Ինչպես կեղծել միլիոնը

Այս ընտրություններում, ըստ իս, իշխանությունը փորձարկելու է տոտալ ընտրակեղծիքի մի տարբերակ, որը բավական «անմեղ» է իր ձևի, բայց ոչ էության մեջ։ «Անմեղ» է, որովհետև քվեարկության ամբողջ ընթացքում որևէ կեղծիք նախատեսված չէ։ Նախատեսված չէ, որովհետև քվեների բաշխումն իշխանությունը կատարել է նախապես։ Ասենք՝ ՀՀԿ՝ 40-43% (առանց մեծամասնական տեղերի), ԲՀԿ՝ 22-25%, ՀԱԿ՝ 10-12%, ՕԵԿ՝ 10-12%, «ժառանգություն»՝ 8%։ Ամեն ինչ պարզ է։

Այս հարաբերակցությանը իրական քվեարկության որևէ արդյունք խանգարել չի կարող։ Եթե ԲՀԿ-ն իրականում հավաքի 30-35%, նկարվելու է 22-25%-ը, եթե հավաքի 5-7%, նորից նկարվելու է 22-25%-ը, որովհետև ինչքան էլ իշխանությունը քվեների ճնշող մեծամասնությունը «հավաքի», առանց ԲՀԿ-ի հետ ծանրակշիռ կոալիցիայի չի կարող։ Չի կարող, որովհետև չի ընկալվի նրա միահեծան իշխանությունը։

Նույնը վերաբերում է ՕԵԿ-ին։ Եթե այդ ուժը հավաքի 0,3%, նկարվելու է 10-12%, եթե հավաքի 50%, կրկին նկարվելու է 10-12%։ Այդպես՝ բոլոր քաղաքական ուժերի՝ բացառությամբ ՀՀԿ-ի պարագայում։ Իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, եթե ՀՀԿ-ն իրականում հավաքի այնքան, որքան մտադիր է նկարել ինքն իր համար կամ ավելի շատ։

Առ այսօր կոալիցիոն մյուս ուժերի ներկայությունն է ՀՀԿ-ին ապահովագրում քաղաքական թատերաբեմից խայտառակ հեռացումը։ Նա միշտ կարող է ասել, ասենք, Էդուարդ Շարմազանովի բերանով՝ մենք միայնակ չենք ձախողել։ Թեպետ, երբ պատմում են նվաճումներից, սովորաբար խոսվում է միայնակ իրականացրած նվաճումների մասին։

Այսպիսով՝ որն է նոր ընտրակեղծիքի մեխանիզմը։ Նկատենք, որ այն այնքան տոտալ է լինելու, միաժամանակ՝ այնքան աննկատ, որ անիմաստ է լինելու բողոքարկելը։ Հայտնի է, որ ըստ ընտրողների ռեգիստրի՝ Հայաստանում կա 2,416 մլն ընտրող։ Նշանակում է՝ տպագրվելու է այդքան կամ մի քիչ ավել քվեաթերթիկ։ Սովորաբար Հայաստանում համապետական ընտրություններին մասնակցում է 800 հազարից 1 մլն ընտրող։ Ներկայացվում է 1,3 մլն-ից մինչև 1,6 մլն ընտրող։ Այսինքն՝ կեղծվում է 500 հազարից մինչև 800 հազար քվե։

Հետաքրքիր զուգադիպությամբ վերջին 15 տարիներին Հայաստանից հեռացել է 600-800 հազար ընտրող։ Ի՞նչ է անում իշխանությունը քվեարկության օրը՝ մայիսի 6-ին։ Մինչև արդյունքների ամփոփումը՝ ոչինչ։ Մեկ կամ երկու գիշերվա ընթացքում բոլոր քվեատուփերում լցվում են բացառապես նոր քվեաթերթիկներ արդեն համապատասխան նշումներով՝ կողմ, դեմ կամ անվավեր։ Դա տեխնիկայի հարց է։ Իշխանությունը ձեռքի տակ ունենալու է առնվազն 1,2 մլն ոչ օգտագործելի քվեաթերթիկ։ Ինքը հո գիտի, թե քանի իրական ընտրող կա Հայաստանում։ Հենց այդ չմարված քվեաթերթիկներն էլ ամբողջ ծավալով «մասնակցելու» են ընտրություններին։

Արդյունքների ամփոփման ժամանակ համապատասխան կենտրոնից հեռուստաընկերություններ են ուղարկվելու ընտրատեղամասերի կոնկրետ տվյալները, որոնք ընտրատեղամասերն իրենց ձեռքի տակ ունենում են կա՛մ քվեարկության նախորդ օրը, կա՛մ քվեարկության օրը։ Ամփոփման ժամանակ ոչ մի քվեաթերթիկ չի կեղծվում։ Պարզապես արձանագրություններում ֆիքսվում են տեղամասերին նախապես բաժանված տոկոսները։ Ընդդիմադիր վստահված անձանց և դիտորդների առկայությամբ ինչպե՞ս է սա հնարավոր լինելու։

Դիտորդները՝ տեղական կամ միջազգային, բնականաբար որևէ խնդիր չեն հարուցի։ «Ժառանգություն»-ը՝ նույնպես։ Նրա քվեների երաշխավորը միայն մեր իշխանությունները չեն։ Մնում է ՀԱԿ-ը, որը, բնականաբար, պետք է հետագայում ներկայացնի արձանագրություններում և իրենց ձեռքի տակ եղած իրական տվյալների հակասությունը։ Նորմալ է։ Մի քանի օր հետո իշխանությունն ասում է՝ թող ՀԱԿ-ն իր ուզած տեղամասում ստուգի արձանագրություններում ֆիքսվածի և քվեատուփում գտնվող քվեաթերթիկների համապատասխանությունը։ ՀԱԿ-ը բնականաբար ստուգում է և հայտնաբերում իր արձանագրած կեղծիքի «սնանկությունը»։ Ահա այսպիսի բաներ։