Նովրուզը դրամին չօգնեց

Իրանցի զբոսաշրջիկների թույլ հոսքը նպաստել է դրամի արժեզրկմանըԻսլամական մի շարք երկրներում մարտի 21-ից նշվող Նովրուզը այս տարի չի նպաստել Հայաստանի ազգային արժույթի ամրապնդմանը։ Նախատեսվածից քիչ իրանցի զբոսաշրջիկների այցը մարտի վերջին տասնօրյակում հանգեցրել է դրամի 0,25%-ով արժեզրկման։ Ազգային արժույթը կարող էր է՛լ ավելի արժեզրկվել, եթե ԿԲ-ն չնվազեցներ շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամի ծավալները։

Անցած տարի մարտին Հայաստան էր այցելել մոտ 25 հազ. իրանցի զբոսաշրջիկ: Նման հոսքը նպաստել էր, որ փոխարժեքն այդ ժամանակահատվածում չփոփոխվի և մնա նույն՝ ֌368/$1-ի սահմաններում։ Բայց այս տարի իրանցի զբոսաշրջիկները «նպաստել են», որ դրամն արժեզրկվի։

Թեև մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների վիճակագրությունը դեռ չի հրապարակվել, սակայն ակնհայտ է, որ այս տարի իրանցի զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ էապես պակաս է: Դա նշանակում է, որ նվազել է նաև արտարժույթի ներհոսքը (յուրաքանչյուր իրանցի զբոսաշրջիկ Հայաստանում ծախսում է $700-1000)։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մարտի վերջին տասնօրյակում իրանցի զբոսաշրջիկներն ապահովել են դոլարի լրացուցիչ ներհոսք, ինչը փակել է այդ ժամանակահատվածում դոլարի պահանջարկի և առաջարկի բացասական հաշվեկշիռը։

Այս տարվա մարտի վերջին թեև շուկայում դոլարի պահանջարկը գերազանցել է առաջարկը, Կենտրոնական բանկը ձեռնպահ է մնացել դոլարային ինտերվենցիայից և դրամին թույլատրել է արժեզրկվել մոտ 0,25%-ով։

Շուկայում քիչ դոլարների առկայությունը հանգեցրել է, որ մի կողմից արտարժութային շուկայում տնտեսավարողների մի մասը ցանկացել է գնել «էժան» դոլար, իսկ մյուս մասը՝ դոլարը ավելի թանկ վաճառել։ Արդյունքում, օրինակ, «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում մարտի 30-ին արտարժույթի գործարք չի կատարվել։ Երեկ էլ բորսայում կատարվել է արտարժույթի ընդամենը մեկ առուվաճառքի գործարք ($200 հազ.)՝ $1/֌391,25 փոխարժեքով։

Թեև ԿԲ-ն դոլարային ինտերվենցիա չի կատարել, դրամի արժեզրկումը եղել է կարգավորվող. ԿԲ-ն այնուհանդերձ միջամտել է փոխարժեքային շուկային՝ նվազեցնելով դրամի առաջարկը։ Այսպես՝ մարտի 19-ից մինչև մարտի 31-ը փողի բազան կրճատվել է մոտ 2%-ով, իսկ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ծավալը 2,4%-ով։ Տնտեսությունում դոլարի ցածր առաջարկի և մեծ պահանջարկի պայմաններում դրամի մեծ արժեզրկումը կանխելու համար ԿԲ-ն, կրճատելով շրջանառության մեջ առկա դրամի ծավալները, զսպել է դոլար ունեցողների ախորժակը։

Մեկնաբանել