Բուրգերն անցնում են եղբայրներին

Այժմ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կունենան զինվորականները, որոնք կարող են հակառակվել «Եղբայրներ»-ի այդչափ ուժեղացմանը։ Սակայն նրանց միջամտությունը կարող է կոնֆլիկտ հրահրել և հանգեցնել երկրում իրադրության հետագա ապակայունացմանը։

Աշ Շատիրը «Մուսուլման եղբայրներ»-ի անդամ է 1974-ից։ Վերջին անգամ նա ձերբակալվել էր 2006թ. և դատապարտվել յոթ տարվա ազատազրկման։ Սակայն 2011թ. հեղափոխությունից ու Մուբարաքի պաշտոնաթողությունից հետո ազատ էր արձակվել առողջական վիճակի պատճառով։

Աշ Շատիրի առաջադրման հետ կապված խնդիրն այն է, որ «Մուսուլման եղբայրներ»-ին այժմ կմեղադրեն երկրում իշխանությունը յուրացնելու մեջ. չէ՞ որ նրանք ոչ միայն համոզիչ հաղթանակ տարան խորհրդարանական ընտրություններում, այլև սալաֆիականների հետ միասին փաստացի վերահսկում են Սահմանադրական խորհուրդը, որը պետք է մշակի Եգիպտոսի նոր հիմնական օրենքը։

Հատկանշական է, որ ավելի վաղ «Մուսուլման եղբայրներ»-ը հայտարարել էին, թե նախագահական ընտրություններում իրենց թեկնածուին չեն առաջադրելու։ Ինչևէ, սա առաջին դեպքը չէ, երբ նրանք խախտում են իրենց խոստումները։ Անցյալ տարի էլ «Եղբայրներ»-ը հասարակությանը վստահեցնում էին, որ խորհրդարանական ընտրություններում միայն սահմանափակ թվով թեկնածուներ են առաջադրելու։

Տեսականորեն Աշ Շատիրի թեկնածությունը դեռևս կարող է մերժվել ընտրական հանձնաժողովի կողմից. եգիպտական օրենքներով՝ բանտային անցյալ ունեցող քաղաքացիները պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք չունեն։ Սակայն «Մուսուլման եղբայրներ»-ի ղեկավարությունը իր թեկնածուի համար քաղաքական համաներում է պահանջում։