Արցախի դպրոցականներն ստացան Էռնեկյանի համակարգիչները

Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը սկսել է համակարգիչներ բաժանել Արցախի աշակերտներին: Հիմնադրամը 3500 համակարգիչ արդեն սկսել է հանձնել Ստեփանակերտի, Շուշիի և Քարին Տակ գյուղի առաջինից չորրորդ դասարանների բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին:

Առաջին օրը՝ ապրիլի 2-ին, համակարգիչների հանձնման արարողությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ԼՂՀ ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանը, ՆՈՒՌ ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիաս Դյուվալը:

«Սա մեր երեխաների ապագան է, այս հրաշալի գործիքի միջոցով նրանք կհասնեն մեծ բարձունքների»,– ասել է ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աշոտ Ղազարյանը:

Իսկ Դյուվալն աշակերտներին ասել է. «Մեր նպատակն այն է, որ գալիք սերունդներն արժանի կրթություն ստանան: Ուրախ ենք, որ տրամադրում ենք ձեզ այս հրաշալի գործիքը, որը ձեզ համար մեծ դռներ կբացի: Որպես գործիք՝ այն փոքր է, սակայն շատ հզոր, որի միջոցով կհասնեք մեծ բարձունքների»:

ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությունն է: 2011թ. հունվարին ԼՂՀ Կառավարության հետ ստորագրվեց համաձայնագիր, որի համաձայն՝ ՆՈՒՌ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ է տրամադրելու առաջինից չորրորդ դասարանի դպրոցականներին և նրանց ուսուցիչներին: ԼՂՀ Կառավարությունը հանձն է առել դպրոցներում ապահովել գերարագ ինտերնետ, որը ծրագրի գլխավոր ասպեկտներից է:
ՆՈՒՌ ծրագիրն իրագործվում է ՀԲԸՄ-ի հետ:

«Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը պատկերացնում է պատերազմի և տարածաշրջանային հակամարտությունների շրջանակում: Մարդիկ չեն նկատում այնտեղ ծնվող և ապրող երեխաներին: Այդ երեխաները համընդհանուր կրթություն և ինֆորմացիա ստանալու իրավունք ունեն: Մտադրություն ունեմ ՆՈՒՌ-ի միջոցով լրացնել բացը և Լեռնային Ղարաբաղի երեխաներին տալ լավագույն կրթության հնարավորություն, որն այսօր առաջարկում է աշխարհը»,– ավելի վաղ հայտարարել էր Էդուարդո էռնեկյանը: