերջ չեն ձգի։ Եվ փառք Աստծո, որ չեն ձգի։ Կմաքրվի մի քիչ այս ամենը՝ նոր արժեքներ կգան, նոր կարևորություններ։ Իսկ հայրենիքն ու երկիրն ու պետությունն ու ընտանիքը ես ինչ-որ մեկի կոչով չէ, որ պիտի սիրեմ կամ ատեմ, կամ կառուցեմ, կամ քանդեմ, կամ աշխատեմ հանուն նրա կամ նրա դեմ։

Պարոնայք ու տիկնայք թեկնածուներ, մինչև խոսելը ընտրե՛ք՝ ինչ և ում համար խոսել։ Բոլորը չէ, որ երկրում ընտրազանգված են ու ընտրող ու քվե։ Նրանցից ոմանք, նույնիսկ մեծամասնությունը, քաղաքացի է, քաղաքացի, որը գիտե՝ ինչ է ուզում ու ինչու է ուզում։ Քաղաքացու վրա չէ շատերի հաշվարկը, ահա թե ինչու շատերը չեն ձգի։ Միգուցե մի քանի ամիս, բայց շատ չեն ձգի։Իսկ քաղաքացին չի ընտրի մայիսին, կգնա ու անվավեր կդարձնի իր քվեաթերթիկը, որ չգողանան այդ թերթիկը, որն այնքան կարևոր է իրեն քաղաքացուց ջրպետող ընտրվողի համար։ Ու քաղաքացին քվեաթերթիկի վրա կգրի՝ ՉԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ՝ ԿՊԱՐՏՎԵՄ։

Քաղաքացին մարտ կտա ու վճռական մարտ։ Մարտը պիտի երեխաների ապագայի ու հնարավորությունների, արժանապատիվ ապագայի համար տալ։ Իրենք իրենց մարտը տվել են, վաղուց են տվել, քաղաքացուն պետք չեն։ Եվ ուրեմն՝ ՉԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ՝ ԿՊԱՐՏՎԵՄ մարտը։