Եվրոպայի հնությանն այլևս չեն հավատում

Նորվեգիայի սուվերեն ֆոնդն ակտիվները տեղափոխում է ԱրևելքԱկտիվների ծավալով աշխարհում մեծությամբ երկրորդ սուվերեն ֆոնդը՝ նորվեգական «Նավթային ֆոնդ»-ը, հայտարարել է իր ներդրումային պորտֆելում եվրոպական պարտատոմսերի մասնաբաժնի նվազեցման և զարգացող շուկաներում ներդրումների ավելացման մտադրության մասին։ Փորձագետների կարծիքով՝ սա վկայում է եվրոպական պետպարտատոմսերի նկատմամբ ներդրողների վստահության անկման մասին՝ չնայած Եվրամիության ղեկավարության՝ պարտքային ճգնաժամի սուր փուլի ավարտի մասին հայտարարություններին։ Ի դեպ՝ նորվեգական ֆոնդի որոշումը համընկել է «կայունության եվրոպական հիմնադրամների» ծավալի մեծացման վերաբերյալ Եվրոխմբի որոշմանը։

Եվրոպայի խոշորագույն ներդրողներից մեկը համարվող «Նավթային ֆոնդ»-ի ակտիվների ընդհանուր ծավալը $610 մլրդ է։ «Ներկայում ԵՄ բաժնետոմսերում, պարտատոմսերում և անշարժ գույքի շուկայում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է ֆոնդի ներդրումների 54%-ը, սակայն բարեփոխումների արդյունքում նրանց մասնաբաժինը կնվազի մինչև 41%, այն դեպքում, երբ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ներդրումների ծավալը 11%-ից կաճի մինչև 19%»,– հայտարարել է Նորվեգիայի ֆինանսների նախարար Սիգբերն Յոնսենը՝ հավելելով, որ աշխարհում տնտեսական զարգացման մոդելը փոփոխվում է, ինչն իր արտացոլումը պետք է գտնի նաև ֆոնդի ներդրումային ռազմավարությունում։

Ֆոնդի ղեկավարության հավաստմամբ՝ պորտֆելի փոփոխությունն աստիճանական կլինի և առավելապես ֆիքսված եկամուտով արժեթղթերի և պարտատոմսերի վրա կանդրադառնա, որտեղ ԵՄ զարգացած երկրների մասնաբաժինը 60%-ից կկրճատվի մինչև 40%, իսկ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանինը 5%-ից կաճի մինչև 11%։ Ինչ վերաբերում է բաժնետոմսերին, ապա Եվրոպայի մասնաբաժինը 47%-ից կկրճատվի մինչև 38%, իսկ Ասիայինը 11%-ից կավելանա մինչև 15%։ Նշենք, որ 2011թ. տվյալներով՝ ֆոնդի եկամտաբերությունը բացասական է եղել (-2,5%), ինչը իր հերթին առիթ է հանդիսացել այս որոշման կայացման համար։ Ակնկալվում է, որ 2020թ. «Նավթային ֆոնդ»-ի ակտիվները կկազմեն $1,03 տրլն՝ ֆոնդում նավթի և գազի արտահանումից ստացվող եկամուտների կուտակմանը զուգահեռ։

Ի դեպ՝ նորվեգական սուվերեն ֆոնդի պորտֆելի դիվերսիֆիկացման մասին որոշումը համընկել է եվրոգոտու ֆինանսների նախարարների՝ Եվրոխմբի մարտի 30-ի որոշմանը՝ ավելացնելու «կայունության եվրոպական հիմնադրամների» միջոցները։ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (EFSF) և Ֆինանսական կայունության մեխանիզմի (ESM) ծավալները թեև աննշան, սակայն կընդլայնվեն։ ESM-ի ընդհանուր միջոցների ծավալը կմնա նույնը՝ €500 մլրդ։

Կմեծացվի EFSF-ի պոտենցիալ ծավալը. €102 մլրդ-ի արդեն հաստատված ծրագրերի և ֆոնդի պահուստներից բացի՝ այն կարող է ևս €200 մլրդ-ի արտակարգ ֆինանսավորում ունենալ, եթե մինչև 2014թ. այս երկու ֆոնդերի ընդհանուր միջոցները չբավարարեն։ Այդպիսով՝ ճգնաժամի դեմ պայքարի համար «Եվրամիության պահուստների» մեծացման գաղափարը, որ մերժվում էր Փարիզի և Բեռլինի կողմից, գործնականում ընդունվեց: Եվրախմբի որոշումը թույլ է տալիս ԵՄ ֆինհամակարգի կայունացման նպատակով ավելի վաղ հայտարարված գումարից ընդամենը €60 մլրդ-ով ավելի քիչ գումար ծախսել։

Հետաքրքրական է, որ ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացման մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Ճապոնիայի կենսաթոշակային ֆոնդը, որն այս պահին ամենախոշորն է աշխարհում՝ $1,5 տրլն։ Վերջինիս ներդրումների մեծ մասը, ի տարբերություն նորվեգականի, բաժին է ընկնում ներքին շուկային։

Մեկնաբանել