Կապիտալը փախչում է Հայաստանից

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) «Օտարերկրյա ներդրումները 2011թ. հունվար-դեկտեմբերին» հրապարակման համաձայն՝ 2011թ. Հայաստանից ֆինանսական միջոցների արտահոսքը աճել է 22,4%-ով՝ կազմելով $115,8 մլն: ԱՎԾ-ի հրապարակած վիճակագրական աղյուսակից երևում է, որ արտահոսած միջոցներից $78 մլն-ը եղել են ուղղակի ներդրումներ, իսկ մնացածը՝ վարկեր։ Փաստը, որ Հայաստանից արտերկրում ուղղակի ներդրումների ծավալը 2010թ. համեմատ աճել է 9,4 անգամ, վկայում է, որ ներքին տնտեսությունում բիզնես միջավայրը, մեղմ ասած, այդքան էլ գրավիչ չէ հայրենի տնտեսավարողների համար, և նրանք մեծ թափով միջոցները դուրս են հանում։

Օֆշորները հավատում են մետաղին

Ինչ վերաբերում է Հայաստանում կատարված ներդրումներին, ապա դրանց մեծ մասը շարունակել է ուղղվել ավանդական ոլորտներ՝ հիմնային մետաղների արտադրություն (ուղղակի ներդրումների 21,47%-ը), հեռահաղորդակցություն (ուղղակի ներդրումների 21,97%-ը) և «էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում» (ուղղակի ներդրումների 15,45%-ը)։

Անցած տարի ներդրումների աճի ցուցանիշով առաջին տեղում են եղել Վիրջինյան կղզիները: Օֆշորային այս երկրից կատարվել է $13,4 մլն-ի ուղղակի ներդրում (աճը՝ 172 անգամ), երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ աճը՝ 3,8 անգամ (2011թ. կատարվել է $23,2 մլն-ի ուղղակի ներդրում), երրորդ տեղում է Միացյալ Թագավորությունը՝ աճը՝ 2,7 անգամ (կատարվել է $9,96 մլն-ի ներդրում)։

Նույնիսկ նման աճի պայմաններում Հայաստանի տնտեսությունը ներդրումների աղբյուրների մասով թույլ դիվերսիֆիկացված է, քանի որ անցած տարի կատարված $631,4 մլն ուղղակի ներդրումներից 54%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 16%-ը՝ Ֆրանսիային։

Այս երկրներից կատարվող ներդրումների ուղղությունները նույնպես սահմանափակ են եղել։ Ռուսական $338 մլն ուղղակի ներդրումների 40%-ը ուղղվել է հիմնային մետաղների արտադրության ոլորտ, մոտ 30%-ը՝ «էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի» մատակարարման ոլորտ, իսկ 17%-ը՝ հեռահաղորդակցության ոլորտ։

Ֆրանսիական $100 մլն ուղղակի ներդրումների 75%-ը կատարվել է հեռահաղորդակցության, իսկ 24%-ը՝ խմիչքների արտադրության ոլորտում։

Ուշագրավ է, որ օֆշորային Վիրջինյան կղզիներից թե՛ ընդհանուր ներդրումների ($20,4 մլն), թե՛ ուղղակի ներդրումների ($13,4 մլն) ողջ ծավալն ուղղվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտ, այսինքն՝ մեկ ընկերություն։ Հաշվի առնելով, որ Վիրջինյան կղզիները հայերի «ամենասիրած» օֆշորներից է, հանքարդյունաբերությունում կատարված այդ ներդրումներն այնքան էլ օտարերկրյա չեն, քանի որ ամենայն հավանականությամբ դրանք հայկական ծագում ունեն։

Հայաստանում ամենասիրված օֆշորը անկախացումից ի վեր Կիպրոսն է. 1991-ից ի վեր՝ Կիպրոսից կատարվել են $113 մլն-ի ուղղակի ներդրումներ, օֆշորային Լյուքսեմբուրգից՝ $59 մլն, Վիրջինյան կղզիներից՝ $20 մլն, Լիխտենշտեյնից՝ $6 մլն, իսկ Կայմանյան կղզիներից՝ $4,6 մլն։