Ապագան գաջեթներինն է

IDC-ի կանխատեսման համաձայն՝ 2016թ., ընդհանուր առմամբ, կվաճառվի 1,84 մլրդ «խելացի սարքավորում»՝ սմարթֆոն, պլանշետ և համակարգիչ, և շուկայի՝ նախորդ տարիների աճը կշարունակվի։ Անցած տարի վաճառվել էր 916 մլն սարքավորում, իսկ 2010թ.՝ 670 մլն։

Մյուս կողմից՝ անհատական համակարգիչների լիակատար «մայրամուտի» մասին դեռ վաղ է խոսել։ Ըստ IDC-ի՝ պահանջարկ կունենան ավանդական համակարգիչները, որոնք նախագծված կլինեն х86 հարթակով։ Ակնկալվում է, որ 2016թ. այսպիսի կես միլիարդ սարքավորում կվաճառվի։ Շուկայի հիմնական շարժիչ ուժը կլինի զանգվածային անցումը Windows 8 գործառնական համակարգի նոր տարբերակին, ինչպես նաև սենսորային էկրանների մեծ պահանջարկը։

Մյուս կողմից՝ կշարունակի մեծանալ մրցակցությունը Windows-ի և գործառնական մյուս համակարգերի միջև։ Windows-ի «հին» հիմնական մրցակիցներից են ամերիկյան Apple-ի Mac OS-ը և Linux ընտանիքի գործառնական համակարգերը։ Դեռ հստակ չէ՝ ինչ տեղաշարժերի կհանգեցնի շուկայում Google-ի Chrome OS գործառնական համակարգի թողարկումը։ Google-ը պլանշետների համար հարթակների ստեղծումից երկու տարի հետո կարողացավ այս շուկայում գրավել երրորդ տեղը։ Ընկերությունը ջանքեր է գործադրում անհատական համակարգիչների շուկայում իր հաջողությունը կրկնելու ուղղությամբ։

2016թ. թվային սարքավորումների շուկայում անհատական համակարգիչների մասնաբաժինը կնվազի մինչև 25,1%՝ անցած տարվա 35,9%-ի համեմատ։

Մի շարք փորձագետների կարծիքով՝ IDC-ն կանխատեսում անելիս անտեսել է մի շարք կարևոր գործոններ։ Նախ՝ գլոբալ տնտեսությունը բավական անկայուն է, և առկա է տնտեսական ճգնաժամի կրկնման հավանականություն, ինչը, իր հերթին, բացասաբար կազդի թվային սարքավորումների վաճառքների վրա։ Բացի այդ՝ համակարգիչը և պլանշետները «երկար օգտագործման» սարքավորումներ են։ Իռլանդական StatCounter ընկերության տվյալների համաձայն՝ ներկայում Windows XP-ն աշխարհում ամենատարածված գործառնական համակարգերից է. նրանով «աշխատում» է աշխարհի համակարգիչների 34%-ը։

Հետևապես՝ 2011-2012 թթ. վաճառված շատ համակարգեր մինչև 2016-ը իրենց «աշխատունակությունը» կպահպանեն։ Եվ ի վերջո՝ IDC-ում անտեսել են հանգամանքը, որ կշարունակվի պահպանվել մրցակցային ճնշումը սարքավորումների ինչպես հին (օրինակ՝ բջջային հեռախոսների և սմարթֆոնների մրցակցությունը), այնպես էլ նոր տեսակների կողմից (օրինակ՝ սմարթ հեռուստացույցների շուկան գրավում է համաշխարհային մի շարք խոշոր արտադրողների)։

Ներքին մրցակցություն կլինի նաև սարքավորումների տարբեր տեսակների միջև։ Այսպես՝ ըստ ամերիկյան Pew Research Center ընկերության տվյալների՝ ԱՄՆ-ում յուրաքանչյուր երրորդ բնակիչն ունի ինչպես պլանշետ, այնպես էլ սմարթֆոն։ Մյուս կողմից՝ առավել առաջատար «գաջեթմենների» թիվը դեռ մեծ չէ։ Ամերիկացիների միայն 13%-ն ունի ինչպես սմաթֆոն, այնպես էլ պլանշետ և անհատական համակարգիչ։ Թեև մոտ ապագայում «գաջեթմենների» թիվը կտրուկ չի ավելանա, թվային սարքավորումների շուկան կշարունակի աճել։