Բանավեճը՝ խորթ եզր

Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հեռակա լեզվակռիվը կարծես Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգի, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների ու որակների հայելին լինի:

Փաշինյանը Ալեքսանյանին հրավիրում է հրապարակային բանավեճի, Ալեքսանյանը, թերևս քաջ գիտակցելով բանավեճի ելքը, հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանին մրցակից չի համարում և մրցակից է համարում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի աշխատակից ոմն Վարդան Վարդանյանին: Ավելին՝ Ալեքսանյանը «Երկիր» օրաթերթի հարցին, թե արդյոք նա համոզվա՞ծ է, որ հաղթելու է ընտրություններում, պատասխանել է. «Հաղթելու եմ, Փարվանայում էլ քեֆ եմ անելու, Նիկոլին էլ կանչելու եմ քեֆի, ու քանի որ լավ ա խոսում, իրան թամադա եմ դնելու»:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին երեկ հեռակա պատասխանել է Ալեքսանյանին. «Ես հասկանում եմ թեկուզ մի քանի ժամով իմ ղեկավարության ներքո գտնվելու Սամվել Ալեքսանյանի ցանկությունը, բայց կարծում եմ՝ նա պետք է յոլա գնա Սերժիկ-Սաշիկի, Սամվել Նիկոյանի կլասի մարդկանց ընկերակցությամբ: Ես Սամվել Ալեքսանյանին սպասում եմ հեռուստաբանավեճի սեղանի շուրջ, և այդ բանավեճի արդյունքում թող մարդիկ որոշեն, թե ով, ում, որտեղ դրեց» (Tert.am):

Բնական է, որ Ալեքսանյան-Փաշինյան բանավեճը սահմանափակվելու է միմյանց հասցեին հրապարակային այս «հաճոյախոսություններով», և բնական է, որ Հայաստանում որևէ գործարար-պատգամավոր պատրաստ չէ ընդունել բանավեճի որևէ մարտահրավեր: Պայքարի այդ մեթոդը խորթ է նրանց: Իսկ նրանք մարմնավորում են իշխանությունը, որը ևս բանավեճը չարիքներից մեծագույնն է համարում:

Թվերը, փաստերը, փաստարկները, ապացույցները և իրական բանավեճի համար անհրաժեշտ մյուս գործիքները իշխանությունը մարմնավորողներին մահացու վտանգավոր են թվում։ Դրանք իսկապես ցույց կտան նրանց տկարությունն ու դատարկությունը:Խնդիրը բոլորովին Սամվել Ալեքսանյան և Նիկոլ Փաշինյան անձերը չեն: Խնդիրն այն է, որ տարիների ապաշնորհ ղեկավարման արդյունքում, երբ իշխանությունը ստեղծել է քծնանքի վրա հիմնված պետական կառավարման համակարգ և չի հանդուրժել որևէ այլախոհություն թե՛ իր ներսում, թե՛ դրսում, ընդհանրապես մահացել է բանավեճի կուլտուրան:

Փաշինյան-Ալեքսանյան լեզվակռիվը խոսում է այն մասին, որ ազատ ընտրությունների համար այդքան անհրաժեշտ գործիքը՝ ընդդիմության և իշխանության միջև հրապարակային բանավեճը ծրագրերի ու գաղափարների շուրջ, տեղ չունի Հայաստանի քաղաքական օրակարգում:

Մեկնաբանել