Հանրայինը լավ չի ձմեռել

Տարեսկզբին IPO համաշխարհային շուկան  կիսով չափ կրճատվել է2012թ. 1-ին եռամսյակում բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխումների (IPO) միջոցով ներգրավված միջոցներն աշխարհում կազմել են $16,5 մլրդ, ինչը 43%-ով զիջում է 2011թ. հունվար-մարտի ցուցանիշին։ Բրիտանական Dealogic Inc վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին գրանցվել է 174 IPO գործարք՝ 2011թ. 470-ի համեմատ։

2012թ. 1-ին եռամսյակը IPO գործարքների թվով վատագույնն է 2009թ. 2-րդ եռամսյակից ի վեր, երբ արձանագրվել էր ընդամենը 163 գործարք։ Տեղաբաշխումների ծավալով ևս անցած երեք ամիսները նվազագույն ակտիվություն են դրսևորել 2009թ. 2-րդ եռամսյակից հետո, երբ գործարքների ընդհանուր ծավալը $11,4 մլրդ էր։

IPO-ի համաշխարհային շուկայի առաջատարը շարունակում է մնալ Ասիան։ Անցած երեք ամսում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, բացառությամբ Ճապոնիայի, կատարվել է $6,7 մլրդ ընդհանուր ծավալով 96 IPO գործարք՝ 2011թ. 1-ին եռամսյակի $24,8 մլրդ-ի 165 գործարքի համեմատ։ Ճապոնիայում այս ընթացքում հանրայնացվել է 8 ընկերություն, որոնց հաջողվել է ներգրավել $198 մլն։

Անցած տարի ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 7 ընկերություն՝ $206 մլն նեգրավված միջոցներով։Առաջնային հանրային տեղաբաշխումների ակտիվությունը նվազել է նաև Եվրոպայում։ Անցած երեք ամսում տարածաշրջանում կատարվել է 17 IPO գործարք՝ $3,2 մլրդ ընդհանուր ծավալով։ Համեմատության համար նշենք, որ 2011թ. եվրոպական ընկերությունները 20 տեղաբաշխումների արդյունքում ներգրավել են $11,4 մլրդ։

Ընդ որում՝ հանրային ամենախոշոր տեղաբաշխումը տեղի է ունեցել հենց Եվրոպայում. մալուխային հեռարձակման Ziggo NV նիդեռլանդական ընկերությունը ներգրավել է $1,2 մլրդ։ Տեղաբաշխման ծավալով երկրորդ տեղում կրկին եվրոպացիներն են. շվեյցարական DKSH Holding AG խորհրդատվական ընկերությանը IPO-ն $897 մլն է բերել։

Ի դեպ՝ եռամսյակային դրական դինամիկա արձանագրած շուկայի միակ հատվածը Միացյալ Նահանգներինն է։ Անցած երեք ամսում այստեղ կատարվել է առաջնային հանրային տեղաբաշխման 36 գործարք, ինչը 50%-ով գերազանցում է 2011թ. համապատասխան ցուցանիշը։ Տեղաբաշխումների ընդհանուր ծավալը կազմել է $5,5 մլրդ՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 60%-ով։

Հատկանշական է, որ հունվար-փետրվարին IPO գործարքների կեսի դեպքում բաժնետոմսերի տեղաբաշխման պաշտոնապես հայտարարված գինը զիջել է կանխատեսումներին, իսկ մարտին՝ գերազանցել շուկայի սպասումները։ Փորձագետների կարծիքով՝ դրական այս միտումը կպահպանվի, և առաջիկա ամիսներին կդիտվի ոչ միայն գործարքների թվի, այլև դրանց միջին և ընդհանուր ծավաների աճ։ Նրանք IPO ոլորտում հեռանկարային են համարում արդյունաբերական ձեռնարկությունները, ֆինանսական ծառայությունների, բարձրտեխնոլոգիական, անշարժ գույքի և «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերությունները։

Այդուհանդերձ, IPO շուկան ներկայում աչքի չի ընկնում իր ակտիվությամբ։ Ներդրողները, շուկայական բարձր անկայունության պահպանման մտավախության պայմաններում տեղաբաշխումների ժամանակ զեղչեր են պահանջում, ինչին պատրաստ չեն ընկերությունները։ Միջազգային փորձագետները ներդրողների ակտիվության վերականգնում են ակնկալում առնվազն աշնանը՝ մինչ այդ նախընտրելով ներդրումներ կատարել արդեն «հանրային պատմություն ունեցող» գործիքներում։