Մեղադրվում է ինքնասպանության մեջ

Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը ժամանակի այն քիչ ղեկավարներից էր, որին սիրել է ժողովուրդը: Նա հատուկ ուշադրություն է դարձրել հայրենադարձության կազմակերպմանը, սփյուռքահայության առաջադեմ ուժերի և Սովետական Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը: Եղել է հայ մտավորականության գլխավոր պաշտպանն ու սատարողը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա 1936թ. ինքնասպանություն է գործել Թբիլիսիում, թեև ենթադրվում է, որ դա սպանություն է եղել:

Խանջյանի կյանքի վերջին օրերի և նրա մահից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին է Գարեգին Զաքոյանի նոր՝ «Մեղադրվում է ինքնասպանության մեջ» ֆիլմը: Հեղինակն օգտագործել է ընդունված ձևաչափ. ֆիլմում չկա հեղինակային խոսք, միայն փաստագրական նյութեր են, որոնք չեն շեշտադրվում հեղինակի կողմից։ Սա հանդիսատեսին ավելի օբյեկտիվ լինելու հնարավորություն է տալիս։

Ֆիլմի գլխավոր խորհրդատու, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի շնորհիվ հնարավոր է դարձել վեր հանել եզակի կադրեր և փաստաթղթեր: Զաքոյանն օգտվել է Երևանի պատմության թանգարանի, Խանջյանի զարմուհու և Գուրգեն Մահարու որդու անձնական արխիվներից:

Ֆիլմի հիմքում Խանջյանի մահվան հետաքննությանը վերաբերող փաստաթղթերն են, սակայն ֆիլմն ամենևին էլ հետաքննական չէ: Հեղինակի խոսքով՝ նման նպատակ ինքը չի հետապնդել: «Ճիշտն ասած՝ մեզ չի էլ հետաքրքրել մահվան իրական պատճառի բացահայտումը: Բոլորն այն մտքին են, ասեմ ավելին՝ շատ են ցանկանում, որ դա սպանություն լինի, այլ ոչ ինքնասպանություն, և որ մարդասպանն անձամբ ընկեր Բերիան եղած լինի: Բայց փաստաթղթերից ոչ մեկում մենք դրա ապացույցը չգտանք»,– ասում է Զաքոյանը:

Խանջյանի զարմուհու՝ հայտնի գրականագետ Նատալյա Գոնչարի կարծիքով՝ ֆիլմը ստացվել է: «Այն ցույց է տալիս, թե ինչ սարսափելի ժամանակ էր, ինչ էր կատարվում մարդկանց հետ, ինչպես էր նրանց ապականում, փոխակերպում, անբարոյացնում այդ դասակարգը, ժամանակը»,– նշում է նա:

Պրեմիերայից հետո բուռն քննարկումների թեմա դարձավ փաստաթղթերից մեկը՝ Խանջյանի արարքը «պախարակող» հայ մտավորականների կոչ-նամակը Ստալինին: «Ամոթ է», «խայտառակություն է հայ ազգի համար», «հանել է պետք» արտահայտություններին ի պատասխան՝ հեղինակը հանգիստ ասաց՝ «Էլի՞ կեղծենք պատմությունը»:

«Հենց դետալներն են խոսուն: Պատմական խրոնիկայի որոշ կադրերում, օրինակ, Ստալինը երևում է առանց ռետուշի՝ սարսափելի սպիներով: Ինչպես այն ժամանակ Ստալինի դեմքի սպիներն էին մաքրում, հանում, այնպես էլ հիմա ուզում են այս ֆիլմը գեղեցկացնել: Կարիք չկա ճշմարտությունը հանել»,– համոզված է Գոնչարը:

Փաստերը՝ փաստեր, սակայն միամտություն կլինի կարծել, որ մտավորականը, ստեղծագործողը կարող էր զերծ մնալ սեփական մոտեցումն արտահայտելուց: Գրեթե մեկ ժամ Խանջյանի նացիոնալիզմը քննադատող նյութեր ներկայացնելուց հետո՝ ֆիլմի վերջում, նա հանդիսատեսին է առաջարկում Խանջյանի մանկության ընկեր Սիրակ Սարհաջյանի հուշերը:

Դրանցում տեղ են գտել պատանի Խանջյանի՝ Վանի ինքնապաշտպանության տարիների մտորումները հայ ժողովրդի դերի, նշանակության մասին, ինչից պարզ է դառնում, որ իր ազգի շահերը գերադասող Խանջյանը արդարացի է քննադատվել բոլշևիկների կողմից: Միաժամանակ բացահայտվում է նրա նվիրվածությունն ու պատասխանատվության զգացումն իր ժողովրդի հանդեպ: Չխախտելով ձևաչափի կանոնները՝ հեղինակը վարպետորեն ձևակերպում է իր հարցը՝ կարո՞ղ է արդյոք բարոյականությունը տարբեր ժամանակներում այդքան տարբեր լինել: