Զարգացած երկրներում ապաստան խնդրող հայաստանցիների թիվն աճել է

Զեկույցի համաձայն՝ միայն Ֆրանսիայում 2011թ. երկու անգամ ավելի շատ հայ է ապաստան խնդրել, քան նախորդ տարի։ «2010թ. Ֆրանսիայի իշխանությունները ստացել են 1800 հայաստանցու դիմում, մեկ տարի անց արդեն՝ ավելի քան 3600»,– փաստում է զեկույցը։ Այս ցուցանիշով հայերը Ֆրանսիայում ապաստան խնդրող տասը ազգությունների մեջ զբաղեցրել են երրորդ հորիզոնականը՝ 140 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանի և 70 միլիոն բնակչություն ունեցող Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից հետո։

Ֆրանսիայից բացի՝ նախորդ տարվա ընթացքում ապաստան խնդրող հայերի թվի աճ է արձանագրվել Ավստրիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Կանադայում։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայում ամենից հաճախ ապաստան խնդրող 40 ազգերի մեջ հայերը զբաղեցրել են 16-րդ հորիզոնականը. 2011թ. Հայաստանից եվրոպական երկրներում ապաստան է խնդրել ավելի քան 6 հազար մարդ, մեկ տարի առաջ՝ 5 հազար, աճը կազմել է 19 տոկոս։

Հարկ է նշել, սակայն, որ Եվրոպայում առավել հաճախ ապաստան խնդրող քսան ազգությունների շարքում Հայաստանն առաջինն է՝ բնակչության փոքր թվով։

Մյուս կողմից՝ անցած հինգ տարիների ընթացքում մի քանի անգամ պակասել է Հայաստանում ապաստան խնդրողների թիվը. եթե 2007թ. Հայաստանի իշխանություններից ապաստան է խնդրել 300 մարդ, ապա հաջորդող տարիների ընթացքում այդ թիվը շարունակաբար նվազել է և 2011թ. հասել 70-ի։

Ընդհանուր առմամբ, վերլուծելով համաշխարհային միտումները, զեկույցը փաստում է, որ անցած տարի՝ Արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխություններից հետո, զարգացած երկրներում ապաստան խնդրողների թիվը 20 տոկոսով ավելացել է, և Արաբական աշխարհից Եվրոպա հասած փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի։ «Վերջիններիս համար նախընտրած ուղղություններ են շարունակում մնալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան»,– փաստում է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության զեկույցը։

Մեկնաբանել